Չարչարանքներ հանուն Աստծո՞. կրոնական համոզմունքներից մինչեւ մարդու իրավունքներ
07:40, May 30, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Մտքի, խղճի և կրոնի ազատություն | Զինված ուժերՍայլակների վրա կողք կողքի շարված դիակները, ճնշող ու ծանր պատերը, հերթով դասավորված տարբեր չափսի կտրող գործիքները, դիահերձարանի ահասարսուռ մթնոլորտն ինը տարի անց էլ հանգիստ չեն տալիս 27-ամյա Արմեն Ստեփանյանին, ով փորձում է մոռանալ այն սարսափները, որի միջով ստիպված էր անցնել այլընտրանքային զինծառայության ժամանակ:
«Ամեն անգամ դիակներին մոտենալիս սարսափում էի, աչքերիս առաջ ամեն ինչ լողում էր, սևանում, ուշաթափվելու աստիճան»,- ասում է Ստեփանյանը (անուն ազգանունը փոխված է): Նա Հայաստանում գրանցված «Եհովայի վկաներ» կազմակերպության 440 անդամներից մեկն է, ով կրոնական համոզմունքներով պայմանավորված հրաժարվել էր պարտադիր զինվորական ծառայությունից:
«Վախը մի կողմից, ստորացումն ու նսեմացված արժանապատվությունս` մյուս կողմից, ես միշտ ինքս ինձ հարցնում եմ` ի՞նչ էին մտածում պաշտոնյաները 18-ամյա երիտասարդին որպես այլընտրանքային ծառայություն դիահերձարան ուղարկելով»,- «Մեդիալաբին» պատմում է նա` հավելելով, որ ծառայության ժամանակահատվածում հոգեկան լուրջ խնդիրներ ունեցավ և ստիպված էր ամիսներ անց ուղղակի փախուստի դիմել:
2003 թվականի դեկտեմբերին Եվրախորհրդի անդամակցությամբ պայմանավորված Հայաստանում ընդունվեց «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը: Այն պիտի հնարավորություն տար կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին այլընտրանքային ծառայություն անցնելու հայրենիքում, սակայն չէր ապահովում միջազգայնորեն ընդունված չափանիշներ, ինչի հետևանքով երիտասարդները հրաժարվում էին այդ ծառայությունից:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ` չնայած օրենքի ընդունմանը, Հայաստանում այլընտրանքային ծառայությունն ամբողջովին վերահսկվում էր զինվորական կառույցի կողմից.
«Հայաստանում այլընտրանքային անվան ներքո զինվորական ծառայություն է իրականացվել»,- նշում է նա:
2013-ի մայիսի 8-ին Հայաստանի կառավարությունը որոշեց պետական միջոցներից գումար հատկացնել «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի պահանջները կատարելու համար:
Գործով դիմումատուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ էին, ովքեր այլընտրանքային ծառայության ժամանակ ու հետագայում իրենց հանդեպ կիրառված անօրինականությունների վերաբերյալ հայց էին ներկայացրել ՄԻԵԴ: 2012-ի նոյեմբերին Եվրադատարանը հայցը բավարարեց` պետությանը պատավորեցնելով 17 դիմումատուներին ընդհանուր առմամբ 112 հազար եվրո փոխհատուցել:
Հայկ Խաչատրյանն այլընտրանքային ծառայությունն անցել է Վարդենիս քաղաքի հոգեբուժարանում, որտեղ անցկացրած հինգ ամիսները կիսամարդկային է որակում:
«Այլընտրանքային ծառայողներին բուժօգնություն չէր ցուցաբերվում, նորմալ սնունդ չէր հատկացվում, աշխատանքի բնույթը անհեթեթ էր, ռեժիմը՝ բանտային, վերաբերմունքն էլ` ահավոր: Տղաներից ոմանց հոգեվիճակի վրա ազդում էին այդ պայմանները, ամեն մեկը չէր, որ կարող էր դիմանալ, հոգեկան հիվանդներին խնամել»,- «Մեդիալաբին» պատմում է նա:
Նա 2004 թվականին բուհն ավարտելուց հետո զինկոմիսարիատ էր դիմել` նշելով, որ պատրաստ է անցնել քաղաքացիական ծառայություն, որովհետև իր կրոնական համոզմունքը թույլ չի տալիս զինվորական ծառայություն անցնել:
«Եկավ օրը, բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ կար, որը զրուցում էր այլընտրանքային ծառայություն անցնողների հետ: Ես չեմ ուզում նրանց ազգանունները հնչեցնել, բայց նրանք այնպես էին խոսում այլընտրանքային ծառայության մասին, որ կարծես քաղաքացիական ծառայություն անցնելը նվաստացուցիչ մի բան է: Արդեն այդտեղից սկսվեց խտրականությունը մեր նկատմամբ»,- պատմում է Խաչատրյանը:
«Մեր արածը մի գործ չէր, ամեն ինչ պիտի անեինք` հիվանդների խնամք, շինարարություն, ձմռանը փողոցների մաքրում: Ինչ ասում էին, մենք պետք է անեինք,- հավելում է նա:- Ասում էինք՝ վատ ենք, չենք կարողանում աշխատել, չէին հավատում, ասում էին՝ սիմուլյանտություն եք անում, չեք ուզում աշխատել: Տղաներից մեկն ընկել էր, ուսի ոսկորը կոտրվել էր, այդ տղային այդպես էլ բուժօգնություն չցուցաբերեցին, ինքնուրույն ապաքինվեց»:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է` «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը չէր համապատասխանում Եվրոպայի խորհրդի սահմանած չափանիշներին.
«Օրենքը չպետք է պատժիչ բնույթ ունենար, այլընտրանքային ծառայողները պետք է զերծ լինեին ուժային գերատեսչության միջամտությունից, այլընտրանքային ծառայության ժամկետները զինվորական ծառայությունից շատ մեծ չպետք է լինեին:
Բայց առնվազն երկու կետ հակասում էր այդ չափանիշներին. մեկն այն էր, որ ծառայության ժամկետը 42 ամիս էր, իսկ վերահսկողությունն իրականացնում էր պաշտպանության նախարարությունը: Հիվանդության դեպքում էլ այլընտրանքային ծառայողները բուժվում էին զինվորական հոսպիտալներում»,- հավելում է Իշխանյանը:
Հայկ Խաչատրյանն իր իրավունքների կոպիտ խախտում համարում է այն, որ խղճի ու դավանանքի իրավունքներն են ոտնահարվել, քանի որ պարզ է դարձել, որ այլընտրանքային ծառայություն անցնողներն իրականում զինվորական հսկողության տակ են:
«Զինվորական ռեժիմ էր՝ առավոտյան պարտադիր պետք է վազք լիներ: Խաբված էի զգում ինձ, ոտնահարում էին իմ իրավունքները, նրանց չէր հետաքրքրում, թե մենք ի´նչ ենք մտածում»,- նշում է նա ու պատմում, որ ժամանակ առ ժամանակ իրենք տեսնում էին, որ ռազմական ոստիկանության կամ պաշտպանության նախարարության աշխատակիցներն այցելում էին հոգեբուժարան, տնօրենից հարցուփորձ անում իրենց մասին:
«Ոչ պաշտոնական աղբյուրներից նաև տեղեկացել էինք, որ մենք համարվում ենք մոտակայքում գտնվող զորամասի ծառայողներ, պարզապես այս հաստատությունում ենք ծառայում: Այսինքն՝ գործը քաղաքացիական էր, բայց մենք այդ համակարգի ծառայողներ էինք համարվում: Երբեմն լինում էր, որ բանակի աշխատակիցները գալիս էին ստուգայցի, ներկա-բացակա անցկացնում»:
Ըստ Խաչատրյանի` իր և ծառայակից ընկերների համար այս հանգամանքները պատճառ դարձան, որ նամակ գրեն հոգեբուժարանի տնօրինությանը՝ նշելով, որ չեն խուսափում ծառայությունից, բայց չեն կարող շարունակել, քանի որ այն զինվորական բնույթ է կրում, ինչը դեմ է իրենց խղճին ու համոզմունքներին: 2005 թվականի մայիսի 25-ին նրանք դուրս եկան հոգեբուժարանից ու գնացին տուն:
«Հստակ էր, որ նրանք պայմանները միտումնավոր անտանելի էին դարձնում, որ չկարողանանք այլընտրանքային ծառայություն անցնել»,- ասում է Խաչատրյանը:
Հոգեբուժարանն ինքնակամ լքելու համար այլընտրանքային ծառայողների նկատմամբ քրեական գործ հարուցվեց` զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով, քանի որ Հայաստանի Քրեական օրենսգրքով այլընտրանքային ծառայության վայրն ինքնակամ լքելու համար պատիժ սահմանված չէր:
2005 թվականի օգոստոսի 30-ին նրանց կալանավորեցին: Դատարանը նրանց դատապարտեց 3 տարվա ազատազրկման, սակայն գլխավոր դատախազությունը քրեական գործը կարճելու որոշում կայացրեց ու նամակով իրազեկեց, որ երիտասարդները կարող են իրենց իրավունքների խախտման համար անհրաժեշտ փոխհատուցում պահանջել և ստանալ իրենց զինվորական գրքույկները:
Հայաստանի դատարաններում փոխհատուցման հայցերը մերժվելուց հետո 2006 թվականի մարտի 31-ին Հայկ Խաչատրյանն ու մյուսները դիմեցին ՄԻԵԴ: 2012 թվականի նոյեմբերի 27-ին ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ կայացրեց:
Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այս գործերի վերաբերյալ «Մեդիալաբին» պարզաբանում է, որ Եվրոպական դատարանի վճիռը չի առնչվում խղճի, դավանանքի իրավունքի խախտմանը:
«Եվրոպական դատարանը որոշեց, որ խախտվել էր այդ մարդկանց ազատության իրավունքը: Մեր Քրեական օրենսգրքով նախատեսված չէր այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու մասին հոդված, Քրեական օրենսգրքում կար զինվորական ծառայությունից խուսափելու հոդված: Նրանց մեղադրանք էր առաջադրվել, և նրանք կալանավորվել էին այդ հոդվածով»,- ասում է նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ մտահոգիչ է, երբ պետությունը նման պարտություն է կրում ՄԻԵԴ-ում:
Մինչդեռ, ըստ Արթուր Սաքունցի` «Եհովայի վկաները» դատապարտվեցին ազատազրկման, քանի որ հրաժարվել էին այլընտրանքային ծառայությունից՝ հիմնավորելով, որ այն իրական բովանդակությամբ չի հանդիսանում քաղաքացիական ծառայություն:
«Ոչ թե զինվորական ծառայությունից խուսափելու ձևակերպումը պետք է այստեղ կիրառել, այլ պետք է հստակ ասել, որ պետությունը խախտել է խղճի, դավանանքի համոզմունքներից ելնելով մարդու այլընտրանքային ծառայություն անցնելու իրավունքը: Պետությունը մարդու իրավունքը չի ապահովել, իր պարտավորությունը քաղաքացու առջև չի կատարել, բայց դրա դիմաց քաղաքացուն է պատժել»,- նշում է իրավապաշտպանը:
Սակայն ի տարբերություն իրավապաշտպանների, «Քայքայիչ պաշտամունքից տուժածների և օգնության վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանի խոսքով` «Եհովայի վկաներին ձեռնտու է Հայաստանում ծեծված լինելը». «Նրանք ուղղորդված ճնշված ու հալածված են ձևանում և այդպիսով կարողանում են մի շարք խնդիրներ լուծել՝ ֆինանսական, կրթության, քաղաքական ապաստանի և այլն»:
Նրա բնորոշմամբ` «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» կայացրած վճռով ՄԻԵԴ-ը գնահատել է ոչ թե կրոնական կազմակերպության կամ Եհովայի վկաներին պատասխանատվության ենթարկելու, այլ մարդու իրավունքների անձեռնմխելիության հարցը: Ամարյանն այն կարծիքին է, որ Հայաստանի դեմ կայացված այս վճիռը Հայաստանի դատական համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանք է:
ՄԻԵԴ-ը ընդդեմ Հայաստանի վճիռներ է կայացրել նաև այն գործերով, երբ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի բացակայության պայմաններում կրոնական համոզմունքներով պայմանավորված երիտասարդները խուսափել են զինվորական ծառայությունից, բայց պատրաստակամություն հայտնել այլընտրանքային ծառայություն անցնելու, օրինակ, «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որով Հայաստանը պետք է վճարեր 20 հազար եվրո: «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Վահան Բայաթյանի նկատմամբ հետապնդումն ու դատապարտումը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ պաշտոնապես պարտավորություն են ստանձնել Եվրոպայի խորհրդի առջև` անդամակցությունից հետո որոշակի ժամկետում ընդունել այլընտրանքային ծառայության մասին օրենք:
Ընդդեմ Հայաստանի երկու նմանօրինակ վճիռ էլ կայացվել՝ «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» և «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» գործերով: Ընդհանուր առմամբ ՄԻԵԴ-ը «Եհովայի վկաների» ծառայության հետ կապված չորս գործով ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել, ևս 23 գործ գտնվում է Եվրադատարանում:
Ներկայումս Ազգային ժողովում քննարկման փուլում է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվել է: Ըստ Սաքունցի` նախագիծը վերստին խոցելի կողմեր ունի.
«Մարդը կարող է զինվորական ծառայության ընթացքում համոզմունքներից ելնելով՝ գտնի, որ չպետք է շարունակի զինվորական ծառայությունը: Նա պետք է դիմելու և զինվորական ծառայությունից այլընտրանքային ծառայության անցնելու հնարավորություն ունենա: Այսինքն՝ դարձյալ օրենքի մակարդակով խախտվում է մարդու իրավունքը»:
Իրավապաշտպանն արձանագրում է, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի հեղինակները գործում են ոչ թե մարդու իրավունքների ապահովման տրամաբանությամբ, այլ` զուտ Եվրոպական դատարանում չպարտվելու:
«Ծառայության ընթացքում ամենաանտանելի պայմաններին անգամ դիմացել եմ: Հիշում եմ` մի անգամ վատառողջ տարեցներից մեկը, ում խնամում էի, միզել էր տակը, ինձ ստիպեցին նրա ներքնաշորերը փոխել: Քանի որ դա ծառայության մեջ մտնող աշխատանք էր համարվում, կատարեցի»,- հիշում է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Ստեփան Գաբրիելյանը (անուն ազգանունը փոխված է), ով այլընտրանքային ծառայություն է անցել տարեցների համար նախատեսված տուն-ինտերնատներից մեկում:
«Բայց ծառայության վայրը լքեցի այն դեպքում, երբ հասկացա, որ այլընտրանքային ծառայությունն իրականում վերահսկվում է զինվորական ծառայողների կողմից, ինչը խախտում էր իմ մտքի, խղճի, կրոնի ազատությունը»,- հավելում է նա:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ներկայումս զինվորական ծառայությունից հրաժարվելու համար պատիժ են կրում ավելի քան երեք տասնյակ Եհովայի վկա: ՄԻԵԴ-ում գտնվող Հայաստանի 23 գործերի հայցատուների թվում են նաև ազատազրկման վայրերում գտնվող Եհովայի վկաները:
ԱՄՆ պետքարտուղարությունը 2012 թվականի Կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցի` Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձել է հատկապես «Եհովայի վկաների» խնդիրներին՝ նշելով, որ 2012 թվականին Հայաստանում կրոնական կազմակերպություններն իրենց գործունեությունը սահմանափակող իրավական խոչընդոտների չեն բախվել, բացառությամբ «Եհովայի վկաների», որոնց 31 անդամները բանտում են մնացել, քանի որ հրաժարվել են զինվորական և այլընտրանքային ծառայություններից:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն` յուրաքանչյուր քաղաքացի համապատասխան կարգով պետք է ծառայի իր հայրենիքին:
«Մնացածը սուբյեկտիվ մեկնաբանություններ են»,- «Մեդիալաբին» ասում է Հովհաննիսյանը:
Աղբյուրը՝ http://medialab.am/news/id/4212