Մատաղիսի գործը շարունակվում է
00:00, December 26, 2008 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք2008թ. դեկտեմբերի 25-ին Հյուսիսային քրեական դատարանում շարունակվեց Մատաղիսի գործի քննությունը:
Հիշեցնենք, որ դատարանը քննում է 23-ամյա Ռազիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի դեմ հարուցված քրեական գործը, որոնց մեղադրում են Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ: Դատը սկսվելուն պես ամբաստանյալների շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն ներկայացրեց` պահանջելով դատաքննությունը կասեցնել մինչև մարտի 1-ը ` այսինքն մինչև Սահամանադրական դատարանի կայացրած որոշման վերջնաժակետի ավարտը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահամանադրական էր ճանաչել Մատաղիսի գործով ստեղծված դատարանը ` գտնելով, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արմեն Խաչատրյանն ու Մարտին Սարոյանը իրավունք չունեն խառնվելու Հյուսիսային քրեական դատարանի գործերի մեջ: Սակայն որպես որոշման վերջնաժակետ Սահմանադրական դատարանը նշել էր մարտի 1-ը:
«Հնարավոր է, որ մինչև Սահմանադրական դատարանի որոշման վերջնաժակետը դատարանը կատարի այնպիսի քայլեր, որոնք հակասեն թե Սահմանադրությանը, թե ամբաստանյալների շահերին: Այս դատարանով ձեռք բերված ապացույցները չեն համապատասխանում մեր Սահմանադրությանը և միջազգային նորմերին: Ուստիև միջնորդում են դատաքննությունը կասեցնել մինչև մարտի մեկը», -ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Սակայն դատարանը մերժեց նրա միջնորդությունը ` նշելով, որ իրենք պատրաստ են ողջամիտ ժամկետում ավարտել գործը:
Փաստաբանը ստիպված եղավ ներկայացնել երկրորդ միջնորդությունը ` պահանջելով միջնորդությունը նույն հիմքով երկարաձգել, այսինքն դատաքննությունը հետաձգել մինչև մարտի 1-ը, և դատալսումները սկսել դրանից հետո: Սա ևս մերժվեց: Փաստաբանի ներկայացրած միջնորդություններին դեմ արտահայտվեց նաև սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը ` Մովսես Մկրտումյանը , ով ասաց, որ իրեն ձեռնտու չէ դատի ձգձգվելը: «Ամեն օր էլ թող դատ լինի, ես պատրաստ եմ Նոր Տարի էլ չանելու»- հայտնեց նա: Ի դեպ վերջինս ևս երկու միջնոդություններ ներկայացրեց դատարանին` խնդրելով որպես վկա գործին ներգրավվել որոշ անձանց, ովքեր որոշակի տեղեկություն կամ որևէ ձևով կապ ունեն իր որդու սպանության հետ և ընդունել իր ներկայացրած ապացույցները, որոնք հաստատում են, որ իր որդուն սպանել են ոչ թե 2003թ-ի դեկտեմբերի 24-ին, այլ 2004 թ-ի` հունվարի 7-ին կամ 8-ին: «Իմ մատնանշած փաստերը, այն է ` տղայիս ծոցագրպանից հանած բլոկնոտը, նամակը, նրա վրայի թարմ արյան հետքերը ապացուցում են, որ նա թարմ դիակ է եղել, և սպանության օրը ստում են: Բազամաթիվ փորձաքննություններ են եղել, բայց մատնանշած փաստերը երբեք հաշվի չեն առել: Խնդրում եմ ապացույցները կցել գործին»,- ասաց տուժողի իրավահաջորդը: Դատարանը նրա երկու միջնորդություններն էլ ընդունեց, սակայն թողեց առանց քննության: Դատը հետաձգվեց մինչև 2009թ. հունվարի 10 –ը: