Ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատական նիստից հետո ընդհարում է տեղի ունեցել
00:00, July 6, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 6-ին տեղի է ունեցել Վահան Խալաֆյանի գործով դատական առաջին նիստը։
Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, նշելով, որ դատական նիստն ընթացել է բավական լարված մթնոլորտում։ Նրա խոսքով՝ դատարանի շենքի բակում ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացրել, իսկ դատական կարգադրիչները ստուգել են դատարանի շենք մտնողներին։ Այսօր տեղի ունեցած նիստին հարգելի պատճառով չի ներկայացել Խալաֆյանի իրավահաջորդի փաստաբանը։
Խալաֆյանի իրավահաջորդ Համիկ Խալաֆյանը միջնորդել է, որ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներգրավվի մեկ այլ փաստաբան՝ Արտակ Զեյնալյանը։ Գործով մեղադրող է գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը։
Դատական նիստը հետաձգվել է մինչեւ հուլիսի 15-ը՝ ժամը 15:00-ն՝ իրավահաջորդի ներկայացուցչի ներգրավմանը պատշաճ ձեւակերպում տալու համար։ Արթուր Սաքունցը պատմեց նաեւ, որ դատական նիստի ավարտից հետո ընդհարում է տեղի ունեցել Խալաֆյանի հարազատների եւ գործով մեղադրյալ Աշոտ Հարությունյանի ու նրա հարազատների միջեւ։ «Խալաֆյանի հարազատները չէին կարողանում զսպել իրենց էմոցիաները Աշոտ Հարությունյանի հանդեպ, իսկ նա իրեն ադեկվատ չէր պահում եւ կարծես մեղադրյալն ինքը չլիներ»,- նկատեց Սաքունցը։ Ի դեպ, Աշոտ Հարությունյանի փաստաբանը Սեդա Սաֆարյանն է։
Նշենք, որ գործով մեղադրյալ ոստիկանները չորսն են։ Նրանցից միայն մեկը՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանն է կալանավորված։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, ինչի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է 6-10 տարվա ազատազրկում։ Մնացած 3 ոստիկանները՝ օպերլիազորներ Գարիկ Դավթյանը, Գագիկ Ղազարյանը եւ Մորիս Հայրապետյանն ազատության մեջ են. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը հանրապետությունից չբացակայելու վերաբերյալ։ Վերջիններիս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, ինչի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է տուգանքից մինչեւ 4 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը գողության կասկածանքով Չարենցավանի ոստիկանության բաժանմունք բերման էր ենթարկվել այս տարվա ապրիլի 13-ին։ Նույն օրը Խալաֆյանը հենց ոստիկանությունում մահացել էր։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ոստիկանության բաժանմունքում խոշտանգման է ենթարկվել, ինչի պատճառով դանակի միջոցով ինքնասպանություն է գործել։ Մինչդեռ մահացածի հարազատները պնդում են, որ երիտասարդը սպանվել է ոստիկանների ձեռքով։
Աղբյուրը՝ http://news.am/arm/news/24314.html