Ոստիկանները քաշքշեցին Շանթ Հարությունյանի որդուն. «Արի ստեղ հլը, արի ասեմ» (Տեսանյութ)
07:53, November 9, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՆոյեմբերի 5-ին հեղափոխական ակցիայի նախաձեռնող Շանթ Հարությունյանին եւ ակցիայի մյուս մասնակիցներին ազատ արձակելու պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ սկսեցին Ազատության հրապարակից:
Երթի նախաձեռնող իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նախքան երթը սկսելը հստակեցրեց իրենց պահանջները: Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Հունան Պողոսյանի եւ ոստիկանության մյուս աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինությունների եւ բռնությունների հիմքով հարուցել քրեական գործեր, ինչպես նաեւ պահանջում են հիմնավոր քննություն կատարել եւ հանրությանը ներկայացնել, թե ինչ օպերատիվ հետախուզական տվյալների հիման վրա են նոյեմբերի հինգին Մաշտոցի պողոտայում կենտրոնացվել հատուկ ջոկատայինները, կարմիր բերետավորներն ու ջրցան մեքենաները:
«Քաղաքացիական բոլոր նախաձեռնությունների նկատմամբ դրսեւորվում են բռնություններ, ուժ, ծեծ՝ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Այդ բոլոր ապօրինությունները մնում են անպատժելի…այս ամենը կառավարվում է իշխանությունների կողմից»,- դժգոհեց Արթուր Սաքունցը:
Հետո, որպես ակցիայի կազմակերպիչ, ոստիկաններին տեղեկացրեց, որ պատրաստվում են ակցիան անցկացնել փողոցով ու պահանջեց ապահովել ակցիայի մասնակիցների անվտանգությունը:
Սկսվեցին տարաձայնությունները նրա եւ Երեւանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանի միջեւ:
«Որ ամբողջությամբ մայթ չբարձրանաք, այդպես չի լինի»,- ասաց պարոն Օսիպյանը: Պարոն Սաքունցն էլ սկսեց հավաքների ազատության մասին օրենքի որոշ հատվածներ կարդալ: Պարոն Օսիպյանն էլ հեգնեց՝ գոնե հասկանո՞ւմ եք, ի՞նչ եք կարդում:
Երթին միացավ նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը եւ վերցրեց Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Գասպարյանի նկարներով եւ հայհոյանքով գրությամբ ցուցապաստառ: Նրա վրա հարձակվեցին ոստիկանները, խլեցին ձեռքից պաստառն ու սկսեցին քաշքշել նրան:
«Արի ստեղ հլը, քեզ ո՞վ է տվել, ի՞նչ բարոյական իրավունք ունես նման բան վերցնելու…արի ասեմ»,- հարցաքննեց Շահենին պարոն Օսիպյանը:
Մինչ ոստիկանները աջ ու ձախ կողմերից քաշքշում էին Շանթ Հարությունյանի որդուն, միջամտեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, պահանջեց հանգիստ թողնել նրան: Տիկին Փոստանջյանն ու մյուս ակտիվիստները շրջափակեցին Շահենին՝ նրան պաշտպանելու համար:
Ակտիվիստները պարոն Օսիպյանից պահանջեցին վերադարձնել իրենց պաստառը ու սկսեցին ծիծաղել, երբ նա ասաց, որ ոչ ոք բարոյական իրավունք չունի որեւէ մեկին վիրավորել իր պաստառով: Ակտիվիստներն էլ նրան հեգնեցին՝ խոսքի ազատություն է: Շահենից վերցված ցուցապաստառն այդպես էլ չվերադարձվեց, որքան էլ ակտիվիստները պահանջեցին՝ պարոն Օսիպյան, վերադարձրեք գողոնը:
Ակտիվիստներն իրենց բողոքի երթը շարունակեցին՝ «ՀՀ ոստիկանություն, այ քեզ խայտառակություն» կոչերով:
Աղբյուրը` http://www.aravot.am/2013/11/09/403947/
Այս մասին այլ նյութեր`
Երթ Շանթի համար – civilnet.am
«Ազատություն Շանթին և մյուս ձերբակալվածներին». ակցիա և երթ Երևանի կենտրոնում – 1in.am
«Ազատություն Շանթին և մյուս ձերբակալվածներին». բողոքի երթը մեկնարկեց galatv.am
Ոստիկանների անօրինական գործողությունները – hraparak.am
Ազատության հրապարակից Սաքունցի ղեկավարած երթի մասնակիցները կուղղվեն դեպի Ոստիկանություն – panorama.am
Երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորվածների -168.am
Երթը մեկնարկեց – 168.am
Բողոքի երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորված անձանց (տեսանյութ) – 168.am