Ներողություն Վանոյին
00:00, July 4, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատությունԼեռնապատցի Ղարիբ Միտիչյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցը՝ ընդդեմ նույն համայնքի բնակիչ Ղարիբ Միտիչյանի:
Դատարանը 61-ամյա գյուղացուն պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանո Եղիազարյանից՝ «Ժամանակ» օրաթերթում ներողության տեքստը հրապարակելու միջոցով եւ Ղարիբ Միտիչյանից հօգուտ համայնքապետի բռնագանձել 30 000 ՀՀ դրամ:
Զրպարտության համար էլ Ղարիբ Միտիչյանը պարտավոր է «Ժամանակ» օրաթերթում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները եւ հօգուտ համայնքապետի կբռնագանձվի 30 000 ՀՀ դրամ:
Բացի այդ, դատարանը վճռել է Ղարիբ Միտիչյանից հօգուտ Եղիազարյանի բռնագանձել 9200 դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
6 որդիների հայրը, սակայն, համաձայն չէ դատավճռի հետ. ինքը չի վիրավորել համայնքապետին, չի զրպարտել, այլ ընդամենը կարծիք է հայտնել նրա գործունեության վերաբերյալ:
«Ես չհասկացա, թե ինչ հիմունքներով ես մեղավոր դուրս եկա: Միակողմանի դատ գնաց, իմ կարծիքը հաշվի չառան: Դատավճռի հետ համաձայն չեմ»,- բողոքում է Միտիչյանը: Նա ասում է, որ դատարանն անարդարացիորեն է նման վճիռ կայացրել: «Դատարանի վճռից պարզ է դառնում, որ այսօրվա օրենքները անմեղին մեղավոր են դարձնում»,- տարակուսում է նա:
2010 թ. հոկտեմբերին Լեռնապատի ղեկավարը քաղաքացիական հայց էր ներկայացրել դատարան, մեղադրելով համագյուղացուն՝ իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը հրապարակավ արատավորելու մեջ: Լեռնապատի ղեկավարը դատարանից հայցադիմումով պահանջել էր իրեն վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել Ղարիբ Միտիչյանին՝ հրապարակային ներողություն խնդրել լրատվության նույն միջոցով եւ հօգուտ իրեն բռնագանձել 1 000 000 ՀՀ դրամ, զրպարտության համար էլ պարտավորեցնել պատասխանողին նույն թերթի միջոցով հրապարակային հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ հօգուտ իրեն բռնագանձել 2 000 000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ դատական ծախսերը՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:
2010թ. սեպտեմբերի 1-ին օրաթերթի հերթական համարում տպագրված հոդվածում Ղարիբ Միտիչյանը որոշակի արտահայտություններ է արել համայնքապետի հասցեին, ինչն էլ պատճառ է դարձել հարցը դատարանով լուծելու:
Ղարիբ Միտիչյանը այժմ էլ չի հրաժարվում իր ասածներից, ավելին, ասում է, որ համայնքապետը մինչ օրս զբաղված է համայնքի բյուջեն փոշիացնելով: «Նա գյուղի ունեցվածքը լրիվ փոշիացրել ա, առ այսօր էլ փոշիացնում ա: Իսկ էս քննչական մարմինը առ էսօր ոչ մի իրավասու բան չի անում: Եթե անեին, ինքը հիմա վաղուց ձերբակալված կլիներ: Թիկունքում հզոր մարդ ունի, գումար ունի, ինչ-ինչ շահերով էս մարդը պաշտպանված ա»,- բացատրում է գյուղացին:
Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վ. Եղիազարյանի դեմ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում քրգործ է հարուցված:
Համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացնելու մեջ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Ղարիբ Միտիչյանն ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան: