Ոչ թե արդարադատություն, այլ կոմպրոմիս. Իրավապաշտպանները` «Հարսնաքար»-ի գործով վճռի մասին
14:20, April 30, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք«Հարսնաքար»-ի գործով բոլոր վեց ամբաստանյալների պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել` պահանջելով կամ արդարացնել իրենց պաշտպանյալներին կամ իրավական ճիշտ որակում տալ նրանց գործած արարքներին: Նրանք բոլորն էլ կարծում են, որ պատժի անհատականացման սկզբունքը չի կիրառվել և բոլորին տարբեր արարքների համար նշանակվել է միասնական առավելագույն պատիժ:
Հիշեցնենք` ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ՊՆ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացել էր, իսկ նրա ընկերները` տուժել: Գործով մեղադրյալներ Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Նորայր Հայրապետյանը բոլորը միասին մարտի 24-ին հրապարակված դատվճռով, դատապարտվել էին 12 տարի ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի: Մեղադրող դատախազը պահանջել էր նրանց բոլորին դատապարտել 13 տարի ազատազրկման: Բոլոր վեց ամբաստանյալներին առաջադրվել էր նույն մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, 113-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը և 118-րդ հոդվածով՝ ծեծը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանիկարծիքով, «Հարսնաքար»-ի գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ինքնուրույն չի գործել և հասարակական վրդովմունքը մեղմելու համար բավական խիստ պատիժ է կիրառել:
«Որպեսզի հասարակությանը հանգստացնի, դատարանը ուղղակի ստանդարտացված խիստ պատիժներ է կիրառել շատ ամբաստանյալների նկատմամբ: Կարծում եմ` նման դեպքում նույնպես կատարվել է ոչ թե արդարադատություն, այլ դատարանը կոմպրոմիսի է գնացել իշխանության և հասարակության հետ` իշխանության հետ համաձայնեցնելով և հասարակությանը հանգստացնելով, թե տեսեք` ինչ խիստ պատիժ եմ տալիս այդ աղմկահարույց գործով», –Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով, միանշանակ է` «Հարսնաքար»-ի գործով հասարակական ճնշում է եղել, քանզի հակառակ դեպքում գործով վճիռն այլ կլիներ:
«Լավագույն դեպքում ընդամենը մի երկու հոգի պայմանական կստանային», -նկատեց նա:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ այդ նախաքննական մարմինն էր պարտավոր պատժի անհատականացման սկզբունքն ապահովել` հանցանքի ծանրության ու մեղսակցության աստիճանը որոշելու հարցում: Սակայն նրա պնդմամբ, նախաքննական մարմնի վրա ճնշում է կատարվել, ինչն էլ խոչընդոտել է ազատ գործել:
«Նախաքննական մարմնի վրա ճնշումներ են եղել Ռուբեն Հայրապետյանի կողմից և պետք էր ապահովել այնպիսի պայմաններ, որ նախաքննության մարմինները պաշտպանված լինեին: Ասել, որ պատժի անհատականացման սկզբունքը չի կիրառվել, դիտվում է շատ մերկապարանոց հայտարարություն կտրված բուն կոնտեքստից, որովհետև իրենք խոչընդոտել են, որ անհատականացման սկզբունքը չապահովվի», -Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Հարցին, թե արդյոք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը մարդու իրավունքների տեսանկյունից խախտո՞ւմ էր, թե՞ արդարության հաստատում, Սաքունցը պատասխանեց այսպես. «Որպեսզի մենք խոսենք մարդու իրավունքների խախտման հանգամանքի մասին, պետք է հասկանանք արդյոք ապահովվա՞ծ են եղել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն: Ինքնին խախտումը եղել է ի սկզբանե, երբ չի իրականացվել օբյեկտիվ քննություն: Եվ սա ավելի շատ խոսում է Վահե Ավետյանի իրավունքների խախտման մասին: Նույնիսկ կարող եմ վստահաբար ասել, որ կանխամտածված խախտումներ են կատարվել նախաքննության ընթացքում, որպեսզի հիմքեր ստեղծվեն կասկածի տակ դնելու դատարանի վճիռը: Հիմա բուն պատճառը թողած, որը հանգեցրել է այս իրավիճակին, հետևանքների մակարդակով խոսենք արդար դատաքննության իրավունքի կամ մեղադրյալների իրավունքների պաշտպանության մասին, կլինի ուղղակի անմտություն»:
Սաքունցի խոսքով, Վահե Ավետյանի սպանության համար պետք էր մեղադրանք առաջադրել ամբաստանյալներին, որն ավելի ծանր կլիներ, քան առաջադրված մեղադրանքն է եղել:
«Հստակ է, որ Վահե Ավետյանի կյանքն հնարավոր չէ փրկել. հիվանդանոցում մեկ շաբաթ պահել են, որ սպանության հանգամանքը կոծկեն: Այսինքն, օբյեկտիորեն արդեն իսկ Վահե Ավետյանը մահացած է եղել», -նկատեց նա:
Հարակից հրապարակումներ`
«Հարսնաքար»-ի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել. Կլինի նաև արդարացման պահանջ
Կարծես ոչինչ էլ չի եղել, կարծես էդպես էլ պիտի լիներ. Փաստաբանը` դատարանում իր նկատմամբ սպառնալիքների մասին
Նոր հանգամանք «Հարսնաքար»-ի գործով` Ն. Հայրապետյանը հայտարարել է, թե ինքն է հարվածել Վահե Ավետյանին
Աղբյուրը՝ www.panorama.am