Նոր հարթակ`մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը
10:42, February 12, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքՓետրվարի 11-ին տեղի ունեցավ նորաստեղծ «Մեդիա Կենտրոն»-ի բացման ասուլիսը: Ներկայացվեցին կենտրոնի նպատակները, առաքելությունը, նախընտրական ու ընտրական շրջանում Մեդիա Կենտրոնում կայանալիք միջոցառումները եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության հնարավորությունները:
Ասուլիսին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի տնօրեն Կարել Հոֆստրան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը և «Մեդիա Կենտրոնի» համակարգող Գայանե Աբրահամյանը:
«Մեդիա Կենտրոնը» նոր հարթակ է` մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը: Մեր հիմնական առաքելությունն է աջակցել լրատվամիջոցներին ընտրությունների լուսաբանման ողջ գործընթացում՝ հասանելի դարձնելով ընտրությունները վերահսկող հասարակական կառույցների, քաղաքացիական նախաձեռնությունների, ընտրատեղամասերում աշխատող դիտորդական խմբերի, հանրային լրագրողների կողմից ստացվող տեղեկությունները:
Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը նշեց, որ իրենք փորձում են անել հնարավորը` նպաստելու ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գործին: «Ինչպես գործընկեր մյուս դեսպանատները եւ ներկայացուցչությունները` մենք նույնպես ուշադիր հետեւում ենք ընտրական գործընթացներին, եւ ուրախ ենք, որ կարող ենք աջակցել Հայաստանին վճռական որոշման մեջ` ձգտել եվրապական չափանիշներին: Կարծում եմ այս կենտրոնն ունի այն հնարավորությունը, որ կարող է ապահովել ընտրական գործընթացների թափանցելիությունը եւ կապն ընտրողների, ԶԼՄ-ների եւ հասարակության միջեւ»,-ասում է Ջ. Էյվսը:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ «Մեդիա Կենտրոն»-ը քաղաքացիական հասարակության ակտիվությունը, հմտությունները, տեխնոլոգիաների հնարավորությունը կամրջող օղակ կդառնա. «Մեդիա Կենտրոն»-ն այդ ամենը հասու կդարձնի լայն հասարակությանը` ավելի վստահելի եւ թափանցիկ կդարձնի ընտրությունների լուսաբանումը»,-ասում է Լարիսա Մինասյանը:
Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի տնօրեն Կարել Հոֆստրանն էլ նշեց, որ ԶԼՄ ներկայացուցիչները և քաղաքացիական հասարակությունը կարող են համախմբվել ի նպաստ հասարակական շահի: «Մեր ծրագրի գործոններից է քաղաքացիական հասարակությանը ռեսուրսներ տրամադրելը»,-ասում է Կ. Հոֆստրանը:
Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը տեղեկացրեց, որ լրագրողները կենտրոնից կարող են ընտրությունների վերաբերյալ տեղեկություն ստանալ եւ օգտվել կենտրոնի հնարավորություններից` հարցազրույցներ անել դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչների եւ նախագահների հետ, անհատական հարցազրույցներ վերցնել դիտորդներից:
Փետրվարի 18-ին` քվեարկության օրը, «Մեդիա կենտրոն»-ն աշխատելու է 24 ժամ. կլինեն ասուլիսներ, Skype-ով միացումներ ընտրատեղամասերից եւ հարցազրույցներ ինչպես վերլուծաբանների, դիտորդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների հետ:
Տեղի ունեցած ասուլիսի ձայնագրված տարբերակը կարող եք դիտել Ա1+ի YouTube- էջում, այցելելով հետեւյալ հղումով` http://www.youtube.com/watch?v=IOfTV_plabk&feature=youtu.be
Փետրվարի 11-ին «Մեդիա Կենտրոն»-ում տեղի ունեցավ նաեւ հարցազրույց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հետ: Հարցազրույցի տեսաձայնագրությունը կարող եք դիտել այստեղ` http://www.youtube.com/watch?v=mtvbfjTi7_I&list=UUXdAEFA6DLFd-rcPYnATCRA&index=4:
«Մեդիա Կենտրոն»-ի մամլո ասուլիս-քննարկումների այս շաբաթվա ժամանակացույցը
Ամսաթիվ Թեմա Հյուրեր
12.02 (երեքշաբթի)
Ժամը` 12:00
Ընտրախախտումներ
ընտրացուցակներ, փակ հաստատություններում ընտրություններն ու քարոզարշավը (բանակ, կալանավայրեր), արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի խախտում • Երկարաժամկետ դիտորդություն իրականացնող «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի ղեկավար Հարություն Համբարձումյան,
• ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Հովհաննես Սահակյան
• ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունց,
• «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյան,
• Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան
13.02 (չորեքշաբթի)
Ժամը` 12:00
Հասարակական խնդիրներ
Բանակի, բնապահպանական և քաղաքաշինական խնդիրները ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերում
• «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունից Ծովինար Նազարյան,
• Լալա Ասլիկյան, Վարդինե Գրիգորյան,
• «Մեր քաղաքը» նախաձեռնություն ,
• «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնությունից Մովսես Մանուկյան,
• Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան,
• Թրանսփարենսի ինթերնեյշնլ ՀԿ փոխնախագահ Սոնա Այվազյան,
• Զարուհի Փոստանջյան («Ժառանգություն»)
14.02 (հինգշաբթի)
Ժամը` 12:00
Ընտրական իրավունքի իրացման խնդիր
Հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտրական իրավունքի իրացման խնդիրները, ընտրական գործընթացներում կանանց և երիտասարդների ներգրավվածությունը
• Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ ղեկավար ԱրմենԱլավերդյանը, ով կներկայացնի կազմակերպության երկարաժամկետ դիտորդների մոնիթորինգի արդյունքները,
• Անահիտ Բախշյան («Ժառանգություն» կուսակցություն),
• ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան
15.02 (ուրբաթ)
Ժամը` 12:00
Բլոգոսֆերա, սոցցանցեր
Բլոգոսֆերա, սոցցանցեր, ինտերնետի ազդեցությունն ու ներգրավվածությունը ընտրական գործընթացներում, ազատ խոսք թե զրպարտություն
• Բլոգերներ Տիգրան Քոչարյան, Էդգար Բարսեղյան, Սամվել Մարտիրոսյան,
• Ստյոպա Սաֆարյան («Ժառանգություն» կուսակցություն), Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ փորձագետ Գեղամ Վարդանյան,
• «Երևանի մամուլի ակումբ»-ի նախագահ Բորիս Նավասարդյան,
• «Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան,
• Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Գևորգ Հայրապետյան
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել ծրագրի համակարգող Գայանե Աբրահամյանին (+374 55) 266886, (+374 60) 505898, (+374 99) 755 898: Էլ փոստ` mediacenter@mynews.am :
Աղբյուրը` http://nt.am/am/news/176802/