Չկեղտոտելու վերաբերյալ նկատողությունը զինծառայողների միջեւ դարձել է ծեծկռտուքի պատճառ
10:31, March 18, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՆախ դիտողություն, ապա ապտակ, որին էլ հաջորդել է բռունցքներով պատասխան: Զինծառայողների միջեւ անհանդուրժողականության հերթական դրսեւորումն է գրանցվել զինված ուժերում։ Ըստ գործի նյութերի՝ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Աշոտը 2014թ. հունվարի 16-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, հանդիսանալով 3-րդ վաշտի օրապահ, միջանցքի մեջտեղով չքայլելու և միջանցքը չկեղտոտելու կապակցությամբ զորամասի առաջին ուսումնական մոտոհրաձգային գումարտակի 3-րդ վաշտի 3-րդ դասակի ննջասենյակում վիճաբանել է շարքային Մասիսի հետ և մեկ անգամ ապտակել նրան` անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:
Շարքային Մասիսն էլ ապտակն անպատասխան չի թողել եւ մի քանի անգամ բռունցքով հարվածել է նրա գլխին և դեմքին: Աշոտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Մասիսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Աղբյուրը՝ http://pastinfo.am/hy/node/35980