ՆԱՏՕ. Հայ ժողովուրդը պետք է որոշի
00:00, November 21, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Զինված ուժերՀանրային դիվանագիտության ծրագրի շրջանակում Բրյուսել՝ ՆԱՏՕ հրավիրված Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակները ներկայացնող պատվիրակների խումբը վերադարձավ Երեւան։
15 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում ներգրավված էին Հայաստանի մի շարք կուսակցությունների, այդ թվում՝ ՀՅԴ ու ՀԱԿ ներկայացուցիչները, հասարակական սեկտորի, մասնավորապես Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը, քաղաքագետներ, լրագրողներ։
Այցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» շրջանակում իրականացվող բարեփոխումների թեման։ Հայաստանյան պատվիրակության հետ հանդիպեցին ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության, քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության վարչությունների, արտակարգ անվտանգության մարտահրավերների եւ էներգետիկայի բաժնի ղեկավարներն ու աշխատակիցներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանը։
Կազմակերպված քննարկումների եւ հարցազրույցների շրջանակում շոշափվեց հատկապես Հայաստանի Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների թեման։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են զինված ուժերը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղություն եւ նշեցին, որ մեր երկիրը պետք է դրսեւորի հետեւողականություն, այդ չափանիշներին համապատասխանելու նպատակով։ ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության վարչության Կովկասի տարածաշրջանի համակարգող Դեսպինա Աֆենթոուլը հայկական պատվիրակության հետ հանդիպմանը նշեց, որ գոհ են Հայաստանի որդեգրած բարեփոխումների իրականացման ընթացքից։
Հայկական պատվիրակության անդամները ներկայացնելով իրենց տպավորությունները ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքից, բարձրաձայնեցին բանակում առկա կոռուպցիայի, խաղաղ պայմաններում տեղի ունեցող սպանությունների եւ 2008-ին նախագահի ընտրությունից հետո մարտի 1-ին բանակի ներգրավվածությամբ Երեւանում խաղաղ ցուցարարների ճնշման հարցը, որի հետեւանքով զոհվել էր 10 քաղաքացի։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ նշված երեւույթները կչեզոքանան իրականացվող բարեփոխումների արդյունքում։
Քննարկվեցին նաեւ Հարավային Կովկասում առկա կոնֆլիկտներին, այդ թվում՝ հնարավոր սպառնալիքներից խուսափելու նպատակով անվտանգության համակարգերի անդամակցությանն առնչվող հարցեր։ Ինչպես հայտնի է, ի տարբերություն Վրաստանի, որը հրաժարվել է ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամակցությունից եւ վերցրել ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու ուղղություն, Հայաստանը որդեգրել է կոմպլիմենտարիզմի ճանապարհը։ ՀՀ-ն, լինելով ՀԱՊԿ անդամ, սերտ համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ, իրականացնելով մի շարք ծրագրեր, որից ամենակայացածը Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ գործունեությունն է, որը արժանացել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության բարձր գնահատականին:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կարծիքներ հայտնեցին, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անխուսափելի է, իսկ թե ե՞րբ կկայանա, ժամանակի հարց է։ Ինչ վերաբերվում է մեր երկրին, ապա ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների, Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե անվտանգության ո՞ր համակարգն ընտրի։