ՆԻԿՈԼԸ ԲԱՆՏՈՒՄ ԿՄՆԱ 3 ՏԱՐԻ 1 ԱՄԻՍ
00:00, March 9, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունքՎերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Սերժիկ Ավետիսյանի, այսօր մերժել է Նիկոլ Փաշինյանի պաշտպանների եւ մեղադրող կողմի բողոքները, սակայն համաներում է կիրառել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ:
Դատարանը անփոփոխ է թողել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն կիրառել է համաներում եւ կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:
Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ կմնա եւս 3 տարի 1 ամիս:
Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը Վերաքննիչ դատարանի այսօր հրապարակած դատավճիռը գնահատել է մեկ բառով` «խայտառակություն»։
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի առաջին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, իսկ 316-րդ հոդվածի առաջին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մասով դատարանը (Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ) նրան արդարացրել էր:
Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել թե Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, թե մեղադրող կողմը: Առաջինները դատարանից պահանջում էին արդարացնել իրենց պաշտպանյալին, իսկ մեղադրող կողմը բողոքարկել էր դատավճռի արդարացման մասը` պահանջելով սահմանել մեղադրական դատավճիռ: