Ուկրաինայի դեպքերից դասեր պետք է քաղեն և՛ ՀՀ իշխանությունները, և՛ քաղաքական ուժերն ու նախաձեռնությունները. Արթուր Սաքունց
06:00, January 27, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններTert.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով այս օրերին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, թե Ուկրաինայում բոլորովին այլ գործընթաց է, որից պետք է սովորեն և՛ քաղաքական ուժերը, և՛ քաղաքացիական նախաձեռնությունները, և՛, անպայման, դասեր քաղեն ՀՀ իշխանությունները։
– Պարո՛ն Սաքունց, Դավիթ Շահնազարյանը հարցազրույցներից մեկում ասել էր, թե Ուկրաինայի մայդանում տեղի ունեցող պայքարը բոլորիս պայքարն է, ապա նշել, թե մայդանը տեղափոխվելու է Երևան: Համաձայն եք այս տեսակետին և որքանո՞վ եք դա հնարավոր համարում։
– Այն, ինչ արդեն շուրջ երկու ամիս տեղի է ունենում Ուկրաինայում, դա պայքար է Յանուկովիչի որոշման դեմ: Երբ Յանուկովիչը հայտարարեց, որ Ուկրաինան միանում է Մաքսային միությանը, Ուկրաինայի քաղաքացիներն, ըստ էության, այդ որոշումը գնահատեցին որպես ոտնձգություն իրենց արժանապատվության, իրենց ընտրության և ապագայի նկատմամբ:
Այն մեթոդը, որը կիրառվեց Պուտինի կողմից՝ համոզելու կամ ստիպելու Յանուկովիչին հրաժարվելու Եվրոպական միության Ասոցացման համաձայնագրի ստորագրման մտքից և Մաքսային միությանը միանալուն, էլ ավելի սրեց Ուկրաինայի հասարակության մեջ եղած բողոքը: Դա հասարակության կողմից ընկալվեց նաև որպես ոտնձգություն Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ, որն Ուկրաինայի համար նույնպես շատ ցավոտ խնդիր է: Ուկրաինացիները համոզված են, որ Պուտինը մտադրություն ունի վերականգնելու հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը. Պուտինը այդպես էլ մտածում է, որ Խորհրդային Միությունը հանդիսանում է նույն Ռուսաստանը, և քանի որ Խորհրդային Միության տարածքը չկա և այդ ազդեցության շրջանակը չկա, Ռուսաստանը պետք է վերականգնի իր ազդեցությունն այն տարածքներում, որը համարում է ռուսական տարածքներ:
Իսկ սա շատ ավելի սուր ընդունվեց ուկրաինական հասարակության կողմից: Ակնհայտ է, որ ուկրաինական հասարակության մեջ
կան տարբեր ազդեցություն կրողներ, հատկապես շեշտում եմ բիզնես շրջանակները, որոնք, եթե համամիտ լինեին Յանուկովիչի Մաքսային միությանը անդամագրվելու որոշմանը՝ ապա բողոքի նման ցույցեր այս քանակով կամ այս տևողությամբ՝ չէր կարող լինել:
Այսինքն՝ Յանուկովիչը Մաքսային միությանն անդամագրվելու քաղաքական որոշումը կայացրել է միայն իր անունից և ունի միայն իր կուսակիցների աջակցությունը: Ուկրաինայում բիզնես-ներկայացուցիչները շատ մեծ ազդեցություն ունենալով Ուկրաինայի տնտեսության մեջ, և համաձայն չլինելով Յանուկովիչի այդ որոշման հետ, առերևույթ չեզոք են պահում իրենց, բայց իրականում աջակցում են քաղաքացիական ընդվզմանը և անհնազանդությանը:
Ուկրաինայում օլիգարխները և մեծահարուստները Մաքսային միության կողմնակիցը չեն: Սա է իրական տարբերությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև:
Երկրորդ էական տարբերությունն այն է, որ այնուամենայնիվ, քաղաքական դաշտում Մաքսային միությանն անդամագրման դեմ նաև Ռադայում ներկայացված քաղաքական ուժեր գոյություն ունեն, հանձինս «Սվոբոդա» խմբակցության ղեկավար Տյագնիբոկի, «Բատկիվշչինայի»՝ Յացենյուկի և «Ուդարի»՝ Կլիչկոյի: Այնպես որ, քաղաքացիական հասարակությանն աջակցող ուժերն են և բիզնես կառույցները, և՛ քաղաքական ուժերը:
Ուկրաինայում քաղաքացիական պայքարը միանշանակ նաև մեր պայքարն է ընդդեմ Մաքսային միություն կոչված զավթողական քաղաքականության, որն իրականացնում է պուտինյան ռեժիմը։ Ուկրաինայում քաղաքացիական պայքարը ընդդեմ Յանուկովիչի միանձնյա որոշման նաև իմ պայքարն է, որն իրականացվում է Հայաստանում Սերժ Սարգսյանի նմանատիպ որոշման դեմ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր սեփական պայքարը չհամարեր ասենք Ֆրանսիայում ֆաշիստական օկուպացիայի դեմ դիմադրության շարժման մասնակիցը, այլ երկրներում ֆաշիզմի դեմ տարվող պայքարը։
Բայց, այնուհանդերձ, Ուկրաինական պայքարը համեմատելի չէ «Մարտի 1»-ի իրադարձությունների հետ։ Նույն ուկրաինական ներկայիս պայքարը համեմատելի չէ ասենք՝ նարնջագույն հեղափոխության հետ։ Այսօր Ուկրաինայում պայքար է երկրի ինքնիշխանության և եվրոպական քաղաքակրթության կողմնորոշման համար։ Մեր մոտ «Մարտի 1»-ից հետո նման հստակ դիրքորոշումներ չձևակերպվեցին։
– Մեր խորհրդարանում էլ կան Մաքսային միությանը դեմ քաղաքական ուժեր…
– Մեր խորհրդարանում Հանրապետական կուսակցությունը լռությամբ համաձայնում է Սերժ Սարգսյանի որոշմանը, ԲՀԿ-ն բացարձակապես չի արտահայտվել այդ որոշման վերաբերյալ, ՀԱԿ-ը և Դաշնակցությունը ևս չեն արտահայտվել: Խորհրդարանում ներկայացված միակ ուժը, որ արտահայտվել է Մաքսային միության հարցով «ժառանգությունն» է: Եվ մեկ մանդատ ունեցող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչը, որոնք միասին ունեն երկու-երեք մանդատ։
-Բայց, այնպես չէ, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը դեմ չեն արտահայտվել Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշման դեմ: ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերը բազմիցս իրենց հարցազրույցներում դեմ են արտահայտվել Մաքսային միությանը:
-Խոսքը վերաբերում է քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշմանը: Տեսեք, թե Ուկրաինայում ինչպես են հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը: Հայաստանի պարագայում մենք դա չենք տեսել: Սեպտեմբերի 3-ից հետո գոնե մեկ հրապարակային միջոցառում ԱԺ-ում ներկայացված ոչ իշխանական քաղաքական ուժերը (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ) չեն կազմակերպել Մաքսային միությանն անդամագրվելու՝ Սերժ Սարգսյանի որոշմանը դեմ: Ավելին՝ չաջակցեցին դեկտեմբերի 2-ի ակցիան, ավելին՝ մինչ այժմ որպես քաղբանտարկյալ չեն ճանաչել Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին։
– Յանուկովիչն ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկեց համաձայնության գալ՝ պաշտոնների տեսքով, ինչից նրանք հրաժարվեցին: Եթե համեմատություն անցկացնենք Հայաստանում 2013 թվականին ստեղծված իրավիճակի հետ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Նախագահ Սերժ Սարգսյանին…
– Մի քիչ դժվար է համեմատություն անցկացնել: Ինչում էր կայանում քաղաքական ճգնաժամի էությունը Հայաստանում, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում էր Րաֆֆի Հովհաննիսյանին, և այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։ Դրանք խիստ տարբեր են և՛ իրենց բովանդակությամբ, և՛ իրենց նշանակությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանն ազատ էր ընդունելու կամ չընդունելու Սերժ Սարգսյանի առաջարկը։
Քաղաքական ճգնաժամը, որ գոյություն ունի Ուկրաինայում, վերաբերում է իմ նշած հանգամանքներին, որ քաղաքացիները որոշիչ դերում են։ Ուկրաինայում քաղաքական ընդդիմությունը ներկայացնում է Եվրոմայդանի օրակարգը, և այլ լիազորություն չունի, և չի կարող առանց մայդանի համաձայնության քայլեր կատարի: Սա շատ կարևոր հանգամանք է:
-Tert.am-ի հետ զրույցում Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը համեմատականներ անցկացնելով Հայաստանի և Ուկրաինայի միջև, ասաց, թե տարբերությունն այն է, որ Ուկրաինայում, ի տարբերություն մեզ, ունեն այն առավելությունը, որ չունեն առաջնորդ: Նույնկերպ ՍԴ-ի որոշման հարցում ձեռքբերում է համարվում այն, որ քաղաքացիական նախաձեռնությանը կոնկրետ առաջնորդող չկար:
-Արդեն նշեցի, Ուկրաինայում քաղաքացիական շարժման կողմից քաղաքական օրակարգի պահանջների նկատմամբ քաղաքական ընդդիմության կողմից պատասխանատվություն վերցնելու մասին։ Մեր պարագայում, չնայած ասում են, թե «ԴԵՄ ԵՄ»-ի շարժումը զուտ քաղաքացիական նախաձեռնություն է, բայց մենք տեսանք, որ մինչ այդ Ազգային ժողովում էլ ոչ իշխանական քաղաքական ուժերը հստակ դեմ արտահայտվեցին պարտադիր կուտակայինի վերաբերյալ օրենքին։ Այնուհետև ձևավորվեց «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը, որին միացան և աջակցեցին նաև քաղաքական կուսակցությունները: Ի վերջո, հենց ոչ իշխանական քաղաքական ուժերի պատգամավորների դիմումով է ՀՀ Սահմանադրական դատարանում քննության առնվել կուտակային կենսաթոշակային օրենքի հակասահմանադրականության հարցը։ Բայց դա բոլորովին այլ գործելակերպ է։ Ուկրաինայում չնայած ընդունվեցին հակասահմանադրական օրենքներ, բայց Յանուկովիչի հետ հանդիպումը եղավ ոչ թե սահմանադրական դատարանում, այլ բանակցությունների սեղանի շուրջը:
Ուկրաինայի մայդանը ոչ թե ընդդիմությունը սկսեց, այլ հակառակը: Նույնիսկ ընդդիմությունը փորձում էր իր դրոշներով մտնել Եվրոմայդան, բայց նրան արգելում էին: Ավելի ուշ թույլ տվեցին ընդդիմությանը մուտք գործել՝ պայմանով, որ իրենք են կայացնելու քաղաքական որոշումները:
Այսինքն` Ուկրաինայում խնդիրները լուծում են քաղաքացիական անհնազանդության ճանապարհով։ Այսպիսով, խնդիրը լիդերների մեջ չէ, այլ թե ինչպես են քաղաքական ուժերը հանդես գալիս որպես պատասխանատվություն վերցնող կառույց:
Մեր մոտ քաղաքական ընդդիմությունը կամ ոչ իշխանական քաղաքական ուժերը, եթե դիտարկենք, թե 2008-ից հետո ինչ են արել քաղաքացիական դաշտի ձևավորման առումով, ցավոք, ես տեսնում եմ մեկ բան՝ միանշանակ եվրոպական արժեքների քննադատություն:
Եվրոպան Հայաստանի Հանրապետությունում արժեզրկվեց ոչ միայն իշխանության ապաշնորհ, իմիտացիոն քաղաքականության հետևանքով, այլ նաև ընդդիմությունը չկարևորեց, արժեքային տեսակետից, եվրոպական քաղաքակրթության մոտեցումները:
Իսկ Ուկրաինայում բոլորովին այլ գործընթաց է, որից պետք է սովորեն և՛ քաղաքական ուժերը, և՛ քաղաքացիական նախաձեռնությունները, և՛, անպայման, դասեր քաղեն ՀՀ իշխանությունները։
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2014/01/27/saqunts/