Որոշում՝ հիմնված ոչ բավարար ապացույցների վրա
14:50, May 31, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2012 թ. մայիսի 31-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի բողոքի քննությունը` քրեական գործ հարուցելու պարտավորցնելու պահանջի մասին:
Դատական նիստը նախագահում էր Մարինե Մելքոնյանը, նիստին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը, Լոռու մարզի ավագ դատախազ Արթուր Պողոսյանը, Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Օսյանը:
Դատական նիստի սկզբին Նարեկ Օսյանի կողմից դատարանին տրամադրվեցին գործի նյութերը: Կարեն Թումանյանը ներկայացրեց բողոքը, որից հետո Արթուր Պողոսյանը և Նարեկ Օսյանը ներկայացրեցին առարկություններ:
Գործի էությունը կայանում է նրանում, որ 2012 թ. ապրիլի 16-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նկատմամբ տեղի է ունեցել հարձակում: Այդ փաստի վերաբերյալ ՀՀ ոստիկանության քննչական բաժնի կողմից նախապատրաստվել են նյութեր:
2012 թ. ապրիլի 26-ին ՀՀ Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ն. Օսյանը նախապատրաստված նյութերի արդյունքում կայացրել է «քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշում:
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել Լոռու մարզի դատախազին:
Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Ա. Պողոսյանը, քննարկելով Լոռու մարզի քննչական բաժնում կազմակերպության գույքը վնասելու և նույն կազմակերպության աշխատակցի առողջությանը վնաս պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով կայացված որոշման դեմ ներկայացված բողոքը, մերժել է:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից կայացված որոշման և Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի կողմից բողոքը մերժելու հիմք են հանդիսացել այն հանգամանքները, որ կազմակերպության կոտրած ապակիների արժեքը կազմել է 4.800 ՀՀ դրամ գումար, ուստի ապակիները դիտավորությամբ կոտրող Մարգարիտա Խաչատրյանի արարքում բացակայել է հանցակազմը, իսկ աշխատակցին պատճառվել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնաս, որը հանցանք չէ: Երթի մասնակիցների դիտավորությունն ուղղված չի եղել հասարակական կարգը կոպիտ ձևով խախտելուն, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք չի դրսևորվել, իսկ կազմակերպիչների և մասնակիցների գործողությունները պայմանավորված են եղել իրենց ազգային արժանապատվությունը պահելով:
Դատական նիստի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը հայտնեց, որ կայացված որոշումը անօրինական է, քանի որ չի բխում դեպքի փաստական հանգամանքներից, հիմնված չէ բավարար ապացույցների վրա: Կարեն Թումանյանը, անդրադառնալով քննիչի որոշմանը, հայտնեց, որ ըստ որոշման` ապակիները քարերով խփելու միջոցով կոտրել է Մարգարիտա Խաչատրյանը, ինչն իրականությանը չի համապատասխանում, քանի որ ըստ կազմակերպության անվտանգության համակարգի տեսաձայնագրումների` առաջին քարը դեպի գրասենյակի աջ պատուհանը նետում է սպիտակ հագուստով արական սեռի երիտասարդ /տեսաձայնագրությունները կազմակերպության կողմից տրամադրվել են նաև ոստիկանությանը/:
Նարեկ Օսյանը, անդրադառնալով տեսանյութերի մեջ քար նետողին, հերքեց այն, նշելով, որ տեսանյութում երևում է, որ բազմաթիվ մարդիկ նետում են առարկաներ, բայց թե ում ձեռքին է քար, ում ձեռքին ձու, դա չի երևում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի նյութերը միայն դատական նիստի սկզբին տրամադրվեցին դատարանին, դատարանը անհրաժեշտ համարելով մանրամասն ծանոթանալ գործի նյութերին, հետաձգեց գործի քննությունը:
Գործով հերթական նիստ նշանակվեց 2012 թ. հունիսի 21-ին` ժամը 14:00-ին: