Չհայտարարված մահվան դեպք բանակում
10:56, May 27, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԶինծառայող Հայկ Կալեյանի մահվան դեպքի նախաքննության ավարտից հետո նրա ընտանիքին հնարավորություն չի տրվել ծանոթանալ քրեական գործի նյութերին, նրանց չի տրամադրվել քրեական գործի պատճենը, ինչը նախաքննական մարմնի` գործը վարող քննիչի պարտականությունն է:
Հենց այս պառճառաբանությամբ էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կալեյանի մահվան գործով մայիսի 24-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց իրավապաշտպան Արթուր Սաքունցի միջնորդությամբ`քրեական գործի նյութերին ծանոթանալու և պատշաճ պաշտպանություն իրականացնելու նպատակով:
Չնայած սոցիալական ոչ բարվոք պայմաններին` Հայկի մայրը` Նվարդ Պետրոսյանը փորձել է փաստաբան ներգրավվել գործում որդու մահվան պատճառներն իմանալու, սակայն քննիչը նրան համոզել է, որ փաստաբանը հենց ինքն է և մայրը հավատացել է` հրաժարվելով իրական փաստաբանից: Դատական նիստից օրեր առաջ միայն մայրը տեղեկացավ, որ իրեն խաբել են: Նրանց շահերն այժմ դատարանում կներկայացնի Արթուր Սաքունցը:
Հայկ Կալեյանը բանակ էր զորակոչվել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից և հասցրեց ծառայել ընդամենը 74 օր: Նախաքննության ավարտից հետո գործը դատարան է ուղարկվել “ինքնասպանության” վարկածով: Ըստ պաշտոնական վարկածի զինծառայողն իրեն ամրակցված գնդացրից որովայնի շրջանում 3 կրակոց է արձակել, ինչի արդյունքում մահացել է:
Ծնողները չեն հավատում առաջ քաշած վարկածին:
Ի դեպ, մահվան այս դեպքը, որը տեղի է ունեցել 2012-ի սեպտեմբերի 6-ին տեղ չի գտել ՊՆ-ի կողմից արվող պաշտոնական հաղորդագրությունների մեջ:
“Մենք մնացինք մեր սգի հետ, մեր դուռը բացող չեղավ”, ասում էր մայրը:
Աղբյուրը՝ http://jfhr.am/?ln=1&id_=10&page_id=74