Մանկատան նախկին սանին 4 տարվա ազատազրկում է սպառնում
13:56, May 13, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՀՀ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է մանկատան նախկին սան՝ վանաձորցի 23-ամյա Ռոման Կուդաշինի բողոքը` այդկերպ անփոփոխ թողնելով Լոռու մարզի առաջին ատյանի` 4 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ կայացրած վճիռը:
Լոռու մարզի առաջին ատյանի կայացրած դատական ակտի դեմ 23-ամյա Ռոման Կուդաշինի` վերաքննիչ բողոքը եւս մերժվել էր: Արդարության ակնկալիքով էլ նա դիմել էր վերադաս ատյան: Համաձայն մեղադրական եզրակացության` Ռոման Կուդաշինին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հունիս ամսին նախնական համաձայնության գալով Ա. Կիրակոսյանի և Տ. Մելիքջանյանի հետ, դարպասի վրայով ապօրինի մուտք են գործել «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տարածք, որտեղից գաղտնի հափշտակել են 150.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սոնի» մակնիշի երաժշտական կենտրոնը և ձայնարկիչը՝ իրենց 6 բարձրախոսներով։ Խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ, սակայն, երբ առաջին ատյանի դատարանի վճիտը անփոփոխ է մնացել, Ռոման Կուդաշինին ազատազրկում է սպառնում:
Նրա կինը` 25 ամյա Թագուհի Քոչարյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում նկատում է, որ ամուսնուն առանց որեւէ ապացույցի են դատապարտել: «Իմ ամուսնուն դատապարտել են ազատազրկման 4 տարի ժամանակով, ու առանց հիմքերի, ներքին համոզմամբ: Ապացույց չի եղել, դատարանում ոչ մի վկա չի ճանաչել իմ ամուսնուն»: Պատկան մարմիններից նա մի պահանջ ունի: «Ուղղակի ուզում եմ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունի բողոքը կամ նորից նոր նախաքննության ուղարկեն իմ ամուսնու գործը»: Թագուհի Քոչարյանը դիմում-նամակներ է ուղարկել նաեւ ՀՀ նախագահին, մարդու իրավունքների պաշտպանին, սակայն ապարդյուն: «Ես իրենից բացի ոչ ոք չունեմ, երկուսս էլ մանկատան սան ենք, ոչ ոք չունենք, ինքն էր հոգում մեր ապրուստը, եթե բանտարկեն, ըստ էության, ընտանիքս կքայքայվի»,-ասում է երիտասարդ կինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/13/242632/