«Շուշի» ՔԿՀ-ում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի գործը կրկին դատարանում է
12:38, March 12, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2014 թ. մարտի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննությունը: Նշված դիմումով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները պահանջել են թիվ 62202513 քրեական գործով Հ. Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ և նախաքննության մարմնին պարտավորեցնել վերջինիս՝ տրամադրելու կարճված գործի նյութերի պատճենները:
Հիշեցնենք, որ ՀՀ զինած ուժերի N զորամասի պարտադիր զինծառայող, կոչումով շարքային Հայկ Մովսիսյանը 2012 թ. նոյեմբերի 20-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով, որից մեկ շաբաթ անց ԼՂՀ քննչական մեկուսարանում Հայկ Մովսիսյանին գտել էին մահացած: Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով, ինքնասպանության հասցնելու հատկանիշներով ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որը մասով կարճվել է, քրեակատարողական վարչության աշխատակիցների և քննչական մեկուսարանի կալանավորների, ամբաստանյալների, դատապարտյալների արարքներում հանցակազմի բացակայության հիքով, իսկ Հայկ Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործով պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ պաշտոնական անփութության հատկանիշներով, որտեղ հարուցվել է թիվ 62202513 քրեական գործը: 2013 թ. ապրիլի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և արդարացրել արդեն մահացած Հայկ Մովսիսյանին:
Հ. Պետրոսյանը՝Հայկ Մովսիսյանի մայրը, թե՛ անձամբ, թե՛ ներկայացուցիչների միջոցով բազմիցս դիմել է իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջով, սակայն այդ պահանջները մերժվել են: 2013 թ. դեկտեմբերի 18-ին Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցը և Ա. Զալյանը միջնորդություններ են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ.Բաբայանին և ՀՀ գլխավոր դատախազություն՝ Հայկ Մովսիսյանին տուժող, իսկ Հ. Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջներով, որին ի պատասխան հայտնվել է, որ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Հետագայում մերժվել են նաև կարճված քրեական գործի նյութերը և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը տրամադրելու պահանջները:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղղված դիմումում ներկայացուցիչները հիմնավորել են Հայկ Մովսիսյանի կյանքի իրավունքի խախտումը, ինչը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հաստատած այն իրավական դիրքորոշումից, որ եթե առողջ անձը ոստիկանության կողմից արգելանքի է վերցվել և հետագայում մահացել, ապա պետությունը պարտավոր է ներկայացնել անձի մահվան հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը պետության համար առաջացնում է ոչ միայն նեգատիվ պարտականություններ (ձեռնպահ մնալու համապատասխան ազատություններին միջամտելուց), այլ նաև պոզիտիվ պարտականություններ (սահմանելու տուժողների իրավունքների քրեադատավարական պաշտպանության համարժեք կառուցակարգեր): Սակայն հարուցված քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն չի ընձեռել իրացնելու տուժողին և նրա իրավահաջորդին քրեադատավարական օրենսդրությամ վերապահված իրավունքները, ինչը խոչընդոտել է Հայկ Մովսիսյանի շահերի արդյունավետ պաշտպանությանը:
2014 թ. մարտի 11-ին բողոքի քննությանը ներկայացել էր միայն դիմումատու կողմը՝ Հ.Պետրոսյանի ներկայացուցիչ Ա. Զալյանը: Նախագահող դատավոր Կարախանյանը հայտնեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը պատշաճ կարգով ծանուցվել են բողոքի քննության օրվա և ժամի մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դատարան ներկայացրել է պատասխան և խնդրել գործը քննել իրենց բացակայությամբ՝ զբաղվածության պատճառաբանությամբ, սակայն չի տրամադրել գործի վերաբերյալ նյութերը և դրանց մասին որևէ տվյալ չի նշել իր կողմից ներկայացված պատասխանում: ՀՀ գլխավոր դատախազության կողմից չի ստացվել որևէ գրություն, ինչպես նաև չեն տրամադրվել գործի նյութերը: Ներկայացուցիչ Ա.Զալյանը դատարանին հայտնեց, որ գործի վերաբերյալ այլ նյութեր, քան ներկայացվել են դատարանին, իր տրամադրության տակ առկա չեն, հայտնելով, որ դատարանին պետք է տրամադրվեն թիվ 62202513 քրեական գործի նյութերը, քանի որ միայն դրանց ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլինի պարզել Հայկ Մովսիսյանին տուժող, իսկ Հ. Պետրոսյանին նրա իրավահաջրդ չճանաչելու գործողությունների օրինականությունը:
Դատարանը չբավարարեց ներկայացուցչի միջնորդությունը՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջը, ըստ որի վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր, որից բխում է միայն բողոքի վերաբերյալ կազմված նյութերը պահանջելու և ստանալու դատարանի իրավունքը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարույթն իրականացրած մարմինները դատարանին չեն տրամադրել իրենց մոտ առկա նյութերը՝ դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ գրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը և ՀՀ գլխավոր դատախազությանը դիմելու և նյութերը ստանալու նպատակով:
Այս մասին այլ նյութեր՝ http://www.yerkir.am/am/news/63650.htm