Նոր քննություն դատախազի բողոքի հիման վրա
00:00, December 23, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք2010 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 13:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատախազի բողոքի հիման վրա քննության է առնվելու Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը:
Գործի էությունը կայանում է նրանում, որ կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի դատախազություն քրական գործ հարուցելու պահանջով, սակայն Լոռու մարզի քննչական բաժինը քրեական գործի հարուցումը մերժել է: Կազմակերպությունը բողոքարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` քրեական գործ չհարուցելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կազմակերպության դիմումը բավարարել է` վերացնելով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
Այնուհետև, Լոռու մարզի դատախազությունը Լոռու մարզի ընդհանուր իրավասության որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան:
Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է դատախազության բողոքը այն հիմքով, որ կազմակերպության կողմից քրեական գործ չհարուցելու մասին որոշումը չի բողոքարկվել վերադասության կարգով: Վերաքննիչ քրեական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ դատախազությունն իր վերաքննիչ բողոքում նման պահանջ չի ներկայացրել: Այսինքն` վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից և բողոքը քննել է բողոքի սահմաններից դուրս:
Այնուհետև, կազմակերպությունը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան` ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից իրավասությունների շրջանցման հիմքով: Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ եզրակացրել է, որ վերաքննիչ դատարանը չի գործել որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան և դուրս գալով դատախազության կողմից ներկայացված բողոքի սահմաններից` թույլ է տվել խախտում: Այդ հիմքով էլ ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է գործը և ուղարկել վերաքննիչ դատարան` նոր քննության:
Փաստորեն, վերաքննիչ դատարանն իրականացնելու է դատախազության բողոքի նոր քննություն: