Ոստիկանությունում հարցաքննվել է անչափահաս տղա
00:00, January 20, 2009 | Նորություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողություն2009թ. հունվարի 17-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին:
2009թ. հունվարի 16-ին մեր կազմակերպություն է դիմել Վանաձոր քաղաքի Աղայան 90/41 հասցեում բնակվող, 24.09.1993թ. ծնված Սուրեն Այվազյանը իրեն ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից ապօրինի ոստիկանություն տեղափոխելու, պահելու, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացնելու համար:
Դեպքի նկարագրություն
Ըստ Սուրեն Այվազյանի` 2009թ. հունվարի 10-ին Աղայան 88/43 հասցեի բնակիչ Հարություն Գալստյանի բնակարանից շենքի բակ իջնելիս, դեռևս շքամուտքից դուրս չեկած, 5-6 մարդ, որոնց թվում նաև ոստիկանության համազգեստով անձինք, միանգամից բռնել են Սուրեն Այվազյանի և Հարություն Գալստյանի թևերից և առանց որևէ բառ ասելու նստեցրել 2 տարբեր մեքենաներ:
Սուրեն Այվազյանը, մինչ ավտոմեքենան նստելը, Բազումի ոստիկանության Արտյոմ անունով աշխատակցին խնդրում է թույլ տալ իրեն՝ գնալ տուն և տանը հայտնել, բայց վերջինս թույլ չի տալիս և նստեցնում է մեքենան: Ըստ Սուրեն Այվազյանի՝ ոստիկանության մյուս աշխատողը թիկնեղ, ճաղատ, զինվորական վերնազգեստով է եղել:
Մինչ ոստիկանության բաժանմունք հասնելը, մեքենայում Սուրեն Այվազյանը վերստին խնդրել է, որ հայտնի տանը, բայց լսել է «ձայնդ կտրիր» արտահայտությունը, որին հետևել են մի շարք հայհոյանքներ:
Ճանապարհին ոստիկանության աշխատակիցը հարցրել է. «Ինչու՞ ես գնացել Հարութիկենց տուն»: Սուրեն Այվազյանը պատասխանել է, որ Հարություն Գալստյանը` նույն Հարութիկը, իր ընկերն է: Վերջինս խնդրել էր գնալ իրենց տուն՝ բջջային հեռախոսի քարտ լիցքավորելու: Հետո Վահե անունով ոստիկանության աշխատակիցը դիմել է Սուրեն Այվազյանին, թե «Հեռախոսդ տուր՝ նայեմ»: Սուրեն Այվազյանը հեռախոսը հանձնել է Վահեին: Վերջինս հարցրել է, թե որտեղից է գողացել այն: Սուրեն Այվազյանը պատասխանել է, որ չի գողացել. մայրն է գնել իր համար: Ոստիկանության աշխատակից Վահեն հայհոյել է Սուրեն Այվազյանին, պահանջել` անջատել հեռախոսը և դնել գրպանը:
Բազումի բաժանմունքում Սուրեն Այվազյանին տեղափոխել են մի աշխատասենյակ, իսկ Հարություն Գալստյանին` մեկ այլ: Աշխատասենյակում գտնվելու ընթացքում Սուրեն Այվազյանը մենակ է եղել աշխատասենյակում, պարբերաբար ներս են մտել ոստիկանության աշխատակիցները և հարցրել. «Կարո՞ղ է փախչես, դուռը բաց ենք թողնում»: 30 րոպե անց 3 ոստիկանության աշխատակիցներ ներս են մտել, որոնցից մեկը Գոռ անունով, հարցրել է` «Ի՞նչ գործ ունես Հարութի հետ»: Այվազյանը պատասխանել է, որ մանկության ընկերն է: Նույն աշխատողն ասել է, որ «Եթե ընկերդ է, ուրեմն կիմանաս, թե Վարդանլու, Քարքարոտ, Բանգլադեշ ի՞նչ ընկերներ ունի»: Սուրեն Այվազյանը պատասխանել է, որ չգիտի: Ոստիկանության աշխատակիցը պնդել է. «Պատասխանի, թե չէ հիմա կնստեցնեմ էլեկտրական պլիտայի վրա»: Այդ ընթացքում ներս է մտել Արտյոմ անունով աշխատակիցը, իսկ սենյակից 2 աշխատողները դուրս են եկել: Սուրեն Այվազյանը վերստին խնդրել է Արտյոմին, որ զանգեն` նրա ծնողը գա: Արտյոմը պատասխանել է. «Էսա, մի քիչ հետո քեզ բաց ենք թողնում»: Այնուհետև Արտյոմը հայտարարել է, որ «Էդ ինչ եք արել, Հարութը քեզ ինչքա՞ն ոսկի է տվել» և առանց պատասխանի սպասելու` ապտակել է Սուրեն Այվազյանին և հայհոյել: Վերջում Արտյոմը հայտարարել է. «Էդ գողակա՞ն էս գնում» և նորից հայհոյելով դուրս է եկել աշխատասենյակից: Այդ աշխատասենյակում Սուրեն Այվազյանը մնացել է 1-1.5 ժամ:
15:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում Ս. Այվազյանին տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ 3 աշխատող են եղել` 2-ը` երիտասարդ, 1-ը` տարիքով, բոլորն էլ քաղաքացիական համազգեստով: Տարիքով աշխատողը Սուրեն Այվազյանին առաջարկել է նստել բազմոցին և վերջինիցս պահանջել է բջջային հեռախոսը դնել սեղանին: Հետո նա բջջային հեռախոսը դրել է իր գրպանը: Սենյակում գտնվող, /քիթը ջարդած/ մյուս աշխատողը պարբերաբար հայհոյել է, հարցել, թե «Ովքե՞ր են ընկերներդ, ու՞մ հետ ես ընկերություն անում», այդ ընթացքում 2-3 աշխատակիցներ պարբերաբար մտնել են սենյակ, ապտակել, խփել Սուրեն Այվազյանի գլխին, ասելով` «ի՞նչ կա արա»: Արշակ անունով աշխատակիցը մի պահ միջամտել է. «Արա°, բան չի արել, խելոք, մի խփեք»:
Մոտ ժամը 18:00-ին բոլորը դուրս են եկել այդ աշխատասենյակից, Սուրեն Այվազյանը այդտեղ մնացել է մինչև 20:30-ը: Այդ ընթացքում նա տեսել է, թե ինչպես են դիմացի աշխատասենյակում ոստիկանության աշխատակիցը՝ Արտյոմ անունով, և զինվորական համազգեստով ճաղատ, թիկնեղ աշխատողը ծեծում Հարություն Գալստյանին և պարբերաբար հայհոյում:
Սուրեն Այվազյանը հայտնում է, որ աշխատասենյակի դուռը, որտեղ ինքը գտնվել է, կիսափակ է եղել, իսկ մյուս աշխատասենյակի դուռը, որտեղ ծեծել են Հարություն Գալստյանին, բաց է եղել: Այդ ընթացքում Արտյոմը հայտնել է Ս. Այվազյանին, որ նա 30 րոպեից կգնա տուն:
Մոտ 1 ժամ հետո Արշակ անունով աշխատակիցը ասել է. «Գնա’ տուն և տանից դուրս չգաս»:
Ս. Այվազյանը հարցրել է. «Չհայտնի՞ արդյոք Հարութի ծնողներին, որ նա ոստիկանությունում է»: Ոստիկանության աշխատակից Արշակը հայտարարել է. «Եթե ասել ես, կգամ երկու-երեք օր անընդհատ կտանեմ բաժին, հետո ձեր թաղի տղերքին կտանեմ բաժին ու կասեմ, որ դու ես իրենց անունները տվել»:
Ս. Այվազյանը հայտնել է, որ ոստիկանության բաժանմունքում գտնվելու ընթացքում նաև տեսել է, թե ինչպես են ծեծում Մուշեղ անունով մեկ այլ երիտասարդի:
Փաստական հանգամանքններ
1. 2009թ. հունվարի 10-ին Աղայան 88/43 հասցեից հետաքննություն իրականացնող մարմնի կողմից Սուրեն Այվազյանը և Հարություն Գալստյանը հարկադարաբար տարվել են ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունք:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը պարտավոր էր կայացնել պատճառաբանված որոշում` Սուրեն Այվազյանի նկատմամբ նման գործողություններ իրականացնելու համար, բացի այդ նման գործողություններ կարող էին իրականացվել այն դեպքում, երբ կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, վկան և տուժողը առանց հարգելի պատճառի քննության չէին ներկայացել: Մինչդեռ, Սուրեն Այվազյանը քննության ներկայանալու ծանուցում երբևէ չի ստացել, նրան բերման ենթարկելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համապատասխան որոշում չի կայացվել:
2. 2009թ. հունվարի 10-ին 24.09.1993թ. ծնված Սուրեն Այվազյանը /Սուրեն Այվազյանի 16 տարին փաստացի չի լրացել/ ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքում պահվել է մոտ 1-1,5 ժամ, նրան, առանձ օրինական ներկայացուցչի մասնակցության ոստիկանության աշխատակիցները տարբեր հարցեր են ուղղել:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Սուրեն Այվազյանին հետաքննության մարմինները պարտավոր էին կանչել ոստիկանության համապատասխան բաժանմունք ծանուցագրով, որտեղ պետք է նշվեր, թե ով է կանչում, ում, դատավարական ինչ կարգավիճակով: Նույն հոդվածի 4-րդ կետով նման դեպքում Սուրեն Այվազյանը որպես անչափահաս, պետք է ոստիակնություն կանչվեր իր օրինական ներկայացուցչի միջոցով: Նույն օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն` մինչև տասնվեց տարեկան վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը պետք է իրականացվեր մանկավարժի մասնակցությամբ: Հարցաքննությանը գտնվելու իրավունք ուներ նաև նրա օրինական ներկայացուցիչը:
Մինչդեռ, ոստիկանության Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից Սուրեն Այվազյանի դատավարական կարգավիճակը չի պարզաբանվել, ավելին, առանձ որևէ դատավարական կարգավիճակի նրան տեղափոխել են ոստիկանություն և քննել առանձ մանկավարժի կամ օրինական ներկայացուցչի մասնակցության:
3. 2009թ. հունվարի 10-ին ոստիկանության Բազումի բաժանմունքում պահվելու
ժամանակ ոստիկանության աշխատակիցները Սուրեն Այվազյանին պարբերաբար հայհոյանքներ են հասցրել, հարվածել և սպառնացել վերջինիս: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածով ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: ՀՀ վավերացրել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան», որի 3-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Նույն կոնվենցիայի 5-րդ հոդվածով` անձն ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով:
Տվյալ դեպքում, ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքը:
Եզրահանգումներ
Հարգելի° պարոն գլխավոր դատախազ, Վանաձորի Ոստիկանության Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառման, արժանապատվությունը նվաստացնող, անմարդկային վերաբերմունքի և ապօրինի անազատության մեջ պահելու մասին մենք ներկայացրել ենք այլ հաղորդում 2008թ. դեկտեմբերի 8-ին` Մհեր Հարությունյանի վերաբերյալ, որտեղ նշվել է ոստիկանության աշխատակից Արտյոմի անունը: Այս հաղորդման մեջ Ս. Այվազյանը նույնպես նշում է Արտյոմ անունով աշխատակցի անունը:
Ոստիկանության աշխատակիցների կողմից քրեական հանցագործության բացահայտման ուղղությամբ իրականացվող գործողությունները շարունակում են կրել հակաօրինական բնույթ, որով խախտվում են մարդու իրավունքները: Դրանց շարունակությունը վկայում է ոստիկանության աշխատակիցների մոտ անպատժելիության զգացման մասին:
Նման պայմաններում ակընկալել քաղաքացիների կողմից հարգանք և վստահություն իրավապահ մարմինների նկատմամբ` անիմաստ է: Ավելին` դա իր հերթին մեծապես խոչընդոտում է հանցագործության իրական բացահայտմանը, իրավունքի գերակայության սկզբունքի պահպանմանը և նպաստում է մարդու իրավունքների պարբերաբար խախտմանը:
Ելնելով վերը շարադրվածից՝ և հիմք ընդունելով հաղորդմամբ ներկայացված հանցագործությունը ապացուցելու մասին մի շարք մանրամասերը առաջարկում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 180-րդ, 182-րդ հոդվածներով հարուցել քրեական գործ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել հաղորդման հիման վրա կայացրած որոշման պատճենը:
Հարգանքներով`
կազմակերպության նախագահ Ա. Սաքունց