Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է․ Արթուր Սաքունց
05:44, December 2, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն, Քաղբանտարկյալներ«Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը, թե բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ, գտնում եմ, որ անհիմն է»․ այս մասին NewsBook.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ըստ նրա, մեղադրանքը հիմնավոր չէ, որովհետև ոստիկանության աշխատակիցը իր համազգեստով պետք է ծառայություն իրականացնի հանրային միջոցառման ընթացքում հասարակական կարգը պաշտպանելիս, նաև ակնհայտ պետք է հանդես գա, որպես նման լիազորություններ ունեցող անձ, որպեսզի քաղաքացիների համար էլ պարզ լինի թե ում հետ գործ ունեն և ինչպես պետք է իրենց պահեն։ Նման դեպք եղել է նաև ապրիլի 9-ին, հետընտրական զարգացումների ժամանակ, քաղաքացիական հագուստով անձինք ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ շարունակ հրմշտել և բռնություն են գործադրել ակտիվիստների վրա և պրակտիկայի համաձայն մնացել են անպատիժ։
Տեղեկացնենք, որ Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը և իր մոտ հարյուր աջակիցների հետ միասին Գայ Ֆոքսի դիմակներով և մահակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, որտեղ տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, որի հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան, ձերբակալվել էր 20 մարդ, որոնցից 6-ին ազատ են արձակել, մյուսներին մեղադրանք են առաջադրել և կալանավորել։
Շանթ Հարությունյանին կալանավորել են և մեղադրանք առաջադրել 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am