Չհաջողվեց ճշտել դեպքի մանրամասները
15:54, June 3, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱյսօր արդեն երկրորդ անգամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն այցելեցին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին հրազենային վնասվածքի հետևանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի բնակարան:
Բակում հավաքված էին տասնյակ բարձրաստիճան զինվորականներ և կուրսանտներ, Վանաձոր քաղաքի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը:
Երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները փորձեցին զրուցել Սիփանի մորեղբոր հետ և ճշտել որոշ մանրամասներ Սիփանի մահվան դեպքի կապակցությամբ, հավաքվածներից մեկը՝ ներկայանալով որպես ընտանիքի բարեկամ, փորձեց ճշտել թե ինչով կարող է օգնել:
Այն հարցին, թե ինչ կարող է ներկայացնել դեպքի մասին, պատասխանեց, որ իրենք հիմա մտածում են միայն կազմակերպչական և հուղարկավորության հարցերի վերաբերյալ:
Ի դեպ, գրասենյակի աշխատակիցներին մշտապես հետևում էր ոչ միայն վերոնշյալ անձը, այլև հավաքվածներից ոմանք, որոնք փորձում էին հսկել յուրաքանչյուր քայլը:
Մոտ կես ժամ բազմաթիվ անձանց «հսկողության» տակ գտնվելուց հետո, կազմակերպության աշխատակիցները մոտեցան հարևաններից մեկին, որը տուն մտնելու ճանապարհին էր, և փորձեցին վերստին ճշտել որոշ մանրամասներ: Վայրկյաններ անց, հավանաբար Սիփանի համակուրսեցիները, ովքեր նույն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ էին, շրջապատեցին կնոջը և փորձեցին դադարեցնել խոսակցությունը գրասենյակի աշխատակիցների հետ՝ հիմնավորելով, որ հարմար վայրը և ժամանակը չէ զրույցի համար:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր ցավակցությունն է հայտնում Սիփան Մովսիսյանի ընտանիքին և կիսում նրանց վիշտը: