Նախագահական ընտրությունները դիտարկելու համար գրանցվել է 12 ՀԿ
19:04, January 28, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունք2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են 5 միջազգային եւ 12 տեղական կազմակերպություններ, նաեւ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ:
ԿԸՀ պաշտոնական կայքի փոխանցմամբ` գրանցվել են ԱՅ ՍԻ Ի Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովն ու ԱՊՀ դիտորդական առաքելությունը:
Հունվարի 28-ի դրությամբ` գրանցվել են 12 տեղական կազմակերպություններ` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (81 դիտորդ), «Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ» ՀԿ-ն (36 դիտորդ), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»-ը (77 դիտորդ), «Ընտրական համակարգերի կենտրոն» (60 դիտորդ), «Դիլնետ սերվիս» (71 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (1066 դիտորդ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (285 դիտորդ), «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (65), «Հարմոնիա» (470 դիտորդ), «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն» (15), «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (67), Հայաստանի Հելսինկյան կոմիտե (103) հասարակական կազմակերպությունները:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն մասնկացում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրում, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: Իսկ առաջադրվել է 8 թեկնածու` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը:
Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունվարի 21-ին:
Աղբյուրը՝ http://news.am/arm/news/137690.html