Մարտի մեկի բացահայտման բանալին` մեկ մարդու ձեռքին
10:18, May 23, 2013 | Նորություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունԱյս քառօրյա նիստում Ազգային ժողովը դեմ քվեարկեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ՀԱԿ խմբակցության նախագծին: Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ:
-Պարոն Սաքունց, ինչպես ասում են ՀԱԿ ներկայացուցիչները` իշխանության հետ պայմանավորվածություն է եղել, որ կողմ կքվեարկեն նախագծին: Ի՞նչ էր նշանակում իշխանության այդ քայլը, երբ հույսով արեց, բայց դեմ քվեարկեց:
-Ես ի սկզբանե էլ վերապահում ունեի, որ կարող է իշխանությունը գնա մի այնպիսի թեմայով հանձնաժողովի ստեղծմանը, որում ուղղակիորեն պատասխանատվություն ունի: Էն ժամանակ պաշտոնատար անձանցից շատերը, որոնք ներկայումս էլ պաշտոնավարում են, Սերժ Սարգսյանը` որ էն ժամանակ վարչապետ էր, իսկ մինչ այդ` ազգային անվտանգության և ներքին գործերի նախարար, Հայկ Հարությունյանը, որն այն ժամանակ ոստիկանապետ էր, հիմա` քրեակատարողական վարչության պետն է, էն ժամանակ նույն Սեյրան Օհանյանը, որն այժմ պաշտպանության նախարար է, այն ժամանակ գլխավոր շտաբի պետն էր, Միքայել Հարությունյանը, որը հիմա գլխավոր ռազմական տեսուչն է, ազգային անվտանգության նախարար Գորիկ Հակոբյանը, որն այն ժամանակ էլ էր ազգային անվտանգության ծառայության պետ էր, հիմա էլ… Իհարկե` նաև որոշ պաշտոնատար անձինք նախկին` Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան, որոնք, ճիշտ է, պաշտոնատար անձինք չեն այլևս, բայց դեռևս քաղաքական դաշտում են: Նույնպես` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը… Նրանք պատշաճ քննություն չկատարեցին, չհարցաքննեցին պաշտոնատար անձանց, որոնք ի պաշտոնե պետք է այդ գործողություններն իրականացնեին, գործառույթներ իրականացնեին` կանխելու Մարտի 1-ի իրադարձությունները, զինված ուժերի օգտագործումը, արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրին անդրադառնալու մասին… Դրա համար ես վերապահումներ ունեի, որ ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը կհամաձայնի, պարզապես շատ լավ օգտագործեցին, որ նախագահական ընտրությունների նախընտրական փուլում հարցը չդառնա շահարկման, քաղաքական քննարկման առարկա:
-Այսինքն` Դուք բացառո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Մարտի 1-ը կբացահայտվի և մեղավորները կստանան արժանի պատիժ:
-Միայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտնի, որ ինքը` որպես այն ժամանակվա ՀՀ վարչապետ, դրսևորում է քաղաքական կամք, և անմիջականորեն է հանձնարարում գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայությանը, որ պետք է բացահայտվի դեպքը, և ինքը առաջինը վկայություն է տալիս ամեն ինչ իր իմացած մասին:
-Իրատեսական համարո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը կգնա նման քայլի:
-Ես ի սկզբանե ասացի, որ խիստ կասկածում եմ, եթե չասեմ, որ բացառում եմ: Երբ հարց տվեցիք` իսկ հնարավո՞ր է, ես ասացի, որ հնարավորության միայն մեկ տարբերակ կա` իմ նշած տարբերակը: Հիմա դա արդյո՞ք կարող է լինի: Ես ասում եմ` այդ հնարավորությունը կարող է լինել: Ես ասում եմ նաև, թե որ դեպքում կարող է այդ հնարավորությունը լինել` երբ ինքը (Սերժ Սարգսյանը-հեղ.) գնա և այդ բացատրությունը տա: Այսինքն` ես ուզում եմ ասել, որ Մարտի 1-ի հանցագործության բացահայտման բանալին և հնարավորությունը 1 մարդու ձեռքին է, և այդ մարդը Սերժ Սարգսյանն է:
-Գալուստ Սահակյանը հայտարարում էր, որ մարտի 1-ի մեղավորը կազմակերպիչներն են, իսկ իշխանությունները պարզապես պատասխանատվություն են կրում: Այս մասին ի՞նչ կասեք:
-Գալուստ Սահակյանը շատ կարճ հիշողություն ունի ամենայն հավանականությամբ: Նախ առաջին` արտակարգ դրություն ոչ թե կազմակերպիչները, այլ հենց անմիջապես Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց` որպես հանրապետության նախագահ: Արտակարգ դրության հայտարարման մասին հրամանագիրը` ապօրինի հրամանագիրը, որտեղ բացակայում էր «Արտակարգ դրության մասին» օրենքը, որը հետո ընդունվեց: Կազմակերպիչներ ասելով ո՞ւմ նկատի ունի: Զինված ստորաբաժանումներին իրենց գտնվելու մշտական տեղակայման վայրից դուրս գալու հրաման կարող էր միայն տալ գերագույն գլխավոր հրամանատարը կամ պաշտպանության նախարարը` այսինքն` էն ժամանակ` Ռոբերտ Քոչարյանն ու Միքայել Հարությունյանը: ՌՈ ստորաբաժանումների ներգրավումը խաղաղ ցուցարարների նկատմամբ նույնպես կարող էր կատարվել անմիջապես նշված անձանց հրահանգի կամ անմիջական ռազմական ոստիկանության պետի կողմից, որպիսին ներկայիս ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանն է, որին պետք է նույնպես հարցաքննեն և բացատրություն տա Մարտի 1-ի իրադարձությունների մասին: Այսինքն` կազմակերպիչ ասածը եթե նկատի ունի իշխանության լծակները տիրապետած անձանց, դա, բնականաբար, վերաբերում է նրանց: Իսկ եթե կազմակերպիչներ ասելով նկատի ունի չգիտեմ ում, ընդդիմությանը, ապա նա չարաչար սխալվում է, որովհետև ընդդիմության որևէ ներկայացուցիչ լիազորություն չունի և չէր էլ կարող ունենալ հրահանգներ տալ, որպեսզի քաղաքացիների նկատմամբ օգտագործվեր զենք, այն էլ` հրաձիգ: Ավելին` պետք է նաև պատասխանի, թե ինչպես եղավ, որ Ղարաբաղից նաև զինված ստորաբաժանումներ բերվեցին: Դա չէր կարող ընդդիմությունն անել:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/march-1-artur-saqunc.html