Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու վերաբերյալ հարցման ամփոփում 2013թ․Սեպտեմբերի 23-28
13:35, September 30, 2013 | ՆորություններԱմփոփելով վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովից ստացված պատասխանները կարելի է կատարել որոշակի եզրակացություններ:
Այսպես, ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորները, ովքեր պատասխանել են Մաքսային Միությանը անդամակցելու վերաբերյալ հարցմանը, հիմնականում կողմ են արտահայտվել միացմանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները դեռևս չեն հստակեցրել իրենց կարծիքը, քանի դեռ տեղյակ չեն անդամակցության փաստաթղթերին։
Օրենսդիր մարմնի մի խումբ ներկայացուցիչներ ուղղակի պատասխանի փոխարեն հղում են կատարել իրենց հրապարակային ելույթներին կամ ֆեյսբուքյան գրառումներին։ Սակայն, այդ աղբյուրների ուսումնասիրությունից դժվար է լինում որոշակի պատկերացում կազմել իրենց դիրքորոշումների մասին։
Կատարելով ամփոփում՝ ստացվում է հետևյալ պատկերը:
Պատգամավորներից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանը պատասխանել են 17-ը: Պատգամավորներից 9-ը կողմ են Մաքսային Միությանը անդամակցելուն, 4-ը՝ դեմ, 4-ը ՝ դեռևս կարծիք կամ չեն հայտնում, կամ չունեն, կամ անորոշ պատասխան են տվել:
9 կողմ պատգամավորները «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ են:
4 դեմերից 2-ը՝ «Ժառանգություն», 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներ: Դեմ է արտահայտվել նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Ձեռնպահ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 2 պատգամավորները՝ Վահան Բաբայանը և Տիգրան Ուրիխանյանը:
Անորոշ պատասխաններ են տվել մեկական պատգամավորներ «Հանրապետական» և «Ժառանգություն» խմբակցություններից: