Ոլորտ՝ խնդիրների հսկայական փնջով
12:48, June 8, 2013 | Նորություններ | Պացիենտների իրավունքներՍոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայություններ կտրամադրվեն
Այսուհետեւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայություններ կտրամադրվեն։ Համապատասխան հայեցակարգը կառավարությունն արդեն հաստատել է։ Միանգամից ասենք, որ որոշման համաձայն, առաջիկա 5 տարիներին երկրում կստեղծվի շուրջօրյա խնամքի տուն եւ համայնքային ցերեկային կենտրոն, նաեւ՝ կգնվի կամ կվարձակալվի առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն՝ սատարող կացարան ստեղծելու համար։ Սրա գործունեության շնորհիվ էլ խնամքի այլընտրանքային ծառայությունից հոգեկան առողջության խնդիր ունեցող ավելի քան 300 մարդ կօգտվի։
Այս ոլորտում ի՞նչ վիճակ է հիմա մեր երկրում։ Ինչպես տեղեկացանք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, 2013 թ. հունվարի 1—ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հանրապետությունում կազմում է 182643 մարդ, որոնցից 20064—ն է հաշմանդամ ճանաչվել հոգեկան կամ մտավոր խնդիրների պատճառով, որը հաշմանդամների ընդհանուր թվի 10,9 տոկոսն է։ Հաշմանդամ երեխաների թիվը 8015 է, որոնցից 1545—ը՝ հոգեկան կամ վարքի խանգարումներով։ Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում գործում է հոգեկան առողջության հինգ դիսպանսերային հաստատություն, իսկ հաշվառված հոգեկան հիվանդների թիվը շուրջ 45.000 է։ Նախարարը պարզաբանեց, որ այս հայեցակարգի նպատակը ոչ թե առողջապահության համակարգում գործող հոգեկան առողջության ծառայություններին անդրադառնալն է, այլ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված խնամքի եւ սոցիալական սպասարկման ծառայություններին, որոնց քանակը եւ որակը չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Սոցիալական պաշտպանության համակարգում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական սպասարկման համար մեր երկրում գործում է 1 հատուկ մասնագիտացված տուն—ինտերնատ, 3 մասնագիտացված մանկատուն։ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն—ինտերնատը, որը միակն է ՀՀ—ում, իրականացնում է միայնակ տարեց եւ քրոնիկ հոգեկան հիվանդների շուրջօրյա խնամք, խնամվողների իրավունքների եւ շահերի պաշտպանություն, նյութական ու կենցաղային պահանջմունքների բավարարում, սոցիալ—հոգեբանական եւ բժշկական վերականգնման աշխատանքների իրականացում։ Տուն—ինտերնատում բնակվում է 450 մարդ։ Ներկա դրությամբ տուն—ինտերնատ ընդունվելու համար նախարարությունում հաշվառված է շուրջ 50 մարդ, սակայն համապատասխան հաստատություն չլինելու պատճառով նրանք ամիսներով շարունակում են մնալ ընտանիքներում։ «Տարիների փորձը եւ դիտարկումները ցույց են տալիս, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մի զգալի մասը, բուժման մի քանի կուրս ստանալուց հետո, այլեւս բուժման կարիք չունի, ունի միայն խնամքի եւ հասարակությանը հարմարվելու, ինքնասպասարկման ունակությունները զարգացնելու եւ որոշ տարրական հմտություններ սովորելու կարիք, ինչը թույլ կտա նրանց ինքնուրույն ապրել։ Սակայն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանցից շատերն էլ դեռեւս պատրաստ չեն ապրելու ընտանիքում, ունեն հոգեբանական ու սոցիալական խնդիրներ կամ ընտանիքի անդամներն ի վիճակի չեն հոգալու նրանց կարիքները, կամ հրաժարվում են, ոմանք էլ չունեն տուն կամ ընտանիք»,—ասաց Ա. Ասատրյանը։
Հոգեկան հիվանդներն ավելանում են
Այս ամենին էլ հավելած՝ մտահգիչ է այն, որ վերջին տարիներին նկատվում է շուրջօրյա խնամքի կարիք ունեցող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թվի աճի միտում։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներից մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող եւ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար նրանց կարիքներին համարժեք ծառայությունների, մասնավորապես՝ տարբեր մոդելների համայնքային խնամքի տների եւ ցերեկային կենտրոնների ստեղծումն է, ինչպես նաեւ դիսպանսեր հսկողության ուժեղացումը։ Հանրապետությունում կարիքին համարժեք չկան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների եւ դեռահասների խնամքի ու սոցիալական սպասարկման ծառայությունները։ Սոցիալական պաշտպանության համակարգում գործող խնամքի եւ սոցիալական սպասարկման տարբեր ձեւերից (անկախ կազմակերպաիրավական տեսակից) օգտվում է հոգեկան առողջության եւ մտավոր խնդիրներ ունեցող ունեցող շուրջ 1500 անձ, որոնց երկու երրորդը՝ մոտ 1000—ը մտավոր խնդիրներ ունեցող անձինք են։
Ինչպես կբուժեն նրանց
Այսպիսով, առաջարկվող մոդելները հետեւյալն են։
1. Շուրջօրյա խնամքի տուն։ Այս տունը պետք է ունենա ընտանեկանին մոտ պայմաններ, որի գործունեության նպատակն է աջակցել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն կազմակերպելու իրենց առօրյան, լուծելու առօրեական խնդիրներ, ինչպես նաեւ հոգ տանելու իրենց առողջության մասին։ Ինչպես բացատրում են մասնագետները, այս տները հիմնականում այն մարդկանց համար են, ովքեր հոգեբուժարանում բուժվելուց հետո այլեւս ակտիվ բուժման կարիք չունեն, ունեն սոցիալ—հոգեբանական վերականգնման կարիք, սակայն չունեն իրենց մշտական բնակավայրում բնակվելու հնարավորություն՝ չունեն ընտանիք կամ ընտանիքը չի կարող, կամ չի ցանկանում ապահովել նրանց խնամքը։ Շուրջօրյա խնամքի տունը նախատեսված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մշտական կամ ժամանակավոր բնակության համար (առավելագույնը 10 մարդ)։ Խնամքի տան յուրաքանչյուր սենյակ կարող է նախատեսված լինել առավելագույնը 2 հոգու համար։ Այս կարգի խնամքի տները պետք է ապահովված լինեն բոլոր կոմունալ—կենցաղային պայմաններով։ Ցանկալի է, որ տունն ունենա զբաղվածության հատված՝ անհրաժեշտ պարագաներով, բնակիչների զբաղվածության եւ աշխատանքային թերապիայի համար։ Խնամքի տանը պետք է աշխատի բազմամասնագիտական թիմ, որը կաջակցի խնամքի տան բնակիչներին իրենց առօրյա խնդիրները լուծելիս։ Տան բնակիչներն ամեն օր առավոտյան իրենք կորոշեն այդ օրվա իրենց անելիքը, կսահմանեն հերթափոխ, թե ով է կատարելու գնումները, պատրաստելու նախաճաշը եւ ճաշը, լվանալու ամանները։ Այս տիպի տներում չկան հոգեբույժներ՝ նրանք հրավիրվում են անհրաժեշտության դեպքում։ Այս տների ծախսերը կատարվում են մասամբ պետական, մասամբ՝ համայնքի բյուջեներից, մասամբ՝ խնամվողների հաշմանդամության կենսաթոշակներից։ Այսպիսի խնամքի տներում կարող են ապրել ինչպես ժամանակավոր, այնպես էլ անժամկետ։ Խնամքի տները կարող են լինել տարբեր ուղղվածության՝ 18—ից մինչ կենսաթոշակային տարիքի անձանց համար, կենսաթոշակի տարիքի հասած անձանց համար եւ, տարբերակված, ըստ կարիքների ու առողջական վիճակի։
2. Համայնքային ցերեկային կենտրոն։ Կենտրոնները նպատակահարմար է նախատեսել առավելագույնը 50 մարդու համար։ Կենտրոններն, ըստ իրենց ուղղվածության, պետք է տարանջատված լինեն հոգեկան առողջության եւ մտավոր խնդիրներով անձանց համար։ Կարող են նույն կենտրոնում կազմակերպվել տարբեր կարիքներով անձանց համար առանձին խմբեր։ Կենտրոնն ստեղծելիս պետք հաշվի առնել նաեւ այնտեղ հաճախող մարդկանց առանձնահատկությունները՝ տարիքը, առողջական վիճակը, սոցիալական կարգավիճակը եւ, ըստ այդմ, կազմակերպել գործունեությունը։ Այս կենտրոններում աշխատում են տարբեր մասնագետներ՝ հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, դեպք վարողներ, հոգեթերապեւտներ։ Հոգեբույժներն, ըստ անհրաժեշտության, հրավիրվում են բուժհաստատություններից՝ խորհրդատվության նպատակով։ Կարեւոր է այն, որ կենտրոնը գտնվում է ոչ միայն հոգեբուժական հաստատությունից դուրս, այլ՝ համայնքի կենտրոնում։ Այդպիսով հաճախորդը չի կտրվում իր համար սովորական միջավայրից, խնայվում է կենտրոն հասնելու համար պահանջվող ժամանակն ու ճանապարհածախսը, եւ ծառայությունը դառնում է ավելի մատչելի։ Կենտրոնում մշտապես նշվում են տոները, կազմակերպվում մշակութային միջոցառումներ, ինչը նպաստում է կենցաղային հմտությունների զարգացմանը։ Ցերեկային կենտրոնը պետք է ունենա տրանսպորտային միջոց հաճախորդներին տեղափոխելու համար կամ հաճախորդներին վճարի ճանապարհածախսը։ Հաճախորդներին օրը մեկ անգամ տրվում է սնունդ։ Համայնքային ցերեկային կենտրոնը նախատեսված է առավելագույնը 50 այցելուի համար, սակայն պետք է ունենա խմբեր, յուրաքանչյուրում ընդգրկելով ոչ ավելի 10 հոգու։
3. Համայնքային ցերեկային կենտրոններ հոգեկան առողջության եւ մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների եւ դեռահասների համար։ Այս տիպի կենտրոնն էլ կարող է ունենալ մի քանի բաժանմունք՝ ըստ ուղղվածության եւ երեխաների տարիքային կազմի, բնականաբար, 5—14 տարեկան եւ 15—18 տարեկան երեխաները եւ դեռահասները, ինչպես նաեւ հոգեկան խանգարումներով ու մտավոր հետամնացություն ունեցողները պետք է այցելեն կենտրոնի տարբեր բաժանմունքներ կամ տարբեր կենտրոններ (հնարավորության դեպքում)։ Հաճախորդների նախընտրելի քանակը մի հերթափոխում կամ մի խմբում չպետք է գերազանցի 10—ը։ Կենտրոնի հաճախորդների համար ցուցաբերվում է միայն ցերեկային խնամք՝ այս երեխաներին ընտանիքից եւ սոցիալական միջավայրից չկտրելու համար։ Աշխատակազմը բաղկացած է հոգեթերապեւտից, հոգեբույժից, սոցիալական աշխատողից, սոցիալական եւ հատուկ մանկավարժներից, որոնք իրականացնում են բազմակողմանի շտկողական աշխատանք. շտկում են խոսքը, իրականացնում ֆիզիոթերապիա՝ սովորեցնելով ճիշտ նստել, քայլել, երաժշտական թերապիա, ֆիլմերի դիտում, քննարկում եւ այլն։ Կենտրոնը կարող է իրականացնել միանգամից երկու ֆունկցիա՝ ցերեկային խնամք երեխաների համար, ինչը թույլ է տալիս ծնողներին եւ խնամակալներին աշխատել, ինչպես նաեւ՝ հոգեշտկում։ Կենտրոնը սոցիալ—հոգեբանական աշխատանք է տանում նաեւ երեխաների ընտանիքների հետ։ Այս կենտրոնները եւս պետք է համաֆինանսավորվեն համայնքի կողմից։
4. Սատարող կացարանը։ Սա որոշակի ժամկետով կամ անժամկետ տրամադրվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին, որն անցել է բուժման կուրս, չունի ակտիվ բուժման կարիք (հոգեբույժի եզրակացությամբ), եւ այդ բնակարանում նա հարմարվում է անկախ կյանքին՝ մասնագետների աջակցությամբ, ովքեր նրան սովորեցնում են ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ հմտություններ՝ սննդի պատրաստում, հիգիենայի կազմակերպում, բյուջեի պլանավորում եւ այլն։ Որոշ երկրներում սատարող կացարանն անվանում են կյանքի աջակցության հատուկ տուն։ Այս կարգի ծառայության դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն ինքը, կամ նրա ընտանիքը, կամ շահագրգիռ որեւէ կազմակերպություն կարող է վարձակալել բնակարան ու կազմակերպել տվյալ անձի առօրյան առավել ինքնուրույն։ Սովորաբար այդպիսի բնակարանում կարող են ապրել 2—3 մարդ՝ յուրաքանչյուրն ունենալով իր անձնական սենյակը, իսկ առանձնատանը՝ առավելագույնը՝ 10 մարդ։ Հիմնականում վարձակալվում է տեղական ինքնակարավարման մարմիններին պատկանող բնակարան կամ առանձնատուն։ Վարձավճարի մի մասը տրամադրում է ՏԻՄ—ը՝ որոշակի հարաբերակցությամբ, համաձայն պայմանավորվածության։ Այս եւ մնացած բոլոր հարցերում սատարող բնակարանի բնակչին օգնում են համայնքում գործող տարբեր սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններ։ Այս բնակարանում բնակվող յուրաքանչյուր անձի կցվում է մեկ մասնագետ (դեպք վարող)։