Շարունակվում է քաղաքացիական վերահսկողությունը Լոռու մարզում զորակոչի գործընթացի նկատմամբ
00:00, October 17, 2008 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ2008թ-ի հոկտեմբերի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի գործընթացի նկատմամբ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ 2-րդ դասընթացը:
Զորակոչիկների խնդիրների բացահայտման նպատակով դասընթացի մասնակիցները ծանոթացան նրանց և նրանց ընտանիքների հետ հարցազրույցների իրականացման մեթոդներին:
Նրանց ներկայացվեց նաեւ 2008թ. գարնանային զորակոչի մոնիթորինգի արդյունքները:
Աշնանային զորակոչի ընթացքում եւս հարցազրույցներ են իրականացվելու Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր և Ստեփանավան քաղաքներում զորակոչիկների ու նրանց հարազատների խախտված իրավունքների բացահայտման նպատակով:
Հարցազրույցներն իրականացվելու են յուրաքանչյուր քաղաքում 60 զորակոչիկների եւ նրանց ընտանիքների շրջանում հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:
Վերստին ներկայացնելով ծրագրի նպատակն ու խնդիրները` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ նման ծրագիր Հայաստանում առաջին անգամ է իրականացվում, որն իր մեջ ներառում է զինակոչիկների կցագրման, ծանուցման, բժշկական հետազոտման, նրանց նկատմամբ զինկոմիսարիատների ու բժշկական հանձնաժողովների վերաբերմունքի ուսումնասիրությունը:
Հիշեցնենք, որ զորակոչիկների հետ հարցազրույցների ընթացքում բացահայտված իրավախախտումների դեպքում զորակոչիկներին տրամադրվելու է համապատասխան իրավաբանական աջակցություն:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռախոս՝ 0 322 4 22 68
Էլ. Հասցե՝ hcav@hcav.am
Ինտերնետային կայք` www.hcav.am, www.hrlori.am