Մարդու իրավունքների պաշտպանը այցելեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
00:00, November 13, 2009 | Մամլո հաղորդագրություններ2009 թ. նոյեմբերի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի` Արմեն Հարությունյանի և Վանաձորի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա նաև տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ մարզում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներ տալ դրանց:
Վանաձորի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպմանը ներկայացրեցին մի շարք խախտումներ, որոնք թեև բնորոշ են ողջ հանրապետությանը, բայց անհանգստացնում են նաև վանաձորցիներին:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ներկայացվող խնդիրների թվում նշվեցին Վանաձորում ընթացող շինարարական աշխատանքները, որոնց մասին տեղական իշխանությունները, համաձայն օրենքի, քաղաքացիներին չեն տեղեկացնում:
Վանաձորցիներին անհանգստացնում են ոչ միայն քաղաքաշինական խախտումները, այլ նաև իրավապահ մարմինների կողմից մարդու իրավունքների խախտումները, որոնց մասին խոսեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանին անհանգստացնում է նաև թմրամիջոց գործածողների իրավունքների խախտումները: Թմրամիջոցից կախում ունեցող քաղաքացիները հաճախ նարկոլոգիական ծառայությանը չեն դիմում, քանի որ դրանից հետո հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում: Եթե թմրամիջոց գործածելն այլևս հանցագործություն չէ, ապա նույնը չի կարելի ասել թմրամիջոց պահելու մասին:
Վանաձորցիների հաջորդ, ոչ պակաս մտահոգությունը զորակոչին է առնչվում: Լոռու մարզում զորակոչի տարիքի երիտասարդների կողմից ներկայացվող տվյալների համաձայն՝ նրանց մոտ կեսը հիվանդ է և զինվորական ծառայության համար ոչ պիտանի:
”Ոսկե միջին” հասարակական կազմակերպության անդամն էլ անհանգստացած էր Վանաձորի կարի ֆաբրիկաներում աշխատողների իրավունքների խախտումներով՝ սկսած աշխատանքային պայմաններից մինչև աշխատավարձի չափը:
Վանաձորցիներին մտահոգում էր նաև երեխաների իրավունքների խախտումները, հատկապես հատուկ հաստատություններում:
Հանդիպման վերջում Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ ուսումնասիրել բարձրացված հարցերը և իր իրավասության շրջանակներում լուծում տալ դրանց:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հանդիպումներ են ունենալու մարզային ու քաղաքային իշխանությունների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վեր հանած խնդիրները: