Նաիրի Արոյանը վերականգնվեց իր նախկին աշխատանքին
00:00, June 18, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունքԼոռու մարզի ընդհանուր իրավասության Ստեփանավանի դատարանի վճռով Նաիրի Արոյանը վերականգնվեց իր նախկին աշխատանքին:
Դատարանը հայցը բավարարեց մասնակի:
Դատարանի վճռով Ն. Արոյանը կվերականգնվի իր նախկին աշխատանքին, և հօգուտ նրա կբռնագանձվի հարկադիր պարապուրդի գումարը /138 515 դրամ/:
Դատարանը, սակայն, չբավարարեց Ամրակից գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Ջանջուղազյանին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը:
Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո, Ամրակից գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Ջանջուղազյանը, ազատել էր աշխատանքից Նաիրի Արոնյանին: Դպրոցի տնօրենի բացատրությամբ՝ նախագահական ընտրությունների շրջանում Ն. Արոյանն անհարգելի պատճառներով բացակայել է աշխատանքից:
Նաիրի Արոյանը հանդիսացել է թիվ 32/30 տեղամասային հանձնաժողովի անդամ՝ ներկայացված «Ժառանգություն» կուսակցության կողմից: Նախագահական ընտրությունների շրջանում նա պարբերաբար բացակայել է աշխատանքից՝ տեղամասային հանձնաժողովում ստանձնած իր պարտականություններն իրականացնելու համար:
Ն. Արոյանը նշել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի պարտականություններն իրականացնելու պատճառով բացակայություններն հանդիսանում են հարգելի, որի ընթացքում պետք է պահպանվեն հիմնական աշխատատեղը և աշխատավարձը: