Միակ մեղադրյալը դեռ Հազրոյանն է
00:00, December 15, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԼեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում տեղի ունեցած միջադեպի հետ կապված նախաքննությունը շարունակվում է, եւ որեւէ նորություն դեռ հրապարակման ենթակա չէ:
Այդ մասին «Ա1+»-ին ասաց ՊՆ Քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի գծով ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա, սակայն, փաստեց, որ մեղադրանք է առաջադրվել միայն վիրավորված զինծառայող Մանվել Հազրոյանի նկատմամբ, իսկ վերջինս մի քանի օր առաջ տեղափոխվել է Հայաստան եւ այժմ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալում ստանում է համապատասխան բուժում:
Նշենք, որ Մանվել Հազրոյանին Հայաստան բերելու համար դեկտեմբերի 6-ին Հադրութի քննչական բաժին միջնորդություն էին ներկայացրել նրա փաստաբաններ Կ. Թումանյանը եւ Է. Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Ղարաբաղի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նոյեմբերի 19-ին, ժամը 24:00-ի սահմաններում հրազենային կրակահերթերից 4 ժամկետային զինծառայողներ զոհվել են, եւս 4-ը` վիրավորվել: Վիրավորների թվում է եղել նաեւ Մանվել Հազրոյանը, ում նկատմամբ էլ հետագայում` նոյեմբերի 23-ին, մեղադրանք է առաջադրվել ՔրՕր. 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ ՊՆ-ի՝ նա ընդունել է իրեն հասցեագրված մեղադրանքները, սակայն հարազատները համաձայն չեն:
Աղբյուրը` http://www.a1plus.am/am/politics/2010/12/15/manvel-hazroyan