Նոր նախաքննություն կսկսվի
10:14, March 3, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունքԴպրոցում ոչ պատշաճ վերահսկողության հետեւանքով մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հանգամանքները նորից կքննվեն
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հրայր Սարգսյանի, որոշում է կայացրել բավարարել համադասարանցիների միջեւ ծագած վիճաբանության արդյունքում մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանի դիմում-բողոքը՝ վերացնելով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժանմունքի քննիչ Ա. Բաղդասարյանի կողմից կայացրած քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:
10-ամյա Դ. Գասպարյանը մահացել էր 2010թ. հունիսի 5-ին, ՀՀ Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում՝ մաթեմատիկայի քննության ժամանակ:
Նախաքննության մարմինը քրեական գործ էր հարուցել Դերենիկ Գասպարյանի առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքի հիմքով եւ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճել այն:
«Մի կողմից նախաքննության մարմինն ապացուցված է համարել ծեծի ենթարկվելու փաստը, մյուս կողմից՝ ծեծը որպես մահվան պատճառ, քննության չի առել, ինչը պարտավոր էր անել»,- նախաքննության թերությունների մասին է պատմում իրավահաջորդի ներկայացուցիչը:
Արայիկ Զալյանի դիմում-բողոքը բավարարելով՝ դատարանը ուշադրություն է հրավիրում մի շարք հանգամանքների վրա, որոնց վերաբերյալ նախաքննական մարմինը չի իրականացրել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն՝ այդկերպ 10-ամյա երեխայի մահվան փաստի վերաբերյալ հանգելով սխալ հետեւության:
«Նախաքննական մարմինը չի պարզել դասղեկ Կակոյանի՝ դասասենյակից բացակայելու ժամանակահատվածը, վերջինիս գտնվելու վայրը
եւ պարտականությունների պատշաճ կատարած լինելու հանգամանքը, Դերենիկ Գասպարյանի ծեծի ենթարկելու ժամը, դրանից հետո դպրոցի հավաքարարների օգնության հասնելու, հիվանդանոց տեղափոխելու ժամանակը»,- նշված է որոշման մեջ:
Քրեական գործ հարուցելու եւ նյութերի նախապատրաստման ողջ ընթացքում նախաքննական մարմինը չի պարզել դպրոցում բուժկետի առկայության եւ միջադեպի պահին բուժկետի աշխատակցի գտնվելու վայրը, վերջինիս կողմից համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու դեպքում երեխայի կյանքը փրկելու հնարավորության հանգամանքները:
Բացի այդ՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ տուժող կողմը զրկվել է պատճառված նյութական վնասի հատուցման համար քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունքից:
Իրավահաջորդի ներկայացուցչի պնդմամբ՝ նախաքննական մարմինը Դերենիկ Գասպարյանի կյանքի համար պատասխանատու անձի ինքնությունը պարզելու եւ կատարած արարքը որպես հանցագործություն որակելու, նրան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ որեւէ գործողություն չի իրականացրել:
«Փոխարենը ներգրավել է սույն դեպքում ոչ իրավասու կողմի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթական պետական տեսչությանը, որն իր գրությամբ հայտնել է, որ տեղի ունեցած դեպքը դասղեկին, փոխտնօրենին, դպրոցի տնօրենին, մանկավարժական կոլեկտիվի որեւէ անդամին կամ խորհրդակցական մարմիններին վերապահված լիազորությունների կատարման կամ չկատարման հետեւանք չեն»,- ասում է Արայիկ Զալյանը՝ հակադարձելով, որ եթե դասասենյակում մանկավարժ լիներ, ծեծկռտուքը կկանխվեր, իսկ Դերենիկ Գասպարյանը չէր զրկվի կյանքից:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/03/03/44716/