Մարտի 9-ին տեղի ունեցած համայնքային ընտրությունների ամփոփում
18:01, March 10, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք2013 թ. մարտի 9-ին Լոռու, Տավուշի, Շիրակի և մի շարք այլ մարզերի համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում համագործակցելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքի Եվրոպա Միավորում ՀԿ-ի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ, դիտորդություն իրականացրեցին Լոռու մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Մարց, Տավուշի մարզի Հովք և Շիրակի մարզի Բասեն համայնքներում:
Ամփոփելով քվեարկության օրվա գործընթացները կարող ենք արձանագրել, որ համայնքներում մրցակցությունը հիմնականում թույլ է, իսկ ընտրությունը կատարվում է կլանային հարաբերությունների հիման վրա:
Ընտրական օրը շրջադարձային կարելի է համարել Տավուշի մարզի Հովք համայնքի համար: 318 ընտրելու իրավունք ունեցող բնակիչներից ընտրությանը մասնակցեցին 236-ը (ընտրողների 74.2%): Արդեն 18 տարի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Յուրիկ Ցուգունյանը պարտվեց այս ընտրություններում: 125/99 հարաբերակցությամբ ընտրվեց առաջին անգամ առաջադրվող Գրիգոր Գևորգյանը: Ավագանու կազմում նույնպես փոփոխություն եղավ՝ ավագանու կազմում ընտրվեց Մխիթար Մակունցը: Դիտորդներն այս տեղամասում արձանագրեցին գործող համայնքապետի վստահված անձի կողմից ընտրողների ուղղորդման և տեղամասում նրանց կուտակումների դեպքեր: 20 ընտրող (բոլոր ընտրողների 8.4%) ինքնուրույն քվեարկել չէին կարող և նրանց օգնություն տրամադրելու կարիք եղավ:
Լոռու մարզի Դեբետ համայնքում 646 ընտրողներից ընտրությանը մասնակցեցին 498-ը (ընտրողների 77% ): Համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց անկուսակցական Արարատ Քոչարյանը: 252/234 հարաբերակցությամբ ՀՀԿ-ական Գարիկ Նազլուղանյանը պարտվեց: Դիտորդները որպես ընտրախախտում արձանագրել են ընտրատեղամասում և հարակից հատվածում ընտրողների կուտակումները:
Լոռու մարզի Լեռնավան համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեժ մրցակցություն է ծավալվել՝ առաջադրվել էր 4 թեկնածու՝ 2 ՀՀԿ-ական և 2 անկուսակցական: Լեռնավանում 1186 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 870-ը (ընտրողների 73.3%): 502 ձայնով համայնքի ղեկավար է վերընտրվել անկուսակցական Վաչագան Վարդանյանը: Լեռնավանում նույնպես արձանագրվել են ընտրախախտումներ, մասնավորապես՝ ընտրողների ցուցակները փակցված են եղել քվեարկության սենյակի ներսում, այս խախտման պատճառով տեղամասում առաջացել են կուտակումներ: Այս տեղամասում շատ են եղել օգնության կարիք ունեցող ընտրողները (60-ից ավելի ընտրող, ընտրողների մոտ 7%-ը):
Լոռու մարզի Դարպաս համայնքում (ընտրողների թիվը 1500, ընտրությանը մասնակցողների թիվը 913՝ մասնակցությունը 60.8%) համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր 3 թեկնածու՝ այդ թվում նախկին գյուղապետը և գործող գյուղապետը: Տեղամասի շրջակայքում և տեղամասի ներսում գրեթե մշտապես եղել են կուտակումներ, նկատվել է քաղաքացիների ուղղորդում և տեղափոխում գործող գյուղապետի օգտին: Նկատելիորեն շատ են եղել կողմնակի օգնությամբ քվեարկողները՝ 54 ընտրող, որոնցից մի քանիսի դեպքում ակնհայտ է եղել, որ անձը օգնության կարիք չունի: Մի շարք դեպքերում որպես օգնող ներկայացել են անձինք, որոնք տարբեր ժամերի հանդես են եկել որպես այս կամ այն թեկնածուի վստահված անձ, սակայն հանձնաժողովը նրանց թույլատրել է օգնել ընտրողին՝ պատճառաբանելով, որ հենց այդ պահին վստահված անձը գրանցված չի եղել որպես այդպիսին: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգ է ստացվել նախկին գյուղապետ, գյուղապետի թեկնածու Համլետ Ավագյանից, ով հայտնել է, որ մեքենաներով գյուղապետարան են բերվում ընտրողներ, որոնց կաշառք է բաժանվում գործող գյուղապետի օգտին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը, որն այդ պահին գտնվել է Դարպաս համայնքի տեղամասում, այդ մասին անմիջապես ահազանգել է տեղամասին կցված ոստիկանության աշխատակիցներին: Ոստիկանության կողմից կատարվում է քննություն:
Որպես կանոն ավելի ցածր է եղել ակտիվությունը այն համայնքներում, որտեղ միայն ավագանու ընտրություններ են տեղի ունեցել: Մարց համայնքում 378 ընտրողներից միայն 135-ն են մասնակցել քվեարկությանը՝ ընտրողների 35.7%: Ավագանու անդամ ընտրվել են առաջադրված բոլոր 5 թեկնածուները: Արձանագրվել է, որ համայնքի ընտրացուցակները կարված չեն և բացակայում է ընտրացուցակների կարի կնիքը: Շիրակի մարզի Բասեն համայնքում ավագանու ընտրություններին 1313 ընտրողներից մասնակցել են ընդամենը 435-ը, քվեարկությունն անցել է բավականին հանգիստ, առանց էական խախտումների: