Չսահմանափակենք անձի հնարավորությունները
10:47, December 3, 2012 | ՀայտարարություններԱյսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, այն հռչակվել է 1992 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից:
Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին վարվերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան: Կոնվենցիան կոչված է աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:
Հաշմանդամությունը այսօր ընդհանրական պիտակ է, որը սահմանափակում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, խոչընդոտում հասարակական կյանքում նրանց լիարժեք ներգրավմանը: Մինչդեռ, յուրաքանչյուր անձի մեջ պետք է տեսնել և գնահատել իր ունակությունները և կարողությունները:
Յուրաքանչյուր անձ հավասար է օրենքի առջև. հաշմանդամություն ունեցող անձինք ունեն այլ անձանց հետ հավասար իրավունքներ և պետք է անընդունելի դառնա նրանց իրավունքների սահմանափակումները, իսկ պետությունը պետք է ապահովի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրակացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները:
Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ոլորտում առկա բազմաթիվ մարտահրավերների առաջ: Բավարար է միայն խոսել այն մասին, որ 2010 թվականի հունվարի 1-ից մինչև 2012 թվականի հունիս ամիսը երկրում անգործունակ է ճանաչվել 447 քաղաքացի, ինչը նշանակում է, որ 447 քաղաքացու օրենքով ամբողջովին և կարելի է ասել մշտապես զրկել են իր հիմնարար իրավունքներից /աշխատանքի, ընտանեկան, ընտրելու և այլ իրավունքներ/ և դա այն դեպքում, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները դարձել են ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը 2010 թվականի սեպտեմբերի 22-ից:
Պետությունը շարունակում է իր սահմանափակող մոտեցումը և չի ապահովում ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված իրավունքների լիարժեք իրականացումը:
Գտնում ենք, որ անհրաժեշտ է վերանայել այս անձանց իրավունքների կարգավորման բնագավառում պետական քաղաքականությունը: