Մենք այնքան անեծք ենք լսել. դատավոր
06:24, November 28, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱյսօր Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ զինվորը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:
Այսօրվա նիստի ընթացքում լրացուցիչ հարցաքննվեց ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ, փորձագետ Արա Ասոյանը, ով նախքան լրացուցիչ փորձաքննության վերաբերյալ կարծիք հայտնելը պաշտպանական կողմին կոչ արեց. «Ես ուղղակի ձեզ խնդրում եմ` որդեկորույս հայր է, բոլորդ միասին էս մարդուց ներողություն խնդրեք, կապ չունի սխալ եղել եք, թե` ոչ»:
Այս հայտարարությունից հետո տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանն ասաց, որ նրանք այն մարդիկ չեն, որ նման բան անեն, և հորդորեց վկային չպաշտպանել նրանց: «Քո ամենամեծ պաշտպանը ես եմ եղել, ո’չ իրանք, ո’չ դուք իմ աչքի լույսը չեք, ես ճշտի կողմնակիցն եմ»,- պատասխանեց բժիշկը: «Քարն էլ լաց կլինի էս դեպքի վրա»,- արձագանքեց դատավորը:
Մովսես Խաչատրյանը շարունակեց պնդել իր այն վարկածը, որ զինվորական հոսպիտալի բժիշկները, իմանալով որդու ջրծաղիկ հիվանդության մասին, ժամանակին չեն ուղարկել նրան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: «Դու չասացի՞ր, բժիշկ ջան, որ եթե մի քիչ էլ շուտ բերեինք հիվանդանոց` կփրկվեր»,- հետաքրքրվեց տուժողի իրավահաջորդը: «Ո’չ, դա չարչու խոսակցություն է»,- պատասխանեց բժիշկը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ իրենք շուրջ մեկ տարվա դատաքննությունից հետո հանգել են այն եզրակացությանը, որ Հայկ Խաչատրյանի մոտ վիրաբուժական պաթոլոգիայի ժխտումը կարելի էր կատարել ավելի վաղ և նրան տեղափոխել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: «Աստած վերևից, տատուս-պապուս ձեռը բնած գար, չէր կարող ասել, որ դա ջրծաղիկի վիսցերալ ձև է»,- ասաց բժիշկը: «Ես տեսնում եմ ձեր ուղղվածությունը, ստեղ երբեք արդարադատություն չի կայանա»,- հայտարարեց տուժողի իրավահաջորդը և իր ներկայացուցչի հետ լքեց նիստերի դահլիճը: Նշենք, որ տուժող կողմը նախորդ նիստին էլ էր նույն կերպ վարվել:
Դատավորն անկեղծ զրույց ունեցավ վկա` գլխավոր բժշկի հետ: «Դուք հեշտ պրծաք, մենք այնքան անեծք ենք լսել»,- ասաց նա և էմոցիոնալ իրավիճակից դուրս գալու համար ընդմիջում հայտարարեց:
Աղբյուրը՝ http://www.yerkir.am/am/news/58923.htm