ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ Է ԲՐԱՅԶԱՆ ՀԱՄԵՄԱՏԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
00:00, July 2, 2008ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել էր, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումը տարբերվում է նրա նախորդի` Ռոբերտ Քոչարյանի մոտեցումից, եւ որ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի պատկերացումներն ավելի մոտ են իրար, քան Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի պատկերացումները:
Բրայզայի այդ հայտարարությունը առանց վարանելու կարելի է համարել չափազանց կարեւոր, քանի որ դա փաստացի նշանակում է, որ փոխվել է Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հակամարտության հարցում: Հարցն այն է, թե ինչպես է փոխվել այդ մոտեցումը, այսինքն ինչով է Սերժ Սարգսյանի մոտեցումը տարբերվում Ռոբերտ Քոչարյանի մոտեցումից:
Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն, ի տարբերություն իր նախորդի, համենայն դեպս ելնելով Բրայզայի խոսքի տպավորությունից, ավելի մեղմ դիրքորոշում ունի: Եթե Բրայզան ասում է, որ Սարգսյանի եւ Ալիեւի պատկերացումները ավելի են մոտ, քան Քոչարյանի եւ Ալիեւի, ապա դա նշանակում է, որ Քոչարյանի մոտեցումն ավելի կոշտ էր: Համենայն դեպս Բրայզան չի ասում, որ Ալիեւի դիրքորոշումն է փոխվել: Իսկ եթե Սարգսյանն, ի տարբերություն Քոչարյանի, իր պատկերացմամբ ավելի մոտ է Ալիեւին, ապա կնշանակի, որ ավելի մեղմ է, քան Քոչարյանը:
Հետեւաբար հարց է առաջ գալիս, թե հատկապես որ հարցում է Սերժ Սարգսյանն ավելի մեղմ: Մի պարագա հայտնի է վաղուց: Օրինակ, Քոչարյանը երբեք չի հայտարարել, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, իսկ Սերժ Սարգսյանն այդ մասին հայտնել է հրապարակավ: Քոչարյանը երբեք չի հայտարարել, որ դեռ 1994 թվականին ինքը ասում էր, որ տարածքները չեն գրավում Ղարաբաղի տարածքը ընդլայնելու համար, այլ գրավում են որպես հետագա բանակցային բազա եւ Ղարաբաղի անվտանգության գոտի, իսկ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարել է, որ 1994 թվականին ինքն այդպես էր մտածում եւ ասում հայ մարտիկներին: Մյուս կողմից սակայն, թեեւ Քոչարյանն այդ բաները հրապարակավ չի ասել, սակայն ակնհայտ մտածել է, կամ պատրաստ է եղել այդ մտայնությունից բխող տրամաբանական քայլերի` Աղդամն ու մյուս տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն, քանի որ հենց Քոչարյանն էր, երբ մի առիթով հայտարարեց, որ եթե Ադրբեջանը համաձայներ Ղարաբաղի կարգավիճակին, ապա տարածքների հարցը վաղուց լուծված կլիներ: Այսինքն, այդ առումով, տարբերությունը գուցե միայն այն է, որ Սերժ Սարգսյանը իր մոտեցման մասին հայտարարել է հրապարակավ, իսկ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անում էր “վոինի” իմիջ պահպանելու համար:
Հետեւաբար Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տարբերությունը հազիվ թե լինի տարածքների վերաբերյալ մոտեցման մեջ: Մնում է կարգավիճակը եւ Հայաստանի հետ կապը: Այդ հարցերը բանակցային գործընթացի ամենից մութ կետերն են, քանի որ, դատելով բանակցող կողմերի եւ միջնորդների հայտարարություններից, հենց այդ հարցում է, որ կողմերը չեն գալիս համաձայնության: Տրամաբանությունը հուշում է, որ մոտեցումների փոփոխություն ավելի շատ եւ ավելի շուտ կարող է նկատվել այն հարցերում, որում չկա անհամաձայնություն, կամ կա ավելի մեծ անհամաձայնություն: Պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը հենց այդ հարցում է այլ կերպ մտածում, քան Քոչարյանը, ինչի մասին էլ խոսել է Բրայզան, դժբախտաբար չասելով, թե հատկապես ինչպես է արտահայտվում այդ տարբերությունը: Եվ քանի որ վերը նշեցինք, որ եթե Ալիեւի հետ Սարգսյանի պատկերացումներն ավելի են մոտեցել, ըստ Բրայզայի, քան Քոչարյանի եւ Ալիեւի պատկերացումները, ապա կնշանակի, որ Սարգսյանն ի տարբերություն Քոչարյանի ավելի մեղմացել է: Սակայն կա նաեւ ուշագրավ այլ մի նրբերանգ: Որ ժամանակի Քոչարյանի հետ է Բրայզան համեմատում Սերժ Սարգսյանին: Մինչեւ 2008 թվական, թե դրանից հետո պաշտոնավարած Քոչարյանին, որովհետեւ առնվազն Ղարաբաղի հարցում դրանք տարբեր Քոչարյաններ են, քանի որ նախագահի ընտրության ժամանակահատվածում, եւ հատկապես հետընտրական հատվածում, Ռոբերտ Քոչարյանը զգալիորեն կոշտացրեց իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում եւ հանդես եկավ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու, միջպետական պայմանագիր կնքելու եւ համանման մի քանի այլ մի քանի հայտարարությամբ: Այնպես որ, Բրայզայից պահանջվում է ավելի հստակեցնել, թե որ Քոչարյանի հետ է նա համեմատում Սերժ Սարգսյանին, որպեսզի հայ հասարակությունն էլ ունենա Ղարաբաղի հարցում հայկական կողմի դիրքորոշման փոփոխության առնչությամբ համապատասխան եզրակացություն, հետեւություն կամ գոնե ենթադրություն անելու փոքր ինչ պարզորոշ հիմք:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.lragir.am/src/index.php?lang=arm#top