Որքան քիչ բյուրոկրատիա, այնքան շա՞տ դեմոկրատիա
06:44, September 21, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունք2013 թ. սեպտեմբերի 9-ին կայացան Նորվեգիայի խորհրդարանական ընտրությունները: Ընտրությունները դիտարկվում էին միայն մեկ հասարակական կառույցի՝ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի կողմից, որը հրավիրել էր 34 դիտորդների նախկին խորհրդային երկրներից որոնք ներկայացնում էին Ժողովրդավարական ընտրությունների Եվրոպական պլատֆորմի անդամ կազմակերպությունները (Նորվեգիայի կառավարության հրավերով ընտրությունները դիտարկում էին նաև այլ պետությունների պաշտոնյաներ): Դիտորդական առաքելության շրջանակներում սեպտեմբերի 5-11-ը կազմակերպվեցին դասընթացներ և հանդիպումներ Նորվեգիայի քաղաքական գործիչների, թեկնածուների, հասարակական գործիչների և լրատվամիջոցների հետ: Դիտորդական առաքելությանը որպես միջազգային դիտորդներ մասնակցեցին նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներ Վարդինե Գրիգորյանը և Օֆելյա Զալյանը:
Դեռևս այցելությունից առաջ միանշանակ էր, որ նորվեգական ընտրությունների դիտարկման փորձը միանգամայն տարբեր է լինելու Հայաստանում իրականացված դիտարկումներից: Նախկին Խորհրդային միության երկրներից ժամանած բոլոր դիտորդները կատակում էին, որ ներկա են գտնվելու ամենաձանձրալի ընտրություններին, որտեղ ոչ մի խախտում կամ միջադեպ չի գրանցվելու: Հետխորհրդային երկրների փորձի վրա հիմնված հարցերը նորվեգացի պաշտոնյաների մոտ տարակուսանք էին առաջացնում՝ «ինչո՞ւ պետք է կրկնակի քվերակություն լինի», «ո՞վ և ինչու պետք է լցոնում կատարի», «ի՞նչ կարուսել, իմաստը ո՞րն է»:
Այցելության առաջին օրը կազմակերպվեց հանդիպում Նորվեգիայի խորհրդարանում, որտեղ դիտորդները ծանոթացան Նորվեգիայի միապետության վերջին հարյուրամյակի պատմությանը, խորհրդարանի կառուցվածքին և աշխատանքային կարգին:
Քանի որ Նորվեգիայում ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու են քաղաքապետարանները, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթներն ըստ էության կատարում է Տեղական ինքնակառավարման և տարածքային զարգացման նախարարությունը, դիտորդական խումբն այցելեց նաև Օսլոյի քաղաքապետարան, որտեղ ընտրությունների կազմակերպման պատասխանատուն ներկայացրեց քվեարկության և արդյունքների էլեկտրոնային ամփոփման կարգը:
Երկրորդ օրը ընտրական գործընթացների հայտնի փորձագետ Կորե Ոլանը ներկայացրեց Նորվեգիայի ընտրական առանձնահատկությունները: Նա նաև նշեց, որ առավոտյան հրապարակվել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի քննադատական եզրակացությունը, որում հատկապես քննադատվել էր Նորվեգիայի ընտրական օրենսդրության մեջ հստակ կարգավորումների սակավությունը, որի պատճառով բազմաթիվ ընթացակարգեր ըստ էության սահմանվում էին քաղաքապետարանների կամ հենց տեղամասային հանձնաժողովների կողմից՝ սեփական հայեցողությամբ:
Ելնելով սեփական փորձից Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ներկայացուցիչ Բերիտ Լինդեմանը նշեց, որ Ժողովրդավարությունը ընտրական գործընթացների մանրամասն կարգավորումը չէ, այլ եղած օրենսդրությունը հարգելը և չոտնահարելն է: Ժողովրդավարությունը փոխվստահությունն է իշխանության և ժողովրդի միջև, որի հիմքում բարձր իրավագիտակցությունը և կարգապահությունն է: Ըստ Լինդեմանի իրենց մոտ ի սկզբանե սահմանադրորեն արգելված է ստելը, և դրա հիման վրա ամեն ինչ ինքնստինքյան կարգավորվում է:
Առաջին երկու օրերի դասընթացների ընթացքում պարզ էր, որ օրենսդրությունն ունի մի շարք «թերություններ», որոնք պարարտ հող կարող էին ստեղծել ընտրախախտումների համար:
Օրինակ`
– քվեաթերթիկները ընտրողը կարող է ազատ ձեռք բերել մինչև ընտրությունների օրը, չի արգելվում տանը ընտրել և արդեն ընտրված քվեաթերթիկով ներկայանալ ընտրատեղամաս, սակայն նույնիսկ ներս բերված քվեաթերթիկով անհրաժեշտ է նախ մոտենալ քվեախցիկին, ապա ծալած վիճակում քվեաթերթիկը ներկայացնել հանձնաժողովին՝ անձը հաստատող փաստաթղթի հետ: Չնայած կա քվեաթերթիկի սահմանված նմուշ, բայց օրենքը չի արգելում ստեղծագործ անձանց՝ սեփական նմուշը նկարել և այդ քվեաթերթիկով ընտրել, կարելի է նաև հասարակ անձեռոցիկի վրա նշել ընտրյալ կուսակցության անունը և սա նույնպես վավեր քվեաթերթիկ կհամարվի: Ընտրողները նաև ազատ էին փոխելու տվյալ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների դասավորությունը քվեաթերթիկում, սակայն փոփոխության ընդունման համար անհրաժեշտ է, որ բոլոր քվեարկողների 50%-ը կատարի միևնույն փոփոխությունը: Մտահոգությունները, թե կարող են նաև մի քանի քվեաթերթիկ նետվել քվեատուփ, փարատվում են, այն հանգամանքով, որ ծալված քվեաթերթիկը կնիքվում է հանձնաժողովի կողմից՝ անձը հաստատող փաստաթուղթը ստուգելուց հետո, և, նույնիսկ, եթե որևէ մեկը փորձի մի քանի քվեաթերթիկ գցել քվեատուփը, ապա դրանցից վավեր կլինի միայն մեկը՝ կնիքվածը: Մի քանի քաղաքներում ընտրացուցակներն առցանց են և ընդհանուր, ինչի շնորհիվ անձը կարող է ընտրել քաղաքի ցանկացած ընտրատեղամասում: Ընդ որում, եթե պարզվում է, որ ըստ ընտրացուցակի անձն արդեն քվեարկել է կամ նրա անունը բացակայում է ընտրացուցակից, ապա քվեարկելու ցանկության դեպքում նրան չեն մերժում, այլ քվեաթերթիկը դնում են առանձին ծրարում, անձի տվյալների հետ և ներկայացնում քաղաքապետարան՝ ձայնի վավերության վերաբերյալ վերջնական որոշման կայացման համար:
– Նորվեգիայում չկա «լռության» օր և քարոզարշավը արգելված չէ նույնիսկ քվեարկության օրը: Միակ սահմափակումն այն է, որ կուսակցության ներկայացուցիչները կարող են քարոզարշավ իրականացնել ընտրատեղամասից 15 մետր հեռավորությամբ: Չնայած այն հանագամանքին, որ օրենսդրությունը չի սահմանափակում քարոզարշավը ընտրությունների օրը՝ ընտրատեղամասի մոտակա տարածքում, շատ հաճախ քաղաքական կուսակցությունները փոխհամաձայնության են գալիս այդ օրը քարոզարշավ չիրականացելու վերաբերյալ: Ի դեպ, քանի որ յուրաքանչյուր կուսակցություն ունի առանձին քվեաթերթիկ, որոնք ազատ տարածվում են, քարոզարշավ իրականացնող կուսակցության ներկայացուցիչը որպես քարոզչական նյութ կարող է ընտրողին տրամադրել իր կուսակցության ցուցակով քվեաթերթիկը:
– Պարզվում է նաև, որ Նորվեգիայում ընտրության գնալիս պարտադիր չէ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, եթե հանձնաժողովի անդամներից գոնե մեկը անձամբ ճանաչում է ընտրողին: Ի դեպ անձը հաստատող փաստաթղթերը բոլորովին անհրաժեշտ չեն եղել մինչև 2009 թ., երբ նույն՝ ետխորհրդային երկրներից հրավիրված դիտորդական խումբն առաջարկել է չարաշահումներից խուսափելու համար կատարել օրենսդրական փոփոխություն և ընտրողներից պահանջել անձը հաստատող փաստաթուղթ:
– Ի տարբերություն Հայաստանի հանրապետության, Նորվեգիայում ընտրությունները չեն սահմանփակվում քվեարկության օրով և վաղ քվեարկությունը սկսվում է ընտրություններից երկու ամիս առաջ և ավարտվում ընտրությունների նախորդ ուրբաթ օրը, թեև ձայների հաշվարկը և ամփոփումն իրականացվում է քվեարկության օրը: Նորվեգիայում փորձարկվել է նաև փոստային քվեարկությունը, սակայն դադարեցվել է գաղտնիության վերաբերյալ մտահոգությունների պատճառով: Նույն պատճառով Նորվեգիան դեռևս քննարկում է ինտերնետային քվեարկության տարբերակին անցնելու նպատակահարմարությունը, քանի որ Սահմանադրությամբ նախատեսվում է, որ քաղաքացին քվեարկելիս պետք է լինի մենակ, որպեսզի բացառվի նրա նկատմամբ որևէ ազդեցություն, ինչը չի կարող երաշխավորվել, երբ անձը սեփական տանն է, ընտանիքի անդամների հետ:
«Շատ էի լսել Սկանդինավյան երկրներում անցկացվող ընտրությունների մասին և ընտրական ինստիտուտի մասին, բայց, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել քան հազար անգամ լսել: Այն ինչ ես տեսա արմատապես տարբերվում էր Հայաստանում անցկացվող ընտրական գործընթացներից, դիտարկումներիս արդյունքները գերազանցեցին իմ բոլոր ակնկալիքները: – նշում է Օֆելյա Զալյանը – Օդանավակայանից հյուրանոց հասնելուն պես ինձ դիմավորեցին լրագրողները, որոնց հետաքրքրում էր իմ ակնկալիքները կայանալիք ընտրություններից և ընտրական գործընթացները Հայաստանում: Այս հարցերին պատասխանելը փոքր ինչ դժվար էր, հատկապես, երբ լրագրողը խնդրեց համեմատություն տանել Նորվեգիայի և Հայաստանի ընտրությունների միջև: Վերջին հարցին նախընտրեցի պատասխանել ընտրություններից հետո, երբ ամեն ինչ իմ աչքով տեսած կլինեմ: Ընտրությունների օրը երեկոյան հրավիրեցին հեռուստատեսությամբ հարցազրույցի և նույն հարցերն ուղղեցին ուղիղ եթերում. «Ինչպես կգնահատեք Նորվեգիայի խորհրդարանական ընտրությունները և ինչ համեմատություններ կարող եք տանել Հայաստանում իրականացվող ընտրությունների միջև»:
Ընտրությունների օրը առաջին մի քանի ընտրատեղամասերն այցելելուց հետո էլ պարզ էր, որ Նորվեգիայում ընտրությունները չեն կեղծվում և օրենսդրությունում առկա բացերն ու անորոշություններն իրականում կարևոր չեն, կարևոր է այն, որ բարձր է քաղաքացու իրավագիտակցության մակարդակը, քաղաքացին ամեն ինչից վեր է դասում իր ընտրական իրավունքը և վստահում է համակարգին, և իշխող կուսակցությունն էլ ոչ մի կերպ չի օգտագործում իր կարգավիճակը՝ սեփական դիրքերն ամրապնդելու կամ ընտրողների վստահությունը չարաշահելու համար, և այդ փոխվստահությունն ու հավատն է ընկած ժողովրդավարության՝ ժողովրդի կողմից իշխանության ձևավորման հիմքում:
«Ընտրական տեղամասերում արված էր ամեն ինչ քաղաքացիների ընտրական իրավունքի լիակատար պաշտպանության համար: Յուրաքանչյուր տեղամասում առկա էր հատուկ քվեախցիկ հաշմանդամություն ունեցող անձանց համար, որտեղ կուսակցությունների անունները գրված էին նաև բրայլյան համակարգով, առկա էր խոշորացույց, իսկ քվեաթերթիկները դրված էին երկու մակարդակներում, որպեսզի հասանելի լինեն նաև սայլակով քաղաքացիներին: Հանձնաժողովի անդամները (հանձնաժողովները բաղկացած էին երեք անձանցից և օժանդակ անձնակազմից) նշեցին, որ նույնիսկ եթե օգնության կարիք ունեցող քաղաքացին մոտենում է օգնականի հետ, այնուամենայնիվ հանձնաժողովի անդամներից մեկը նույնպես մոտենում է քվեախցիկին՝ համոզվելու, որ օգնության կարիք ունեցող անձի սեփական կամքով ընտրություն կատարելու իրավունքը չի խախտվում» – Վարդինե Գրիգորյան
Միշտ պատրաստակամ հանձնաժողովի անդամները ենթարկվում են օրենքի տառին և նույնիսկ չգիտեն էլ, թե օրենքը խախտելու դեպքում ինչ պատիժ է սահմանված, կասկածելի հարցերի դեպքում, ուղղակի շարադրում են խնդիրը և ներկայացնում ավելի վերադաս կառույցի: Ըստ հանձնաժողովի անդամներից մեկի. «Նորվեգացիները սիրում են ենթարկվել օրենքին, մեզ համար կարևոր չէ, թե ինչ սանկցիաներ են նախատեսված օրենքով, եթե օրենքով սահմանված է, ուրեմն այդպես է Ճիշտ, նորվեգացիները օրենքը չենք խախտում»:
«Սեպտեմբերի 9-ին պատիվ ունեցա հանդիպելու Դրամեն քաղաքի քաղաքապետին և առաջադրված տարբեր կուսակցությունների թեկնածուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր հարցեր կապված ընտրական գործընթացների հետ, հանդիպման մասնակիցները պատրաստակամորեն էին պատասխանում իմ բոլոր հարցերին, մանրամասն և հպարտությամբ ներկայացնում Դրամենում կազմակերպվող ընտրական գործընթացի յուրահատկությունները: Երբ խոսեցինք ընտրակաշառքներից քաղաքապետը նշեց մեկ ընտրակաշառքի դեպք, որը մեծ աղմուկ էր բարձրացրել և խիստ քննադատվել, թե հասրաակության, թե կուսակցությունների կողմից: Դեպքը տեղի էր ունեցել տարիներ առաջ, քաղաքական կուսակցություններից մեկի ներկայացուցիչը ինչ որ անտուն քաղաքացու համար սնունդ էր գնել, որպեսզի վերջինս իր կուսակցության օգտին քվեարկի:
Այս հանդիպումից հատկապես տպավորվել է քաղաքապետի խոսքերը հետխորհդրային երկրների քաղաքական գործիչների վերաբերյալ. «Ձեր քաղաքական դաշտի միակ խնդիրն այն է, որ ձեր քաղաքական գործիչները պրոֆեսիանալ չեն, իսկ Նորվեգիայում յուրաքանչյուր կուսակցություն թեկնածու առաջադրելիս ընտրում է լավագույն մասնագետին, լավագույն դիվանագետին, քաղաքագետին և կարևոր չէ, թե այդ անձն ինչքան գումար ունի իր հաշվին…» – Օֆելյա Զալյան:
Դիտորդական առաքելության ավարտին խմբի կողմից ներկայացված եզրակացություններն ու առաջարկությունները փոխանցվեցին համապատասխան կառույցներին: