Մտորումներ
00:00, July 29, 2006 | Մտքի, խղճի և կրոնի ազատությունՄաթեմատիկական հավասարման աջ կողմը զրո է: Ինչ գործողություն էլ կատարես հավասարման ձախ մասում, միևնույն է, արդյունքը հավասար է զրոյի: Ռաֆայել Գրիգորյանը մարդկային կյանքը համեմատում է հավասարման հետ ու մտորում՝ «եթե պիտի մեռնեմ ու զրո դառնամ, ինչ նշանակություն ունի, թե այստեղ ոնց եմ ապրել»:
Կյանքի իմաստի վերաբերյալ մտորումները դեռ տարիներ առաջ Երևանի պետհամալսարանի ֆիզմաթ դպրոցում սովորող աշակերտին ստիպում էին մտածել, թե իրականում ինչի համար է գիտությունը ու որն է այն առարկան, որ կպատասխանի կյանքին առնչվող հարցերին: «Իմ այդ որոնումները փորձում էի խեղդել հաճույքների մեջ, բայց ամեն հաճույքից հետո ծարավս ավելի էր ուժեղանում»: Ու մի օր պատահաբար նա հանդիպում է նույն դպրոցի շրջանավարտ, Երևանի պետհամալսարանի առաջավոր ուսանողներից մեկին: Երիտասարդ ավետարանականը լսում է վանաձորցի պատանու երգը, հետաքրքրվում, թե ինչու է այդքան տխուր ու պատմում Աստծո մասին, առաջարկում մասնակցել ավետարանականների ժողովներին:
«Դե, քոռին ինչ է պետք, երկու աչք, և ես գնացի»,-քրիստոնեական իր առաջին քայլերն է վերհիշում Վանաձորի Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվը: Կաթոլիկ ծնողների որդին այդպես դառնում է ավետարանական, ու սկսվում են նրա հալածանքները: Մանկխորհրդի նիստով նրան վռնդում են դպրոցից նրա համար, որ «ֆիզմաթ դպրոցում հոգևոր ճեմարան են բացել» և հաճախ նրա ղեկավարությամբ երեկոներն անց են կացնում Սուրբ գիրք ընթերցելով: Այնուհետև վերականգնվում է, բայց, միևնույն է, նրա դիպլոմային աշխատանքը որոշում են բացասական գնահատել:
«Ասի, դուք գնահատում եք գիտելիքը, թե՝ համոզմունքը»: «Մենք գնահատում ենք համոզմունքը»,-պատասխանում են նրան: «Որտեղ տրամաբանությունը չի գործում, այնտեղ գործում է բիրտ ուժը»,-ասում է Ռաֆայել Գրիգորյանը: Կոմունիստական հասարակարգում 25 տարի նա հալածանքների է ենթարկվել կրոնական համոզմունքների պատճառով: Գրել է 14 գիտական աշխատություն, բայց այդպես էլ չի կարողացել պաշտպանել թեկնածուական թեզը: Դրա դիմաց կոմունիստները նրան առաջարկեցին հրաժարվել համոզմունքներից՝ այդ մասին հրապարակելով թերթերում: «Ասեցի, եթե դոկտորական էլ լինի, միևնույն է, չեմ հրաժարվի: Սա ինձ համար գաղափար չի, այլ՝ իմ կյանքն է»:
Արդեն 40 տարի Ռաֆայել Գրիգորյանը ավետարանական հավատքի ջատագովն ու տարածողն է: Նա գլխավորում է Վանաձորի Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցին, որը պատկանում է ավետարանական ուղղության համաշխարհային կառույցին: Այն գրանցվել է Ռուսաստանում դեռևս 1921թ-ին: Այնուհետև Հայաստանում առաջացել է Մկրտական եկեղեցին, որից էլ 1960թ-ին առանձնացավ Ավետարանական հավատքի եկեղեցին: Վանաձորի ավետարանական հավատաքի եկեղեցուն հավատում ու գաղափարակից է 600 մարդ, որոնք հակակրանքի, թշնամու խոսք են որակում իրենց 50-ականներ կամ հոգեգալստականներ կոչելը:
Ավետարանական այս ուղղությունն ավելի շատ ունի հոգու պարգևների շեշտադրություն: «Սուրբ հոգու պարգև» նշանակում է կնքվել ու ստանալ Սուրբ հոգու պարգևներ՝ աղոթել հիվանդին, հավատքի գալ, մեղքերի թողություն ստանալ: Այս երևույթը Ռաֆայել Գրիգորյանը չի դիտարկում հակադրություն Հայ Առաքելական եկեղեցու դավանանքին: Երրորդության գաղափարի շուրջ Ավետարանական ու Հայ Առաքելական եկեղեցիները նրա կարծիքով կողմնակիցներ են: Ասել, թե ավետարանական ուղղությունը Հայաստան է բերվել դրսից, նա ճիշտ չի համարում: «Նույնիսկ Հայաստանյաց Ավետարանական եկեղեցին է առաջացել մայր եկեղեցու ծոցից»,-վկայում է ավետարանականն ու մայր եկեղեցուց բաժանվելու պատճառներից մեկը մատնանշում սովորական հավատացյալին Աստվածաշնչի սեփական մեկնությունն արգելելը:
«Տեղեր են եղել, երբ Սուրբ գրքի ընթերցումն արգելվել է ավանդական եկեղեցու կողմից: Նրանցից ոմանք ասում են հավատացյալ մարդուն, թե դուք իրավունք չունեք, մենք պետք է այն մեկնենք»,-ասում է նա: Մինչդեռ, երբ «մարդը սկսում է կարդալ Աստվածաշունչը, կարևորվում է, ուշադրություն է դարձնում ինքն իրեն, հասկանում է, որ ինքը ևս կարող է Աստծուն աղոթել, մեղքերի թողություն ստանալ առանց միջնորդի: Միջնորդը Հիսուս Քրիստոսն է»:
Հավատի ու կրոնի մեջ եղած տարանջատումներին Ռաֆայել Գրիգորյանը վերաբերվում է հանդուրժողությամբ ու առաջ քաշում աստվածաբան Օգոստինոսի բանաձևը. կարևոր բաների մեջ միաբանություն, երկրորդականի մեջ՝ ազատություն, ամեն բանի մեջ՝ սեր: Նա սքանչելի է որակում այս բանաձևն ու մեկնաբանում, թե որն է այս դեպքում կարևորն ու երկրորդայինը: Կարևորն այն է, երբ հավատում ես, որ Աստված գոյություն ունի: Երկրորդական բաներում մարդը ազատ մտածելու իրավունք ունի:
«Ինչի ես ուզում հասարակությունը ինկուբատորի ճտերի վերածես, և եթե քո տեսակը չի ու ձեռքիդ իշխանություն կա, ենթարկես խտրականության»,-պնդում է վանաձորցի ավետարանականը: Նա օրինակ է բերում Եովայի վկաներին, որոնց «ինչքան ճնշեցին, այնքան շատացան»: Չնայած նա նկատել է, որ զարմանալի զուգադիպությամբ այնտեղ, որտեղ ակտիվ են ավետարանականները, Եհովայի վկաները քիչ են:
«Մենք հաճախ բռակավորում, ակտավորում ու աղբն ենք նետում նրանց, ում Աստված ընդունում, գրկում, սիրում ու օրհնում է»,-մարդկային անհանդուրժողությունը դատապարտում է Վանաձորի Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվը,-Աստծուց մեծ չլինելով՝ մենք հանդգնում ենք այդպիսին լինել»:
Արդյունքում գործում է «տխմար սկզբունքը, եթե ինչ-որ մեկը մեզ հետ չի, չի անցնում մեր թրի տակով, ուրեմն՝ հակառակ է մեզ»: Ավետարանականները որևէ խտրականություն հարանվանությունների նկատմամբ չեն ցուցաբերում, չնայած կադրային հոգևորսություն են որակում Աստծո խոսքը տարածողին գնալ ասել, թե՝ սխալ ես փրկում մարդկանց, արի՝ ինձ պես փրկի: Վանաձորցի ավետարանականը անթույլատրելի է համարում աղանդ բառի կիրառումը: Այն ոչ թե իրավաբանական, այլ կրոնական կատեգորիա է, ինչը համարվում է Աստվածաշնչից շեղվածություն: Եթե Աստվածաշնչին համարժեք ընդունում ես մեկ ուրիշ գիրք, եթե մարդու կյանքը փրկելու համար արյունդ չես տալիս, վերջապես, երբ Հիսուսին չես ընդունում որպես Աստված, ուրեմն հարում ես աղանդավորական շարժմանը:
«Ինչու Եհովայի վկաները կորցրեցին իրենց հարգանքը»,-ամենևին չուզենալով նսեմացնել նրանց աթեիստ աշխարհի առջև՝ պատասխանում է ավետարանական ուղղության ջատագովը՝ «պատմական բազմաթիվ փաստերը վկայում են, թե ինչպես Եհովայի վկաները սխալվել են Հիսուսի երկրորդ գալստյան ժամկետներում»:
«Կամ ինչու սա աղանդ է, որովհետև իրենց առաջնորդի խոսքը ընդունում են որպես Աստծո խոսք: Չի կարելի մարդուց խլել իր մեծագույն արժանիքը՝ մարդու իրավունքը»:
Աստվածաշնչյան պատվիրանները, որոնք, թվում է, թե սահմանափակում են մարդու ազատությունը, իրականում հնարավորություն են տալիս մարդուն ապրել ազատ՝ զերծ սպանելու, գողանալու ու անբարոյական արարքներ թույլ տալու գայթակղությունից:
«Դա է իսկական ազատությունը, երբ մարդն ապրում է Աստծո խոսքով, ու այստեղ պետք է հարգվի մարդու իրավունքը»: Իսկ այն ժամանակ, երբ կրոնական որոշ ուղղություններ Աստծո խոսքը մեկնաբանում են կամայականորեն, ընկնում են հոգեբանական մի իրավիճակի մեջ, երբ նվազում է նրանց ազատության աստիճանը: Մյուս կողմից, սկսվում է հասարակությունից մեկուսացումը, հարկեր չվճարելը, ընտրությունների չգնալը:
«Սրանք աղանդավորության ատրիբուտներ են»,-նկատում է Ռաֆայել Գրիգորյանը: Նա այստեղ հիշատակում է Հիսուսի պատգամը՝ Աստծունը տվեք Աստծուն, կայսրինը՝ կայսրին:
Մեղավորներին ճշմարտության բերելու համար Ռաֆայել Գրիգորյանը միայն սիրո միջոցն է ճիշտ համարում: Օգնել, օրինակ, համասեռամոլներին, մաքրվել մեղքերից ու ընտրել կյանքի բնական ճանապարհը: Հակառակ դեպքում նրանք կզրկվեն «երկնքի արքայություն մտնելուց»: Մինչդեռ այն փաստը, որ կաթոլիկ եկեղեցին ամուսնացնում է համասեռամոլներին, Վանաձորի Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվը դա Հռոմի Պապի մակարդակով տեղի ունեցող գործընթաց չի համարում: Ավելին, նա գտնում է, որ Հռոմի Պապը նման թույլտվություն չի տվել, և այս երևույթը եկեղեցու սպասավորի սուբյեկտիվ դրսևորում է, ինչը մեղք է համարվում: Անկախ ամեն ինչից, նրանք ևս կարիք ունեն բուժվելու ու նրանց պատժելու փոխարեն Ռաֆայել Գրիգորյանն առաջարկում է սիրո միջոցով փրկել:
«Նրանց նկատմամբ որևէ խտրականություն, անգամ կրոնական, անմարդկային է»,-հավատացած է ավետարանականը:
Նա անհանդուրժելի է համարում բռնության մեթոդը, իշխանության, դիրքի չարաշահումը: Կարծում է, որ խտրականության պարագայում անհնար է ձևավորել քաղաքացիական հասարակություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրավահավասար կլինի ու չի ենթարկվի խտրականության:
«Որ ես քայլեմ փողոցով, ինձ մատնացույց չանեն՝ թե ավետարանական է: Ես նույնքան քաղաքացի եմ, որքան՝ դու: Եվ դատաստանի օրը կերևա, թե որս ինչ ենք»: Անկախ կրոնական պատկանելությունից, Ռաֆայել Գրիգորյանը կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը հասարակական գործընթացներին, և դա չի նշանակում հակադրվել Ավետարանին: Ավելին, հակավետարանական է որակում պետության խնդիրներին մասնակցություն չունենալը, ինչը բնորոշ է աղանդավորությանը: «Իսկ երբ իշխում է Աստծո ղեկավարությունը, կատարյալ ազատություն է տիրում, ու պաշտպանված են մարդու իրավունքները: Հակառակ դեպքում մարդուն ղեկավարում է ճնշող մեծամասնության չարը, որտեղ Աստված չկա»: Ավետարանական ուղղության ներկայացուցիչը օրինակ է բերում պաշտոնի ու փողի ձգտող մարդուն, ում չարագործությունների մասին չես հասցնի գրքեր գրել:
«Մենք շատ հեռու ենք քաղաքացիական հասարակությունից, բայց դա մեզ չի հուսահատեցնում»,-թեկուզ ապագա սերունդների համար առողջ հասարակարգ ստեղծելու գաղափարի կողմնակիցն է Վանաձորի ավետարանականը: Նրա ղեկավարած եկեղեցին չի սահմանափակվում միայն կրոնական գործունեությամբ: Վանաձորում նրանք բազմաթիվ ընտանիքների են աջակցել սոցիալական, բնակարանային խնդիրների լուծմամբ, նաև օգնել ձերբազատվել վատ սովորույթներից ու հավատալ Աստծուն: Ռաֆայել Գրիգորյանը կատակում է, թե Ներքին գործերի նախարարությունը պետք է լավ քարոզիչներին շքանշանով պարգևատրի, «որովհետև ինչքան գողեր, անառակներ, թմրամոլներ են փրկվել»: Վանաձորի Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցին հակված է իր ձայնը լսելի դարձնել տարբեր մակարդակներում, աջակից լինել, զարգացնել: Նրանց վերջին հասարակական գործողությունը կապված է Դա Վինչիի ֆիլմի ցուցադրման հետ, երբ ավետարանականները բողոքի ակցիա կազմակերպեցին կինոթատրոնի առջև: Վանաձորի Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցին լավ հարաբերություններ է ձևավորել Հայ Առաքեալական եկեղեցու, ավետարանական ուղղության այլ եկեղեցիների հետ: Ռաֆայել Գրիգորյանը պատրաստվում է հրավիրել Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին իրենց աղոթատունը օրհնելու համար: Ավետարանական ուղղության ներկայացուցիչը պատրաստ է հաղորդակցվել Եհովայի վկաների, մորմոնների հետ, եթե իրենք ցանկանան: Ի վերջո, Աստված բազմազանություն է սիրում:
Նաիրա Բուլղադարյան