Մարտի 1-ը շարունակվում է մինչեւ հիմա
17:01, March 1, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, մարտի 1-ը շարունակվում է մինչեւ հիմա: Այդ օրը տեղի ունեցածը իրավապաշտպանը որակում է ՀՀ-ի իշխանության բռնի զավթում Ռոբերտ Քոչարյանի եւ իր խմբի կողմից՝ օգտագործելով բոլոր ուժային ռեսուրսները՝ բանակը, ոստիկանությունը Ռազմական ոստիկանությունը, եւ այն ուժային կառույցները, որոնք գոյություն ունեն եւ կարող են օգտագործվել որպես բռնության միջոց. ՙ«Սահմանադրական կարգի տապալում եւ իշխանության բռնի զավթում: Պաշտոնական տվյալով, բռնությունների հետեւանքով 10 մարդ մահացավ՝ չնայած, ես համոզված եմ, որ այդ բռնությունների վիրավորները՝ մարմնական վնասվածք ստացած քաղաքացիները, դրանից հետո մահացել են: Առնվազն մեկի մասին ես տեղեկություն ունեմ: Զոհերի թիվը շատ ավելի մեծ է: Իրավական տեսակետից դա մարդկության դեմ հանցագործություն է: Սահմանադրական կարգի բռնի տապալում, իշխանության զավթում և մարդկության դեմ հանցագործության կատարում: Պետություն հասկացողությունը, այսինքն՝ իրավական պետությունը ինքնին ամբողջովին վերացավ, եւ մինչև հիմա այդ ճգնաժամը կա, որովհետև պետության նկատմամբ վերաբերմունքը՝ պետություն-քաղաքացի հարթությունից տեղափոխվեց կլան-քաղաքացի հարաբերության: Այսինքն՝ քաղաքացին վերանում է որպես այդպիսին, երբ որ ինչ-որ մի հանցագործ խումբ զավթում է իշխանությունը եւ ասում է՝ պետությունը ես եմ՝ սկսելով իրականացնել պետական գործառույթներ»:
Ա. Սաքունցը ՀՀ-ում տեղի ունեցածը համեմատում է Աֆղանստանում Թալիբանի գործողությունների հետ, երբ Թալիբանը իրականացնում էր իշխանության գործառույթները, ոչնչացնում էր մշակութային արժեքները, մարդկանց՝ ըստ իրենց քաղաքական, կրոնական, սեռային հայացքների պատկանելիության: Այս ամենի տիպիկ արտահայտությունը վերագտավ Հայաստանում՝ եղավ պետական ունեցվածքի փոշիացում, յուրացում և վաճառքը, հանձնումը օտար երկրների. «Չկա որեւէ մի գործարք, որի հիմքում ընկած լինի պետական շահը կամ քաղաքացիների շահը՝ հանձինս մեր երկրի՝ Մաքսային միությանն անդամակցելու եւ «Գազպրոմին» վերջին 20 տոկոսի տրամադրումը: Մարտի 1-ը շարունակվում է մինչեւ հիմա, քանի դեռ իրավական գնահատական չի ստացել եւ հանցագործությունները շարունակվում են: Եւ հանցագործություն կատարողը, եւ հանցագործության հրաման տվողները եւ հանցագործություն կոծկողները շարունակում են հարցազրույցներ տալ, շարունակում են հանդես գալ որպես իշխանության որեւէ կառույցի ներկայացուցիչ»,- նշում է Ա. Սաքունցը:
Ըստ նրա, մարտի 1-ի իրավական գնահատականը արդեն կենսական նշանակություն ունի՝ ՀՀ-ն որպես պետություն կամ քաղաքացին որպես ՀՀ-ի քաղաքացի պահպանելու տեսակետից: Մարտի 1-ից հետո ունեցած դասերի եւ հետեւանքների մասին խոսելիս՝ նա կարեւորում է Մայդանի գործողությունները. «Մայդանը մեզ տվեց դասեր, թե ինչպես պետք է վարվել պետության եւ քաղաքացու դեմ հանցագործ գործողություններ իրականացնողների հետ, որը, ցավոք սրտի, մարտի 1-ին ձախողվեց: Մարտի 1-ի լավագույն դասն այն էր, որ նման հանցագործությունների նկատմամբ չի կարելի անտարբեր մնալ: Նման հանցագործությունների պարագայում, քաղաքականություն ասվածը բովանդակազուրկ է դառնում, քանի դեռ այդ խոշոր հանցագործությունները մնում են չդատապարտված եւ առանց իրավական գնահատականի»,- հետևանքների մասին խոսելիս՝ ասում է Ա.Սաքունցը:
Իրավապաշտպանը կարծում է, որ սահմանադրական կարգի ոչնչացումը եւ իշխանության ու պետության գործառույթների բռնազավթումը ամենածանր հանցագործությունն է, որը կարող է կատարել որեւէ խմբավորում՝ քաղաքացու եւ պետության նկատմամբ: Այս գործողությունները չդատապարտելը բերում է այդ պետության վերացմանը եւ ոչնչացմանը. «Եթե դու մնում ես անտարբեր՝ նման հանցագործության նկատմամբ, կամք չես դրսեւորում, ապա այդ հանցագործությունը քաղցկեղի նման ուտելու է մինչեւ վերջին ռեսուրսները: Լավագույն դասը մեզ տվեց Մայդանը, որն առնվազն ընդվզման առումով ցույց տվեց, որ դա այնպիսի ծանր հանցագործություն է, որի կասեցումը նույնպես ծանր է լինում: Նման հանցագործությունները դժվար են եւ բացահայտվում, եւ կասեցվում: Ցավոք սրտի, կարող են նաեւ զոհեր լինել, որովհետեւ հանցագործություն կատարածները դժվար են հանձնվում արդարադատությանը»,- ասում է Ա. Սաքունցը:
Աղբյուրը` http://www.asparez.am/news-hy/marti_mek_sharunakvume-hy/?fb_action_ids=645278872176341&fb_action_types=og.likes&fb_source=other_multiline&action_object_map=%5B1402649556662535%5D&action_type_map=%5B%22og.likes%22%5D&action_ref_map=%5B%5D