Մարդու իրավունքների վիճակը Վանաձորում
00:00, December 13, 2006 | Քննարկումներ2006թ. դեկտեմբերի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված քննարկում:
Քննարկման նպատակն էր ներկայացնել մարդու իրավունքների վիճակը Վանաձորում:
Քննարկմանը մասնակցում էին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համառոտ ներկայացրեց 1948թ դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի ընդունած «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» էությունը և նրա ընդունման ու նրա դրույթների կիրառումն ապահովելու անհրաժեշտությունը: Նա նշեց, որ հետագայում այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ ևս մարդու իրավունքներն ամրագրող փաստաթղթեր մշակեցին:
Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի կողմից մշակվեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան՝ կից արձանագրություններով: Կոնվենցիան վավերացնող պետությունները, փաստորեն, իրենց վրա պարտավորություն են վերցնում կատարել նրա դրույթները:
Արթուր Սաքունցը ներկայացրեց, որ 2006թ ընթացքում իրենց իրավունքների պաշտպանության հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել 362 քաղաքացի: Քաղաքացիների խնդիրները հիմնականում կապված էին արդար դատաքննության, սեփականության, բնակարանային, տեղեկատվություն ստանալու, կրթության, սոցիալական, աշխատանքային իրավունքների, ինչպես նաև մենաշնորհ կամ գերիշխող դիրք (ջրամատակարար, գազամատակարար, կապի ապահովման կազմակերպություններ) ունեցող կազմակերպությունների հետ:
Բոլոր քաղաքացիները ստացել են համապատասխան իրավախորհրդատվություն: Գրասենյակի իրավաբանը 54 քաղաքացիական գործով մասնակցել է քաղաքացիների շահերի պաշտպանությանը «Ցանկացած անձի իրավունքի որևէ խախտում պետք է դիտել որպես տվյալ պետության բոլոր քաղաքացիների իրավունքներ խախտում, քանի որ դա վկայում է մարդու իրավունքի պաշտպանության համակարգի անկատարության մասին», – նշեց Ա. Սաքունցը:
Ներկաները համաձայնեցին, որ մարդու իրվունքների պաշտպանության համար շատ կարևոր է իրավագիտակցության բարձրացումը, քանզի, ինչպես տեղին նկատեց Ա. Սաքունցը, «Խախտումը կանխելու ամենաառաջին քայլը պետք է լինի հասարակության իրազեկումը»:
Վերջինս առաջարկեց հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին համագործակցել առաջիկա ընտրությունների ժամանակ՝ կատարելու դիտորդական առաքելություն: