Նախարարն ասում է՝ նորակոչիկի խոշտանգման փաստը չի ապացուցվել
13:40, January 16, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Զինված ուժերՀայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակում տիրող վիճակի հիմնական մեղավոր է համարում հասարակությանը։
Այսօր Բժշկական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ հանդիպումից հետո Օհանյանը, լրագրողների հետ զրույցում ի պատասխան «Ազատության» հարցի, հայտարարեց, թե բանակում բռնությունները շարունակական կլինեն այնքան ժամանակ, մինչև որ հասարակության հետ համապատասխան աշխատանք չտարվի։
«Այնքան կլինեն, մինչև որ յուրաքանչյուր ընտանիքում չլինի չարաճճի երեխա, ոչ մի դպրոցում, ոչ մի բուհում չլինեն չարաճճի աշակերտներ, ուսանողներ, իրենց վարքի մեջ թերություններ ունեցողներ»,- ասաց Օհանյանը։
Պաշտպանության նախարարը կոչ է անում հասարակությանը ակտիվորեն ներգրավվել 2014 թվականի իր պայքարին ընդդեմ փողոցային արատավոր բարքերի՝ փաստորեն բանակում տիրող վիճակի հիմնական պատճառ մատնանշելով ոչ թե հրամանատարական կազմին, այլ հասարակությանը։ Իր խոսքում նա նշեց, որ նաև բարձրացնելու են հրամանատարների պատասխանատվության աստիճանը։
Օհանյանը, անդրադառնալով օրեր առաջ Լեռնային Ղարաբաղից Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործին, հայտարարեց, թե խոշտանգման փաստը չի ապացուցվել։
«Այդպիսի հետքեր չկան, ապացուցված չէ, քրեական գործ է հարուցված, մանավանդ վերջին տվյալներով՝ ինքը արդեն գիտակցության մեջ է և ասում է, որ այդպիսի դեպք չի եղել»,- ասաց նախարարը։
Այնինչ 18-ամյա նորակոչիկի հարազատները պնդում են, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր կան, այդ թվում և այրվածքներ։ Զինվորի մայրը՝ Գոհար Շահնազարյանն, «Ազատությանը» փոխանցեց, որ որդին գիտակցության գալով նման բան չի ասել։
«Ո՞նց չկա, գլուխը ջարդած է, դա հե՞տք չէ»,- ասաց մայրը։
Երեկ այս գործով ձերբակալվել է երկու զինծառայող՝ կրտսեր սերժանտ Վահե Օհանյանն ու բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը։
Իրավապաշտպանները հակադարձում են պաշտպանության նախարարին՝ ասելով, թե նա այս հայտարարությամբ մեղքը իր ղեկավարած համակարգից հեռացնելով՝ մեղավորներ է փորձում գտնել դրսում։
«Պաշտպանության նախարարն ասում է՝ «մեղավոր է ոստիկանությունը կամ մեղավոր է կրթության նախարարությունը, որ լավ չեն դաստիարակում, մեղավոր են քաղաքացիները, իսկ ես ընդհանրապես մեղավոր չեմ»։ Բայց ինքը լա՞վ է կատարում իր պարտականությունները՝ որպես քաղաքականություն մշակող, գլխավոր շտաբի պետը լա՞վ է կազմակերպում զինվորական ծառայությունը, որի համար պատասխանատու է։ Իհարկե, ո՛չ»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Աղբյուրը` http://www.azatutyun.am/content/article/25232051.html?utm_source=dlvr.it&utm_medium=facebook