Ոստիկանների գործը՝ դատարանում
00:00, July 2, 2010 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն«Առավոտի» տեղեկություններով, հուլիսի 6-ին Հրազդանի դատարանում, դատավոր Մ. Մակեյանի նախագահությամբ, կսկսվի Չարենցավանի ոստիկանության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ոստիկանության բաժնում ծեծից հետո հնարավոր ինքնասպանության էր դիմել գողության կասկածանքով բաժին տարված Վահան Խալաֆյանը: Մեղադրանքը, ըստ մեր տեղեկությունների, պաշտպանում է Հարություն Հարությունյանը: Ամբաստանյալներից Աշոտ Հարությունյանի եւ Մորիս Հայրապետյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանք, իսկ Գարիկ Դավթյանի եւ Գագիկ Ղազարյանի նկատմամբ՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու համար:
Ի դեպ, վերջին երկուսը արցախյան պատերազմի մասնակիցներ են, ոստիկանության համակարգում են համապատասխանաբար 30 եւ 24 տարի: Գ. Դավթյանի եւ Գ. Ղազարյանի պաշտպանությունը ստանձնել է երեւանցի փաստաբան Արայիկ Հարությունյանը: Ըստ նրա էլ, իր պաշտպանյալների մեղադրանքի հիմքում դրվել է հետեւյալը. «Աշոտ Հարությունյանին չհակադրվելու եւ նրա հետ ունեցած ծառայողական փոխհարաբերությունները պահպանելու նպատակով որեւէ կերպ չեն փորձել կանխել վերջինիս հանցավոր գործողությունները, այդպիսով, հեղինակազրկելով պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը»:
Խոսքն այն մասին է, որ պետը՝ Ա. Հարությունյանը, ապտակել է Խալաֆյանին, իսկ ենթակաները չեն բռնել նրա ձեռքը: Պաշտպանը տեղեկացրեց, որ ոստիկանները դիմել են հանրապետության նախագահին, որ իրենց արարքում բացակայում է հանցակազմը, սակայն նամակը ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբ: Մինչ այդ Ղազարյանը եւ Դավթյանը ծառայողական քննության արդյունքներով պատժվել էին:
Աղբյուրը` http://aravot.am/am/articles//0/view/all