ՈՉ ԱՅԼ ԻՆՉ, ՔԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ
00:00, February 6, 2010 | Նորություններ | Զինված ուժերՆախօրեին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի վերաբերյալ նոր` «Բանակի ներգրավումը 2008թ. մարտի հայաստանյան իրադարձություններին» անվանումով բանաձեւի նախագիծ է շրջանառության մեջ դրվել:
Բանաձեւի նախագծի բովանդակությունում, որը հրապարակել ենք մեր թերթի նախորդ համարում, ՀՀ քաղաքացիներիս համար ոչ մի նորություն չկա: Թերեւս նորությունն այն է, որ Մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո հայտնի քաղաքացիական բողոքի ալիքը ճնշելու նպատակով բանակն օգտագործելու փաստը երկու տարի անց, ի վերջո, ԵԽԽՎ պատվիրակների ուշադրությանն է արժանացել:
Հիշեցնենք, որ շրջանառության մեջ դրված փաստաթղթում նշված է, որ դրա համար հիմք է հանդիսացել անցած տարվա դեկտեմբերին ի հայտ եկած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հայտնի հրամանը, որը նա արձակել է 2008-ի փետրվարի 23-ին: Միքայել Հարությունյանի այդ հրամանով ՊՆ համակարգում, ավելի կոնկրետ Երեւանի կայազորում, գործնականում նոր` ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված կառույց եւ զինված ստորաբաժանումներ են ստեղծվել: Բանաձեւի նախագծում (4-րդ կետ) նշվում է, թե հրամանն ապացուցում է, որ մինչեւ Մարտի 1-ի իրադարձությունները բանակի ստորաբաժանումներին Երեւանում հավաքվելու հրաման է տրվել: Իսկ ներքաղաքական կյանքում բանակի օգտագործումը` ուղեկցված քաղաքացիների քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների սահմանափակմամբ եւ բռնություններով, ըստ բանաձեւի նախագծի, պետական հեղաշրջման տարրեր է պարունակում (5-րդ կետ):
Երեկ փորձեցինք հայաստանյան մի քանի իրավապաշտպան կազմակերպություններից պարզել, թե արդյոք իրենք համամիտ են բանաձեւի նախագծի վերը բերված գնահատականի` Մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցածը պետական հեղաշրջում որակելու հետ:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը մեզ հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց այն փաստի առնչությամբ, որ Մարտի 1-ին բանակի օգտագործման խնդրին միջազգային կառույցներում նոր են ուշադրություն դարձնում: «Իրենք (ԵԽԽՎ-ում- Վ.Հ.) նո՞ր են իմացել, որ ուժ է գործադրվել, որ կեղծվում են ընտրությունները, որ մարդկանց հետապնդում են քաղաքական հայացքների համար, որ ոչ մի անաչառ հետաքննություն չի կարող լինել, եւ հրաման տվողները պատասխանատվության չեն ենթարկվի»,- հռետորական հարց է տալիս Կոստանյանը: Նա նաեւ անդրադարձավ այն հանգամանքին, թե ինչպես է 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո ԵԽԽվ-ն անընդհատ «ըմբռնումով» է մոտեցել իր առաջարկությունները ՀՀ իշխանությունների կողմից չկատարելու փաստին եւ դրանով փաստորեն արդարացրել Հայաստանում տեղի ունեցած հակաժողովրդավարական զարգացումները: «Սա, միանշանակ, հերթական փորձն է ճնշում գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա` քաղաքական զիջումների ակնկալիքներով»,- ասում է Ամալյա Կոստանյանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գնահատմամբ քաղաքական կյանքում բանակի օգտագործումը բնորոշ է միայն բռնապետական պետություններին, որոնցում իշխանական լծակները պահպանելու, բնակչությանը հպատակեցնելու տնտեսական, ֆինանսական ռեսուրսներին տիրապետելու միակ հնարավորությունը զինված ուժերի օգտագործումն է: «Նման պետություններում օրենսդրորեն ամրապնդվում եւ իրավական ձեւակերպում է ստանում բռնապետությունը: ՀՀ Սահմանադրությամբ` զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»,- ասում է Սաքունցը: Վերջինիս գնահատմամբ Միքայել Հարությունյանի հայտնի հրամանով զինված ուժերն օգտագործվել են քաղաքական նպատակով: «Մարտի 1-ին բանակի գործածումը խաղաղ բնակիչների դեմ հանդիսանում է սահմանադրական կարգի փոփոխություն: Հայաստանի Հանրապետությունը դրանով իսկ բռնազավթվել է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի եւ նրանց կուսակցությունների, ՀՅԴ-ի, ՍԴ-ի եւ նրա նախագահ Գագիկ Հարությունյանի, նրանց աջակցողների ու ծառայողների կողմից»,- ասում է Սաքունցը: Վերջինիս գնահատմամբ ՀՀ Սահմանադրությունը եւ օրենսդրությունը, միջազգային պայմանագրերը դադարել են Հայաստանում գործել: «Դրա վկայությունն են թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական, թե՛ քրեական բնույթի բազմաթիվ դատավարությունները, իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունները` թե՛ հրապարակավ, թե՛ ոստիկանական բաժանմունքներում: Գործում են ոչ թե օրենքի եւ իրավունքի տրամաբանությունն ու նորմերը, այլ պետությունը բռնազավթածների անձնական, խմբային շահերը եւ ցանկությունները»,- Հայաստանում տիրող իրավիճակն այսպես է բնորոշում Սաքունցը:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը եւս համամիտ է ԵԽԽՎ բանաձեւի նախագծում բերված գնահատականի հետ, որ Մարտի 1-ին տեղի ունեցածը պետական հեղաշրջում է եղել: «Երբ ՀՀ Սահմանադրությունն է խախտվում, եթե բանակն օգտագործվում է ի վնաս ժողովրդին, որին այդ բանակը պետք է պաշտպանի, ապա դա պետական հեղաշրջում է»,- ասում է Դանիելյանը: Վերջինիս գնահատմամբ միանշանակ է, որ ուժային մեթոդներով իշխանություն պահելը եւս հեղաշրջում է եւ նման բազմաթիվ օրինակների կարելի է հանդիպել աֆրիկյան պետություններում, Կենտրոնական Ամերիկայի երկրներում: Ըստ Դանիելյանի ներքաղաքական գործընթացներում բանակը ներգրավվելուն այլ անվանում հնարավոր չէ տալ: