Մարդու իրավունքների մոնիթորինգ ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում
00:00, August 9, 2010 | Ոստիկանություն2010 թ. օգոստոսի 1-7-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Մարդու իրավունքների մոնիթորինգ ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում» թեմայով յոթօրյա դասընթաց:
Դասընթացի նպատակն էր ուսուցանել մոնիթորինգի սկզբունքները եւ մշակել իրականացման գործիքները:
Դասընթացին մասնակցում էին երիտասարդ իրավապաշտպաններ եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից եւ Հարավային Օսեթիայից:
Դասընթացի սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի գաղափարը եւ դասընթացի նպատակը՝ կարեւորելով քաղաքացիական հասարակության կառուցման գործում երիտասարդ իրավապաշտպանների ներդրումը:
Դասընթացը վարում էին Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի (Վարշավա, Լեհաստան) դասընթացավարներ – փորձագետներ Յարոսլավ Կոպժուկը եւ Ալինա Զոֆիա Պոմորսկան:
Յոթօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ոստիկանություն – քաղաքացի հարաբերություններում մոնիթորինգի կոնցեպցիան, դրա առարկան, նպատակը եւ խնդիրները, վերահսկողության բնագավառում կիրառվող մեթոդներն ու գործիքները:
Դասընթացի բոլոր թեմաները ներկայացվեցին դասախոսությունների եւ գործնական աշխատանքների միջոցով:
Մասնակիցներն ուսումնասիրեցին հանդուրժողականություն, մարդու իրավունքներ, մարդու եւ իշխանության միջեւ ուղղահայաց հարաբերություններ, իրավական պետություն, ժողովրդավարություն հասկացությունները, ինչպես նաեւ ներկայացվեց եւ ուսումնասիրվեց իրավունք եւ ազատություն հասկացությունների տարբերությունները, հատուկ ուշադրություն դարձվեց կյանքի իրավունքին /օր.՝ կյանքի իրավունքի եւ ինքնասպանության, էֆտանազիայի եւ մահապատժի հասկացությունների հարաբերությունները, կյանքի իրավունքի պաշտպանությանը պատերազմի ժամանակ եւ այլն/: Ներկայացվեցին նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների աղբյուրները եւ մարդու իրավունքների միջազգային պաշտպանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական խորհրդի շրջանակներում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեխանիզմներին, իսկ գործնական աշխատանքների ընթացքում խմբային աշխատանքների միջոցով մշակվեցին եւ փորձարկվեցին մոնիթորինգի իրականացման նախնական գործիքները:
Մասնակիցները ծանոթացան մոնիթորինգի կոնցեպցիային եւ մոնիթորինգի ընթացքում տեղեկատվության հավաքագրման տեխնիկային եւ մեթոդներին:
Դասընթացի մասնակիցներից յուրաքանչյուրը կիրականացնի մոնիթորինգ իր բնակավայրում սույն թվականի սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների ընթացքում: Վերջնական զեկույցը, որը կամբողջացվի 4 ամիսների ընթացքում կատարված մոնիթորինգը, կազմակերպության կողմից կտպագրվի հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով եւ կտեղադրվի կազմակերպության էլեկտրոնային էջում:
«Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագիրն իրականացվում է National Endowment for Democracy (NED) (Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդ) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: