Մկրտիչ Տոնոյանի նամակը ՀՀ ոստիկանությանը
13:09, September 30, 2013 | Նորություններ | ՈստիկանությունՍույնով ևս մեկ անգամ տեղեկացնում եմ Ձեզ, որ Ձեր կողմից տարածված տվյալ տեղեկատվությունը բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի կերպ չեմ հասկանում, որտեղից նման ապատեղեկատվություն և ինչու է ՀՀ Ոստիկանությունը տարածում այն:
http://www.police.am/news/view/ոստիկանները-հայտնաբերեցին-ծեծողներին300913.html
“Տուժողը` Մկրտիչ Տ.-ն, հաղորդում և բացատրություն տալուց հետո այլևս չի ներկայացել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նա հրաժարվում է ներկայանալ ոստիկանություն` բացատրություն և համապատասխան ցուցմունք տալու, ինչպես և` դատաբժշկական փորձաքննության գնալուց”:
Դեպքի անմիջապես հաջորդ օրը ես եղել եմ դատաբժշկի մոտ, այնուհետև անցել բժշկական ուսումնասիրություններ վնասվածքաբանի մոտ և եզրակացությունը ներկայացրել դատաբժշկական հիմնարկ երկրորդ հարկ ընդունարան: Խնդրում եմ կապնվեք Ոստիկանության կենտրոնական բաժանմունքի հետ քննիչ Խաչիկյան:
Դեպքից հետո գործը քննիչ Խաչիկյանից փոխանցվել է Ոստիկանության Շահումյանի բաժին: Կրկին անգամ Քրեական հետախուզության բաժնի պետի հետ միասին գնացել ենք դեպքի վայր տեղազննության: Վերցվել են վկայություններ և ստորագրություններ երկու ընթերականերից: Կրկին՝ երկրորդ անգամ մանրամասն բացատուրթյուններ եմ տվել դեպքի մասին տվյալ բաժանմունքի քննիչներից մեկին՝ ազգանունը չեմ հիշում: Նա նստում է ներքնահարկի ձախ մասում: Դրանից հետո մինչև Սեպտեմբերի 15-ը գտնվել եմ ՀՀ-ում և ոչ մի զանգ կամ տեղեկություն չեմ ստացել ոստիկանությունից: Սեպտեմբերի 15-ին մեկնել եմ Կանադա: Կարող եք ստուգել սահմանային ծառայության հետ տվյալ տեղեկատվությունը:
Դեպքից հետո հանդիպել եմ նաև ՀՀ Օմբուդսմենին: Այնտեղ նույնպես գրել եմ դիմում և մանրամասն նկարագրել դեպքը:
Այնուհետև այսօր մամուլում և ձեր կայքում տեսնում եմ տարօրինակ տեղեկատվություններ, որոնք ինչպես արդեն նշեցի չի համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ է:
Բացարձակ սուտ է նաև այն, որ ես հայհոյել եմ ինձ անծանոթ երեք երիտասարդների, երբ նրանք կամրջի վրա անսպասելի կտրել են իմ ճանապարհը և սպառնացել այլևս չերևալ Քաղաքապետարանի առաջ և իբր մենք նեղացնում ենք նրանց հայրիկներին:
Ես շատ կցանկանայի տեղեկանալ, թե որտեղից է նման ապատեղեկատվությունը հայտնվել ՀՀ Ոստիկանության կայքում և ովքեր են այս ամենի հետևում կանգնած:
Ես բացարձակ միտումներ եմ նկատում հանցագործներին քրեական պատասխանատվությունից ազատելու ուղղությամբ դեռևս սկզբնական փուլում, այն էլ սուտ վկայությունների օգնությամբ, որ իբր ես հայհոյել եմ ինձ անծանոթ մարդկանց, առանց որևէ հասկանալի պատճառի:
Ես իմ նախորդ նամակում ուղարկել եմ ՀՀ Ոստիկանությանը իմ տվյալնեը, հեռախոսի համարը և հասցեն:
Խնդրում եմ գործը վարող քննիչներին կապնվել ինձ հետագա պարզաբանումների համար:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքներով՝ Մ. Տոնոյան