Ներկայացվեց ընտանեկան օրենսդրությունը Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում
00:00, June 1, 2009 | Քննարկումներ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք2009թ. մայիսի 24-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կայացավ ուղիղ ռադիոեթեր և հասարակական քննարկում, իսկ մայիսի 27-ին` Ստեփանավան քաղաքում հասարակական քննարկում «Ընտանեկան հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը» թեմայով:
Քննարկումը կազմակերպել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից:
Քննարկումներին և ուղիղ ռադիոեթերին որպես փորձագետներ ընդգրկված էին ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը:
Քննարկումների և ուղիղ եթերի ընթացքում փորձագետ էդմոն Մարուքյանի կողմից ներկայացվեց ընտանեկան իրավունքին վերաբերող ազգային օրենսդրության ընդհանուր դրույթները, ամուսնություն կնքելու, դադարելու պայմաններն ու կարգը, ամուսինների իրավունքները և պարտականությունները, Արայիկ Զալյանի կողմից ներկայացվեց ծնողների, երեխաների իրավունքներն ու պարտականությունները, ալիմենտային պարտավորությունները:
Ուղիղ ռադիոեթերն ու քննարկումները քաղաքացիներին հնարավորություն տվեցին բարձրացնել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ իրավախորհրդատվություն:
Քննարկումների ընթացքում քաղաքացիները իրավաբաններին տվեցին թվով 23, իսկ ուղիղ եթերի ընթացքում՝ 12 հարց:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին.
• երեխաների սերման փաստի հաստատմանը
•ամուսնության գրանցման կարգին և գործընթացին
• ամուսնալուծություններին
• ալիմենտի վճարմանը
• ծնողական իրավունքների զրկմանը և վերականգմանը
• ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության բաժանմանը
• հայրության ճանաչման փաստին
• երեխայի որդեգրման կարգին, ծնողազուրկ երեխաների իրավունքներին և այլն:
Տեղեկացնենք, որ քննարկումները և ուղիղ եթերները իրականացվում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: