Պաշտոնյաներին դատի տալու ժամանակն է
10:17, May 20, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԻրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց, որ այժմ զինված ուժերում անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ:
Նախ` նա ասաց, որ զորամասերի ուսումնասիրությունները, զեկույցները պիտի լինեն թափանցիկ, չի կարելի անվտանգության նկատառումներից ելնելով՝ ինչ-որ բան ծածուկ պահել, որովհետև այժմյան իրավիճակը վտանգավոր է բանակի համար: Ըստ Սաքունցի՝ հատկապես վերջին երեք-չորս տարիների ընթացքում են բանակի խնդիրները խրոնիկ արտացոլվում: Մեր զրուցակցի կարծիքով՝ արմատական փոփոխություն է պետք կատարել զորակոչում. «Զորակոչի կազմակերպումը պետք է զինվորական հսկողությունից հանվի և տրվի որևէ քաղաքացիական ծառայության: Պետք է ստեղծվի այնպիսի մի կառույց, որը ՊՆ-ին չենթարկվի»:
Հաջորդ բարեփոխումը, ըստ Ա. Սաքունցի, պետք է լինի ռազմական օմբուդսմենի առկայությունը, որը կներկայացնի զինված ուժերը և կհետևի, թե որքանով են բանակում պահպանվում մարդու իրավունքները. «Դրա համար պետք է համապատասխան քաղաքական կամք: Այդպիսի կամք ունի՞ արդյոք իշխանությունը, ես խորը կասկածներ ունեմ, բայց որ Պնախարարը և գլխավոր շտաբի պետը առնվազն պիտի անհապաղ հեռացվեն՝ սա միանշանակ է»:
Ա. Սաքունցը համոզված է, որ իր նշած բարեփոխումներն արդյունք կտան, եթե դրանք ևս լինեն թափանցիկ, մինչև որոշում ընդունելը քննարկումներ կազմակերպվեն, իսկ այդ թափանցիկ քննարկումներին հակված չեն Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը. «Մենք ունենք Մարտի 1-ի հանցագործություն, երբ զինված ուժերը հանվեցին և օգտագործվեցին քաղաքացիների դեմ: Այդ հանցագործությունների մեջ ներգրավված մարդիկ, որոնց թվում էր նաև Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, գնահատական չտվեցին քաղաքական գործընթացներին զինված ուժերի մասնակցությանը: Դրա համար էլ մենք ունենում ենք այսպիսի իրավիճակ, երբ խնդիրների լուծման միակ միջոցն այդ խնդիրները թաքցնելն է: Բայց այս վիճակը կազմաքանդում է զինվորական կառույցը»:
Մեր զրուցակիցն ասաց նաև, որ արդեն ժամանակն է, որ բանակում տարբեր տարիների խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դատի տան պաշտոնատար անձանց այն մեղադրանքով, որ պաշտոնական անգործության են մատնված: