Շատ այլ պատճառներ էլ կան ԼՂ խնդիրը շուտափույթ լուծելու համար
00:00, November 16, 2006 | ՆորություններԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հետեւողականորեն կշարունակեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղությանը մոտեցնելու ուղղությամբ՝ անկախ Հայաստանում եւ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակից: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հարցազրույցում ասել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
«Մենք արդեն մատնանշել ենք Հայաստանում եւ Ադրբեջանում 2007 եւ 2008 թվականների ընտրությունները որպես պատճառ, թե ինչու 2006 թվականը իդեալական «հնարավորությունների պատուհան» է ներկայացնում երկու երկրների միջեւ խաղաղ համաձայնությունը ավարտին հասցնելու համար», – ասել է Բրայզան` ավելացնելով. – «Կան, իհարկե, շատ այլ պատճառներ եւս հակամարտության խաղաղ լուծումը շուտափույթ ընդունելու համար»:
Ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացվելիք ընտրությունները, իրոք, կարող են ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վրա:
«Մենք հուսով ենք, որ ազդեցությունը դրական կլինի, եւ երկու երկրների ժողովուրդները կծանուցեն իրենց առաջնորդներին եւ իշխանության թեկնածուներին այն մասին, որ իրենց հասարակայնությունը ողջունում է խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը մոտենալու ջանքերը», – եզրափակել է Մեթյու Բրայզան:
«Ա1+ օն-լայն», 16.11.2006