Մատաղիսի գործով առաջին նիստը հետաձգվեց
00:00, July 4, 2008 | Արդար դատաքննության իրավունք2008թ. հուլիսի 4-ին ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում վերսկսված Մատաղիսի գործի քննության առաջին նիստը հետաձգվեց:
«Դատարանից խնդրում եմ դատական նիստում ապահովել մեր փաստաբանների ներկայությունը»-հայտարարեց Արայիկ Զալյանը:
Ամբաստանյալ Արայիկ Զալյանի միջնորդությունը Հյուսիսային քրեական դատարանը բավարարեց և դատաքննությունը հետաձգվեց մինչև 2008թ. հուլիսի 17-ը, ժամը 12:00-ն:
Մատաղիսի գործով շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանը և Ստեփան Ոսկանյանը, դատարան չեն ներկայացել, քանի որ դատարանի կողմից պատշաճ ծանուցում չեն ստացել:
Հյուսիսային քրեական դատարանում Մատաղիսի գործը քննվում է կոլեգիալության սկզբունքով՝ դատավորներ Հարություն Մովսեսյանի /նախագահ/, Վոլոդյա Ղազարյանի
և Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ:
Առաջին նիստի ժամանակ, այնուամենայնիվ, բացահայտվեցին գործում եղած նյութերի և ամբաստանյալների հրապարակած տեղեկությունների որոշակի անհամապատասխանելիություններ:
Ամբաստանյալներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի հայտարարությամբ՝ նրանց ձերբակալել են 2004թ. ապրիլի 19-ին ոչ օրինական կարգով:
Ձերբակալման համար դատարանի համապատասխան որոշում չի կայացվել, սակայն նրանց տեղափոխել են Մարտակերտի կայազորի տուն, այնուհետև Ստեփանակերտի կայազորի տուն:
Գործի նյութերում, սակայն, ձերբակալման ժամկետ է նշվել 2004թ. ապրիլի 24-ը:
«Սա միակ խախտումը չէ»,-նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա համոզմամբ՝ Մատաղիսի գործի վերաբերյալ նոր մեղադրանք նույն անձանց նկատմամբ առհասարակ չէր կարող առաջադրվել:
«ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել գործը նոր նախաքննության ուղարկելու վերաբերյալ: ՀՀ Սահմանադրական դատարանի 2007թ. հուլիսի 24-ի 710 որոշման համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելով՝ դատարանը դուրս է գալիս դատավարությունում անկողմնակալ իր դերի շրջանակներից: Դատարանը նաև կողմերի միջև հավասարության նժարը խախտում է ի շահ մեղադրանքի կողմի՝ խախտելով անձի դատական և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը»: