Նորիկ Պողոսյանն արդարացվեց
00:00, October 5, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Թմրամիջոցներ գործածողներ2010 թ. հոկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մ.Մելքոնյանի նախագահությամբ ավարտվեց քրեական գործով դատաքննությունն ըստ մեղադրանքի Ն.Պողոսյանի եւ հրապարակվեց դատարանի դատավճիռը:
Դատարանը վճռեց Ն. Պողոսյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել:
Հիշեցնենք, որ Ն.Պողոսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ 2008 թ. օգոստոսի 17-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում գտնվող իրենց տան տնամերձ հողամասում ապօրինի աճեցված կանեփ տեսակի բույսից թույլատրել է քաղել տերևներ Ալավերդի քաղաքի բնակիչ Ա.Լ.-ին:
Նախաքննության սկզբնական փուլում Ն.Պողոսյանի շահերի պաշտպանությունը ստանձնել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ա.Թամազյանը, թեև դա արվել էր Ն.Պողոսյանի կամքին հակառակ. նրա և վերջինիս միջև պայմանագիր չէր կնքվել:
2009 թ. ապրիլի 9-ից Ն.Պողոսյանի շահերի պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից«Իրավական
աջակցություն թմրամիջոց գործածողներին»
ծրագրի շրջանակներում
ներգավված փաստաբաններ Կ.Թումանյանն ու Է.Մարուքյանը: Վերջիններիս կողմից հաղորդում էր ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատ, որի արդյունքում Ա.Թամազյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ և նշանակվել տույժ՝ նկատողություն, քանի որ վերջինս որևէ գործողություն չէր կատարել ի պաշտպանություն Ն.Պողոսյանի, պարզապես իր ներկայությամբ օրինականացրել էր քննիչի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումները:
Հիշեցնենք, որ 2009 թ. հոկտեմբերի 12-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ն.Պողոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամանակով, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքարկման արդյունքում՝ նրա պատժաչափն իջեցվել էր մինչև 1 տարի 6 ամիս:
Ն.Պողոսյանի պաշտպանների կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկվել էր ՀՀ վճռաբեկ դատարան, որը, մասնակիորեն բավարարելով բողոքը, գործն ուղարկել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Նշենք, որ ընդհանուր առմամբ Ն.Պողոսյանը կալանքի տակ է գտնվել 1 տարի 6 ամիս ժամանակով՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ կալանքի առավելագույն ժամկետը 1 տարի է: Փաստորեն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռը դեռեւս ուժի մեջ չմտած՝ Ն.Պողոսյանի նկատմամբ պատիժ է կիրառվել, եւ նա ազատազրկման մեջ է գտնվել 1 տարի 6 ամիս ժամանակով: