«Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» թեմայի շուրջ քննարկում, զեկույցների ներկայացում
18:05, April 9, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Ոստիկանություն2014 թ. ապրիլի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրեց կազմակերպության կողմից 2010-2013 թթ. իրականացված ուսումնասիրութունների արդյունքում պատրաստված «Մարդու իրավունքների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» և «Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը ՀՀ հյուսիսային մարզերում» զեկույցները և «Դեկտեմբերի 2 թղթապանակ» տեսահաշվետվությունը: Միջոցառմանը մասնակցեցին տեղական և միջազգային կազմակերպությունների, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և քաղաքացիական ակտիվիստներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և իրավաբան Անի Չատինյանը ներկայացրեցին «Մարդու իրավունքների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» զեկույցը:
Արթուր Սաքունցը ներկայացրեց ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու, անձնական և բնակարանի խուզարկության, ինչպես նաև ձերբակալության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման վիճակը:
Ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրությունն իրականացվել է վեց փաստաբանների կողմից 2011-2013 թթ. փաստաբանական գործունեության ընթացքում արձանագրված տեղեկատվության ամփոփման միջոցով:
Փաստաբանների կողմից կազմակերպությանը ներկայացված 69 գործերից խախտումներ արձանագրվել են 52 գործերով, որը կազմում է ներկայացված գործերի մոտ 75 %-ը: Նշված 52 գործերով արձանագրվել են թվով 177 խախտումներ` բերման ենթարկելու, խուզարկության և ձերբակալության ընթացքում:
Միջին հաշվով մեկ գործի շրջանակում արձանագրվել է առնվազն 3 խախտում, բացառությամբ այն գործերի, որոնցով փաստաբանը ներգրավված է եղել ի սկզբանե: Մարդու իրավունքների խախտումների գերակշիռ մասը (83 խախտումներից 51-ը) պայմանավորված են եղել բերման ենթարկելու սահմանված կարգի խախտումներով:
Անի Չատինյանը ներկայացրեց 2011-2013 թթ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրված իրավական աջակցության արդյունքում արձանագրված մարդու իրավունքների խախտման դեպքերը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում: Իրավաբանը նշեց, որ քաղաքացիները հիմնականում դիմում են ոստիկանության բաժիններում վատ վերաբերմունքի, բերման ենթարկելու և խուզարկություն կատարելու ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումների դեպքերով: Նշված դեպքերով կազմակեպության կողմից հանցագործության մասին հաղորդման հիման վրա, որպես կանոն, ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կայացվում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հիմնականում հիմք ընդունելով ոստիկանության աշխատակիցներից վերցված բացատրությունները: Լավագույն դեպքում հանցագործության մասին հաղորդման հիման վրա իրականացվում է ծառայողական քննություն, որն ավարտվում է եզրակացությամբ այն մասին, որ ոստիկանության աշխատակիցների գործողություններով որևէ անձի իրավունքների և ազատությունների խախտում թույլ չի տրվել: 2010-2013 թթ. միայն մեկ գործի շրջանակներում իրականացված ծառայողական քննությունն է ավարտվել ոստիկանության աշխատակցին նկատողություն հայտարարելով:
Ըստ Ա. Չատինյանի՝ ոստիկանություն-քաղաքացի հարաբերությունները խոցելի են, քանի որ շատ դեպքերում անձինք ուղղակի վախենում են ոստիկանության հաշվեհարդարից և չեն բարձրաձայնում ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց իրավունքները խախտելու վերաբերյալ կամ դրանց մասին բարձրաձայնելուց հետո՝ ճնշումների ազդեցության տակ հրաժարվում են դրանցից:
«Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը ՀՀ հյուսիսային մարզերում» սոցիոլոգիական հետազոտության փորձագետ, սոցիոլոգ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները:
Փորձագետը նշեց, որ ըստ ուսումնասիրության արդյունքների՝ իրավապահ մարմինների (ոստիկանություն, դատարաններ, դատախազություն) կամայականության ընդհանուր համաթիվը կազմում է («-7,9»), որը վկայում է իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինությունների առկայության մասին:
Միջոցառումն ամփոփվեց «Դեկտեմբերի 2 Թղթապանակ» ֆիլմի ցուցադրմամբ, որին հաջորդեց թեմայի վերաբերյալ բուռն քննարկում:
Ֆիլմը տեսահաշվետվություն է 2013 թ. դեկտեմբերի 2-ին արտոնագրված խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ ոստիկանության ապօրինի գործողությունների, բռնությունների վերաբերյալ: Ֆիլմի հեղինակն է լրագրող Թեհմինե Ենոքյանը: Ֆիլմը պատրաստվել է 20 լրատվամիջոցներից հավաքված տեսանյութերի հիման վրա, որն ապահովում է դեկտեմբերի 2-ի դեպքերի բազմակողմանի լուսաբանումը:
Ֆիլմի ցուցադրությունից հետո ծավալված քննարկման ընթացքում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փորձագետը կարծիք հայտնեց, որ ոստիկան-քաղաքացի հարաբերություններում մարդու իրավունքների խախտումների հիմնական պատճառը քաղաքացիների ցածր իրավագիտակցությունն է՝ հատկապես գյուղական համայքներում և կազմակերպությունը պետք է զբաղվի քաղաքացիների իրավական գիտելիքների բարձրացմամբ: Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիսների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հակադարձեց՝ նշելով, որ իրեն և 10 ցուցարարների 2012 թ. սեպտեմբերի 21-ին բերման ենթարկեցին միայն Հայաստանի դրոշը կրելու և ՀՀ անկախության օրվան նվիրված շքերթին ՌԴ դրոշի առկայության դեմ բողոքելու համար: Այսինքն՝ իր իրազեկվածությունն ու բարձր իրավագիտակցությունը չփրկեցին ոստիկանության ապօրինի գործողություններից (ոստիկանության ապօրինիգործողությունները ապացուցվել են դատական կարգով):
Տեղեկացնենք, որ զեկույցները պատրաստվել են 2010-2013 թթ. իրականացված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագրի» շրջանակներում՝ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: «Դեկտեմբերի 2 Թղթապանակ» տեսահաշվետվությունը պատրաստվել է Սիգրիդ Ռոզինգ Թրասթ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: