Շատ զարմանալի է, որ ՊՆ-ում այդպես օպերատիվ բանակում մահվան դեպքերը որակում են որպես ինքնասպանություն. Արթուր Սաքունց
00:00, October 14, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱյս տարի 30 մահվան դեպք է գրանցվել հայկական բանակում, որից միայն 9-ն է տեղի ունեցել հրադադարի խախտման հետեւանքով:
Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի, ինչպես նաեւ «Բանակն իրականում» խմբի ակտիվիստների բողոքի ակցիա ժամանակ ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա նշեց, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` բանակում մահվան դեպքերի առումով նույն տեմպերն են:
«Առավել հավանական է, որ 1994թ մինչ օրս 3000 մահվան դեպք եղած լինի բանակում, մենք հարցում ենք ուղարկել Պաշտպանության նախարարությանը եւ եթե հակված են թափանցիկ աշխատելու, նշանակում է, որ պետք է դրանք ներկայացնեն հասարակությանը»,- ասաց Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով երեկվա դեպքին, երբ Իջեւանի զորամասում հերթական զինվորն էր մահացել, նա նշեց, որ հենց սկզբից «ինքնասպանության» որակում տալը կասկածանքի առիթ է տալիս, քանի որ դեռեւս պետք է նախաքննություն լինի: «Ինձ համար շատ զարմանալի է, որ քննչական բաժինն այդպես օպերատիվ տվյալներ է հավաքում եւ միանգամից տալիս է տեղեկատվություն` առանց սպասելու քննություն իրականացնելուն: Եթե այդքան օպերատիվ տիրապետում են իրավիճակին, ապա ինչո՞ւ չեն այդպես օպերատիվ կանխարգելում իրավիճակը»,- նշեց նա` հավելելով, որ իրենց ունեցած տեղեկություններով` շատ քիչ փամփուշտներ են տալիս զինվորներին:
Ինչ վերաբերում է ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում կատարված դեպքին, ապա Սաքունցի խոսքով` զինվորի ձեռքին սպաների անուններ էլ են գրված եղել, բայց դրանք փորձում են հանել:
Այսօրվա ակցիային ներկա էին նաեւ բանակում տարբեր տարիներին զոհված զինծառայողների ծնողները, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը, բազմաթիվ ակտիվիստներ: Ակցիայի մասին որոշումը «Բանակն իրականում» խումբը կայացրել է երեկ երեկոյան, երբ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 13-ին Իջեւանի զորամասերից մեկում զոհվել է 21-ամյա Արամ Մելքոնյանը: Նա վերջին 5 օրերի ընթացքում բանակում զոհված 3-րդ զինծառայողն է եղել:
Բանակում` խաղաղ պայմաններում, զոհված զինվորների ծնողները, հարազատները, ամեն մեկը պատմում է իր որդու հետ կատարվածը եւ պահանջում էր պատասխանատվության ենթարկվել մեղավորներին: 2007թ Գեղարքունիքում սպանված զինծառայող Տիգրան Օհանջյանի հայրը` Սուրեն Օհանջյանը նշեց, որ բանակում սպանությունները չեն բացահայտվում, «բոլոր սպանությունները Շոթա Վարդանյանի մոտ այլաձեւվում են, դառնում են ինքնասպանություն կամ դժբախտ պատահարներ»:
Ծնողները բողոքում էին, որ տարիներ շարունակ դիմել են տարբեր պատկան մարմինների, ներկայացրել են բոլոր ապացույցները, սակայն ոչ մի արդյունք չեն ստացել:
«20 օր էր մնում երեխան տուն վերադառնա, մոր առաջ բերեցին 20 տարեկանը չլրացած երեխու դիակը դրեցին»,- ասաց 2008թ մայիսի 9-ին Մեղրի-Ագարակում սպանված զինծառայող Նարեկ Գալստյանի հարազատը:
Նշենք, որ վերջին 5 օրվա ընթացքում արդեն երրորդ մահվան դեպքն է գրանցվում բանակում, եւ բոլոր դեպքերում էլ պաշտոնապես այն որակվում է որպես «ինքնասպանություն»: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին դեպքը տեղի է ունեցել Իջեւանի զորամասում, հոկտեմբերի 13-ին, ժամը 15-ի սահմաններում, իսկ մահացողը ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանն է: Արամ Մելքոնյանը Երեւանի բնակիչ էր, զորակոչվել էր 2011թ. առաջին զորակոչի ժամանակ, Նոր Նորքի զինկոմիսարիատից: Բացի այդ, ըստ պաշտոնական վարկածի, հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում Մատաղիսի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը: Իսկ հոկտեմբերի 9-ին էլ Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը:
Ի դեպ, որ այսօրվա ակցիային մասնակցում էին նաեւ այլ պահանջներով մարդիկ, մասնավորապես` նրանք պահանջում էին ետ վերադարձնել ապօրինի գրավադրված իրենց տները:
Աղբյուրը՝ http://news.am/arm/news/77959.html