Շնորհակալագիր՝ Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվության ազատությունը և հրապարակայնությունը զարգացնելու համար
00:00, September 29, 2011 | Նորություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ամփոփեց սեպտեմբերի 21-ին մեկնարկած Տեղեկատվության ազատության շաբաթը։
Միջոցառումն այս անգամ նվիրվում էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տասնամյակին։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց. «Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությունը հզորացնում է հասարակական վերահսկողությունը պետական մարմինների վրա, նրանց ստիպում է առավել բաց աշխատել եւ հաշվետու լինել հանրության առջեւ։ Շատ մարմինների համար սա լավ խթան է՝ կատարելագործելու իրենց աշխատանքը, վերանայելու թերությունները եւ շտկելու դրանք»:
Այս տարի Ոսկե բանալի մրցանակ շնորհվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը՝ որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, Կոտայքի մարզպետարանին՝ որպես 2011 թ. տեղեկատվության ազատության ապահովմանն ուղղված լավագույն պաշտոնական նախաձեռնություն, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ին` որպես 2011 թ. տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն, ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքը` www.moj.am-ը, ճանաչվել է որպես 2011 թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք:
«Լրագիր» էլեկտրոնային թերթի լրագրող Արման Ղարիբյանը Ոսկե բանալի ստացել է որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող, www.PanArmenian.net լրատվական գործակալությունը եւ www.hra.am կայքը՝ որպես 2011 թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոցներ:
Մրցանակաբաշխության ընթացքում Ժանգոտ կողպեքներ շնորհվեցին 2011 թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններին՝ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին եւ «Համալսարանականներ» համատիրությանը։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տասնամյակի կապակցությամբ նաեւ 10 հատուկ մրցանակներ շնորհվեցին այն կազմակերպություններին, որոնք այս 10 տարիների ընթացքում նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման գործում:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակին շնորհվել է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվության ազատությունը և հրապարակայնությունը զարգացնելու համար շնորհակալագիր:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Շահերի պաշտպանության բաժնի համակարգող Օֆելյա Զալյանը նշեց, որ տեղեկատվության ազատությունը հզոր գործիք է մարդու խախտված իրավունքները վերականգնելու համար: Տեղեկատվության ազատության պայքարը ոչ թե մեկօրյա, այլ տևական գործընթաց է և կազմակերպությունը պատրաստվում է շարունակել օգտագործել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը և նրա դրույթների կիրառումը: