Մեր զրուցակիցն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Քաղաքացիական ակցիաներին զուգընթաց ավելանում է ծեծված քաղաքացիական ակտիվիստների և գրեթե ամեն օր բերման ենթարկվածների թիվը: Ըստ Ձեզ՝ սա քաղաքացիական հանրույթին ընկճելու, վերացնելու փո՞րձ է:
-Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների անվտանգության առումով, նորություն չէ, քանի որ եթե դիտարկենք պատմությունը, ապա կտեսնենք, որ ցանկացած ակտիվություն, որն ուղղված է իշխանության ապօրինի գործողությունների կամ որոշումների դեմ, մշտապես արտահայտվել և պարբերաբար կրկնվել է: Հենց եղել է քաղաքացիների ակտիվություն իշխանության ապօրինի գործողությունների նկատմամբ, դրան իշխանությունը մշտապես հակադարձել է ոչ թե երկխոսությամբ, ոչ թե քննադատությունն ընդունելով և վարքագիծը փոխելով, այլ անմիջապես արձագանքել է բռնությամբ:
Այս ամառվա իրադարձությունների հետ կապված մեկ տարբերություն կա. եթե նախորդ ժամանակահատվածներում բռնությունները կիրառվում էին որպես կանոն նախընտրական և հետընտրական ժամանակաշրջանում, երբ բողոքները հիմնականում ուղղված էին ընտրական իրավունքների խախտումներին, ապա հիմա ընտրություն որպես այդպիսին չկա: Մի կարևոր ուղղում անեմ. մենք խոսում ենք զանգվածային ակտիվության և զանգվածային բռնությունների մասին, քանի որ բռնությունը քաղաքացիների նկատմամբ մշտապես է արվում անհատական մակարդակում, երբ զանգվածային երևույթներ կամ բողոքի ակցիաներ չկան:
Այս անգամ տարբերությունն այն է, որ առաջիկա տարիներին ընտրություններ չեն լինելու, և թվում էր, թե ընդվզումներ դժվար լինեն, բայց ուղեվարձի բարձրացման դեմ հանրային ակցիան աննախադեպ էր իր տարածվածությամբ, և ոչ թե մի կենտրոնից կազմակերպված հանգամանքով էր առանձնանում, այլ բազմակենտրոն էր, գործողությունների ինքնակազմակերպման առումով կազմակերպվածություն կար, և իշխանությունը չգիտեր՝ ինչպես վարվել:
Հետո, երբ բողոքի ցույցերը շարունակվեցին, իշխանությունը մի փոքր վախեցավ հատկապես աշնանային այս քաղաքական շրջանից առաջ, որ սա կարող է լայնորեն տարածվել, և իրենց համար անսպասելի երևույթի դեմ միակ տարբերակը ուժի գործադրումն էր, որին ականատես եղանք. ոստիկանության կողմից ապօրինի բերման ենթարկումները, բռնությունները, ծեծը, վերստին իրենց կրիմինալ ահաբեկչական խմբավորումները գործի դրվեցին, որը մեկ նպատակ ունի՝ ցանկացած բողոքի ակցիա իրենց ապօինությունների հետ կապված լռեցնել, որովհետև միաժամանակ մի ամբողջ խնդկիների փունջ ի հայտ եկավ: Այսպիսով, բացի բռնությունից, իշխանությունը այլևս ոչ մի գաղափար, ոչ մի ծրագիր, ոչ մի առաջարկ չունի հանրությանը ներկայացնելու, իր իշխանությունը պահելու վերջին ռեսուրսը մնում է վախեցնելը, ինչը ամենացայնտուն ձևով արտահայտվեց Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի ծեծի ժամանակ:
Այսօր օրակարգում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցն է: Ի՞նչ պետք է անի քաղաքացիական հանրույթը:
– Այսօր օրակարգում անկախության նկատմամբ մարտահրավերի խնդիրն է: Սերժ Սարգսյանի՝ Մաքսային Միությանը միանալու մարտահրավերը ուզած թե չուզած առաջին պլան է մղում քաղաքական նշանակություն ունեցող պահանջները: Հիմա այնպիսի մի խնդիր ձևակերպվեց, որը քաղաքական նշանակություն ունի և բնականաբար քաղաքական բնույթ է հաղորդելու մեր ընդվզումներին:
Մաքսային միությանն անդամակցությունը ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի զարգացման վրա:
-Զարմանալի բան ասեմ, եթե մոդելավորենք, այնուամենայնիվ, շատ հստակ է, ինչ է իրենից ներկայացնում ՄՄ ասածը՝ հանձին ՌԴ-ի, Բելոռուսի և Ղազախստանի այսօրվա իշխանությունների որակի և կառավարման որակի: Հայաստանի դեպքում, նկատի առնելով փակ սահմանները, միակ տեսանելի մոդելը մեկուսացվածությունն է: Ես սա նմանեցնում եմ Հյուսիսային Կորեայի կարգավիճակում գտնվող երկրի, որի բնակչությանը երկրի ռեժիմը սնում է այսպես կոչված միջազգային իմպերիալիզմի, թշնամիների գաղափարներով: Հայաստանի իշխանությունը երկիրը կտանի մեկուսացման, իսկ մեկուսացման պարագայում դառնում է ճահիճ: Աստված մի արասցե, եթե Մաքսային միության անդամագրումը դառնա փաստ, դա կունենանք շատ կարճ ժամկետում: Եվ այս դեպքում, եթե խնդիրների լուծման ուղղությամբ դժվարությամբ էինք շարժվում, բայց առնվազն խնդիրների լուծման հնարավորությունների վեկտոր կար, հիմա այդ հնարավորությունները վերանում են: Ավելին, այդ խնդիրների լուծման հնարավորությունների փոխարեն առաջ է գալիս խնդիրների հիման վրա ռեգրեսի պրոցեսը, և այս խնդիրները դառնում են արդեն որոշիչ:
Եվրոպան համագործակցության ձևաչափը կփոխի՞:
-Բնականաբար, Եվրոպան ցանկացած պարագայում չի կարող անտարբեր մնալ, նա Բելոռուսի, Ղազախստանի նկատմամբ էլ անտարբեր չէ: Բայց, ի տարբերություն Բելոռուսի, որը ինտեգրված է ՌԴ-ի հետ, Հայաստանի անունն է լինելու անդամ, բայց ոչ թե ինտեգրման մասին է խոսք լինելու, այլ մեկուսացված մի տարածքի: Մեր պրոբլեմները չլուծելով՝ դառնալու ենք ՌԴ լծակ Մաքսային Միություն ասվածի ձեռքին՝ Եվրոմիության հետ իրենց հարաբերություններում: Եվրոպական երկրները մշտապես ուշադրության կենտրոնում են մեզ պահելու, մոնիտորինգի տակ ենք մնալու մարդու իրավունքների վիճակի հետ կապված զեկույցների տեսքով: Բնականաբար, եթե չկան զարգացման հնարավորություններ, այդ զարգացման հնարավորությունների բացակայության պայմաններում նաև զարգացման ծրագրեր չեն կարող լինել, այդ դեպքում նշանակում է ամենացածր մակարդակում հարաբերությունների պահպանման խնդիր, որպեսզի Հայաստանը չօգտագործվի որպես սպառնալիք թե հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանականի հետ կապված:
Եվրոպայում գործում է հետևյալ կանոնը՝ օգնում են նրան, ով ինքն իրեն ցանկանում է օգնել: Եվ եթե մենք մեզ չենք ուզում օգնել, Եվրոպան չի կարող մեր մազերից քաշելով զոռով, մի կերպ հանել մեզ այս վիճակից: Նման բան չի լինում քաղաքականության մեջ: Ինքը համբերատար կաշխատի, մինչև դու հասկանաս՝ ինչպես կարելի է խնդիրները լուծել, և չի կարող քո փոխարեն անընդհատ ձուկ բռնել: Սերժ Սարգսյանը, ըստ էության, ընտրեց անընդհատ իր փոխարեն ձուկ բռնելու ճանապարհը: Իսկ Պուտինն ասաց՝ ես քեզ համար կբռնեմ: Ըստ էության, սա շատ խղճուկ վիճակ է: Եվ Եվրոպան այսօր դժվար կացության մեջ է, որովհետև սպասելիքներն այլ էին, այդ սպասելիքները առնվազն ձևավորվել էին մի յոթ տարվա ընթացքում:
Այդ իրավիճակն ապացուցում է որոշման սուբյեկտիվ լինելը, որը բխել է անհատական շահից: Սա նշանակում է՝ անձն այնքան առանձնացված է այն օբյեկտիվ իրականությունից, որում գտնվում է ՀՀ-ն, որ կատարել է զուտ իր անձնական շահից բխող որոշում: Մաքսային միության մեջ մտնելու համար Ղարաբաղյան հարցին հղում կատարելը և դա որպես անվտանգության երաշխիք ներկայացնելն անհեթեթություն է. ինչպես կարող է մեկը լինել քո անվտանգության երաշխավորը, եթե քեզ հետ խոսում է սպառանալիքի լեզվով: Սերժ Սարգսյանն իրեն փրկեց, որովհետև Պուտինը և Հայաստանի վերնախավը՝ հանձին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, համատեղ կապված են մարտի մեկի հանցագործության հետ: Այսինքն՝ շանտաժի բուն մեխը, որի մասին բնականաբար հրապարակավ չեն կարող ասել, հանցագործությամբ կապված լինելն էր, հանցագործություն, որի բացահայտման պարագայում առաջինը Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պետք է որպես պետական հանցագործներ դատապարտվեին: Սերժ Սարգսյանը գերադասեց երկիրը տուժի, քան ինքը: Հիմա կրիտիկական պահ է: Եթե սառը դատողությամբ մոտենանք, պետք է բավական լուրջ խնդիրը դնենք, և այս տեսանկյունից Եվրոպան հասկանում է իր սխալը, քանի որ ինքը համարժեք գնահատական պետք է տար 2008-ի մարտի մեկին: Եվրոպայի մեղմությունը հանգեցրեց նման իրավիճակի, քանի որ եթե հանցագործությանը սկզբունքային գնահատական չի տրվում, ապա հանցագործություն կատարողները երես են առնում, ուրեմն նրանք պատրաստ են երկրորդ անգամ հանցագործություն կատարել, ինչն արեց Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Եթե Սերժ Սարգսյանը կարծում է կրակի վրա յուղ լցնելով ինքը կառավարելի է դարձնում այդ կրակը, չարաչար սխալվում է: Սա շատ նման է Սովետական Միության վերջին տարիներին:
Իշխանությունը վստահության ռեսուրս ընդհանրապես չունի, և Սերժ Սարգսանը սխալը սխալի հետևից է կատարում, քանի որ ցայտնոտային վիճակի մեջ է հայտնվել, հանցագործությունը կոծկելու հնարավորությունները և ռեսուրսները նվազած են: Եվ այս հանցագործության բացահայտման առումով Եվրոպան մեծ ազդեցություն կարող է ունենալ: Խնդիրներ են ծագել, որոնց լուծման համար հնարավորություններն առկա են, և ուղղակի պետք է կազմակերպել Սարդարապատ, բայց ոչ թե նախախորհրդարանի, այլ իրական Սարդարապատ: